ԿարևորՔաղաքական

Կալիֆորնիայի Սենատի որոշման հետեւանքները՝ ըստ քաղաքական գործիչների ու քաղաքագետների

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Սենատը երեկ հետեւելով նահանգային խորհրդարանի օրինակին՝ վավերացրել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR-32 բանաձեւը եւ ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես ազատ եւ անկախ պետություն: Սա արդեն ԱՄՆ 5-րդ նահանգն է, որն ընդունում է նմանատիպ բանաձեւ: Կալիֆորնիայի Սենատը նաեւ դիմել է ԱՄՆ Կոնգրեսին եւ նախագահին` կոչ անելով նպաստել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը եւ նրա ժողովրդավարական իղձեւրի իրականացման ջանքերին:

ԱՄՆ Կալիֆորնաիայի նախահանգի Սենատի կողմից ընդունված բանաձեւը` Լեռնային Ղարաբաղը որպես ազատ եւ անկախ պետություն ճանաչելու մասին, կունենա շատ կարեւոր եւ իրավական, եւ քաղաքական, եւ բարոյական հետեւանքներ։ «Բնական է, որ դա կունենա իր հետեւանքները: Սա քաղաքական մի կարեւոր որոշում է: Սա արժեւորում է Արցախի անցած ուղին, արժեւորում է, որ Արցախում պետականաշինության գործընթացը ընթանում է քաղաքակիրթ, ժողովրդավարական նորմերին եւ սկզբունքներին համահունչ: Եթե այդպես չլիներ, ծայրահեղական, աննորմալ պետությանը ոչ մեկը չի ուզենա ճանաչել: Սա նաեւ մեսիջ է Ադրբեջանին, որ երբեք քաղաքակիրթ աշխարհը չի ընդունելու նացիստական, ֆեոդալական սկզբունքներով առաջնորդվող պետության նկրտումները ժողովրդավարական պետության նկատմամբ, ն:րա փորձերը գրավել, ոչնչացնել այդ պետությունը: Սա նույնպես շատ կարեւոր է»,- ասում է «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

Ի դեպ` Կալիֆորնիայի նահանգի Սենատի քայլը արցախցիները որպես անգնահատելի նվեր ընդունեցին` մատուցված սեպտեմբերի 2-ին նշվող Արցախի Հանրապետության հիմնադրման 23-րդ տարեդարձի նախօրեին: Կալիֆորնիայի այս քայլը Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղարը համարժեք է համարում, որ հզոր պետություն ճանաչեր Արցախի անկախությունը: Ասածը հիմնավորում է, որ Կալիֆորնիան բնակչությամբ եւ տնտեսությամբ ամենահզոր կազմավորումն է Միացյալ Նահանգներում, իսկ ընդհանրապես աշխարհի առաջատար 7 տնտեսությունների շարքին է պատկանում։

Կալիֆորնիայի Սենատի քայլում հստակ մեսիջներ եւ նպատակներ չի տեսնում «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` ամենեւին չնվազեցնելով իրադարձության կարեւորության նշանակությունը: Պարզապես դա ընդունված իրավական գործընթաց է, որն ավարտվել է այս պահին, ասում է քաղաքագետը։ «Ես կարծում եմ, որ մենք այս պահին առաջին հերթին պետք է խոսենք քաղաքական հնարավորությունների մասին, որովհետեւ եթե ԱՄն ամենախոշոր նահանգը, որը բնակչությամբ եւ տնտեսական իր ներուժով ավելի մեծ է, քան շատ եւ շատ խոշոր եվրոպական երկրներ, այդ առումով հասկանալի է, որ քաղաքական նշանակությունը այս իրադարձության կարեւոր է: Իսկ արդյո՞ք դա ուշ, թե շուտ ինչ- որ մի ձեւով իրավական հարթակ կմտնի։ Կարծում եմ՝ դեռ մի քիչ շուտ է խոսել»։

Կալիֆորնաիայի նախահանգի Սենատի ընդունած բանաձեւն այսօր կարեւորել է նաեւ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։ «Չափազանց կարեւոր է, որովհետեւ ամեն անգամ նմանատիպ բանաձեւերով ֆիքսվում է Արցախի սուբյեկտությունը»,- ասում է։

Արդյո՞ք այս ֆոնին կրկին արդիական է դառնում նաեւ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը, որը ԱԺ-ում անընդհատ բարձրացնում է «Ժառանգություն» խմբակցությունը: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի ներկայացմամբ` այս հարցերը չեն փոխկապակցվում։ «Դա մի քիչ այլ խնդիր է, որովհետեւ հայկական կողմի մոտեցումներով այն հանգամանքը, որ Հայաստանը դեռ չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, հանդիսանում է Հայաստանի կողմից որոշ ձեւով փոխզիջում` ակնկալիքներով, որ վերջնական կարգավորումը կգտնվի բանակցությունների միջոցով եւ այդ թվում նաեւ Ադրբեջանը իր համաձայնությունը կտա ԼՂ վերջնական անկախ կարգավիճակին»,- ասում է։

 

Ցուցադրել ավելի
Back to top button