Հասարակություն

Սահմանամերձ գոտու առաջինկուրսեցիների համար 30% զեղչ կկիրառվի

Այս ուսումնական տարվանից նախատեսվում է սահմանամերձ գոտուց եկած առաջին կուրսի ուսանողների համար կիրառել մինչև 30 տոկոս ուսման վարձի զեղչ, իսկ արդեն 2-րդ կուրսից սկսած զեղչը կպահպանվի, եթե տվյալ ուսանողը կապահովի բուհերի կողմից սահմանված միջին որակակական գնահատականի՝ ՄՈԳ-ի շեմը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ բուհերի ռեկտորների աշխատանքային հանդիպման ժամանակ հայտնի է դարձել, որ կառավարության առաջարկությամբ և ՀՀ վարչապետի հանձնարարությամբ այժմ մշակվում է նաև սոցաիալական աջակցության ծրագիր՝ վերջին շրջանում գնդակոծության ենթարկված սահմանամերձ համայնքների ուսանողների համար:

Ընդգծելով, որ կառավարության ծրագրով այս տարի նախատեսվում է աջակցել մինչև 1500 սոցիալապես անապահով ուսանողների՝ նախարարը նշել է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները մինչև սույն թվականի սեպտեմբերի 17-ը ՀՀ կրթության և գիտության նախարարություն պետք է ներկայացնեն պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման նպատակով ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ուսանողների անվանացանկը:

Բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ այս ուսումնական տարվանից սկսած բարձրագույն ուսումնական հաստատությունները պարտավոր են ուսանողներից հավաքագրված վարձավաճարների առնվազն 7 տոկոսը, իբրև սոցիալական աջակցություն վերադարձնել ուսանողներին՝ հատկացնելով համապատասխան ծավալի ուսման վարձի զեղչեր։ Նախարար Ա. Աշոտյանը դիմելով ռեկտորներին կոչ է արել բուհական բյուջեները պլանավորելիս օրենքի այս պահանջը անպայման նկատի ունենալ և ապահովել պետության կրթական քաղաքականության իրագործումը:

Արմեն Աշոտյանը բուհերի ղեկավարներին առաջարկել է, ինչպես նախորդ երկու տարիներին, այս տարի ևս սիրիահայ ուսանողների համար բուհերում ուսման վարձը հավասարեցնել ՀՀ քաղաքացիների համար նախատեսված չափերին:
Նախարարը ռեկտորների ուշադրությունը հրավիրել է նաև 2015 թվականին Երանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին՝ կոչ անելով բուհերին ակտիվություն ցուցաբերել:

Back to top button