ՀասարակությունՄշակույթ

«Ազգային երգ ու պար» առարկան դասավանդելիս շեշտը պետք է դրվի ազգային ինքնագիտակցության բարձրացման և ինքնաճանաչողության վրա

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ինչպես հայտնի է, հանրապետության մի շարք դպրոցներում այս տարի կներդրվի «Ազգային երգ ու պար» առարկան, որը փորձնական եղանակով կդասավանդվի դպրոցների նախօրոք ընտրված 10 դպրոցների 5-րդ դասարանի աշակերտներին: Նախաձեռնության հեղինակները համոզված են, որ ազգային երգ ու պարի շնորհիվ աճող սերունդը կստանա հայրենասիրական դաստիարակություն, ավելի լուրջ և խորը ընկալում կցուցաբերի ազգային արժեքների հանդեպ: Հոգեբան Լաուրա Ավետիսյանը եւս համաձայն է այս տեսակետին՝ նշելով, որ «Ազգային երգ ու պար» առարկայի մուտքը դպրոց հրաշալի է, եթե, իհարկե, շեշտը դրվելու է ազգային ինքնագիտակցության բարձրացման և ինքնաճանաչողության վրա»:

Ըստ հոգեբանի՝ առարկայի միջոցով երեխային պետք է փոխանցել որոշակի տեղեկություններ՝ ովքեր են իր նախնիները, ինչ հագուստ են կրել, ինչ երգեր են երգել ու ինչպիսի պարեր են կատարել: Այս ամենը հոգեբանական հիմք են ստեղծում, որպեսզի անհատն իրեն զգա որպես ընդհանուրի մի մասը: Ի՞նչ է սա, եթե ոչ ազգային ինքնագիտակցության բարձրացում, ասում է։

Նոր առարկան դասավանդող մասնագետների մանկավարժական կրթությունը հոգեբանը խիստ կարևորում է, որովհետև ինչպես յուրաքանչյուր առարկայի, այնպես էլ ազգային երգ ու պարի հանդեպ ուսուցիչը պիտի կարողանա նախ սեր և հետաքրքրություն առաջացնել երեխայի մեջ: ժամանակակից տեղեկատվական հեղեղի մեջ նոր սերունդը, ըստ հոգեբանի, այսօր իսկապես կողմնորոշման լուրջ խնդիր ունի։

Ցուցադրել ավելի
Back to top button