Տնտեսական

«Yerevan Show 2014»- ը՝ հոկտեմբերի 25-28-ը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախաձեռնությամբ իրականացվող «Yerevan Show 2014»  ոսկերչական 4-րդ ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 25-28-ը Երևանում: Ոսկերչության, ադամանդագործության և ժամագործության ոլորտներում հեղինակություն վայելող 150 մասնակիցներ մոտ երեսուն երկրներից իրենց արտադրանքն առաջին անգամ կներկայացնեն  ոսկերչաչական ազատ տնտեսական գոտու տարածքին կից գործող «Մերիդիան» էքսպո նորաբաց ցուցահանդեսային կենտրոնում:

Արդյունաբերության զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ հայ ոսկերիչների ասոցիացիան արդեն երկրորդ տարին է ֆինանսական աջակցություն է տրամադրում տեղական ոսկերչական ոլորտի ընկերություններին ցուցահանդեսին մասնակցելու համար: Ըստ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանի՝ ֆինասավորումն իրականացվում է 50-50 սկզբունքով:

Ասոցիացիայի փոխնախագահ Բերջ Աբաջյանի համոզմամբ՝ «Yerevan Show»- ն լավ հնարավորություն է տարբեր երկրներից ցուցահանդեսին հրավիրված շուրջ 200 գնորդներին ներկայացնելու հայկական ոսկերչական արտադրանքը։

Ցուցահանդեսը պատշաճ կազմակերպելու նպատակով շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչներից ձևավորվել է միջգերատեսչական խումբ, որի աշխատանքները համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Ցուցահանդեսի շրջանակում հոկտեմբերի 27-ին կկազմակերպվի նաև համաժողով՝ «Հայաստանը ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն» խորագրով: Վերջում հավելենք, որ Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ հոկտեմբերի վերջին կիրակի օրը պետականորեն նշվում է որպես Ոսկերչի օր։ «Yerevan Show» ոսկերչական ցուցահանդեսն ավանդաբար անցկացվում է տոնի շրջանակներում:

Ցուցադրել ավելի
Back to top button