ԿարևորՀասարակություն

Ըստ Բախշյանի՝ անկախությունից հետո երեխաների համար միակ խելացի և երեխաների շահերից բխող քայլը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ներառական կրթությունը դրսից բերված գաղափարախոսություն չէ` ի տարբերություն այն բարեփոխումների, որոնք վերջին տարիներին կատարվել են կրթական համակարգում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիստ Բախշյանը: Ներառական կրթությունը, ըստ նրա, մեր պատմության մեջ հայտնի է տարբեր ժամանակաշրջաններում։ Բախշյանի չի կարծում, որ կան չսովորող երեխաներ։ Ուսուցիչը պետք է գտնի մատուցման ձեւը, հասկանա երեխայի ներաշխարհը։ «Եթե մանուկը չի հասկնար ձեր դասավանդությունը, ապա հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին։ Պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել»,- Կոմիտասի խոսքերն է հիշել Բախշյանը։

Նա ուսումնասիրություններից է պարզել, որ ամենահետամնաց երեխան էլ սովորող է: Կոմիտասից մեջբերումները ներառական կրթության գաղափարախոսությունն է, ասում է: Աժ-ում այժմ քննարկման է դրված հանրակրթության մասին օրենքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի Հայաստանում կրթության ոլորտը համընդհանուր ներառական կդառնա։ Այսինքն` ֆիզիկական եւ մտավոր սահմանափակ կարողություններով երեխաները կկարողանան կրթություն ստանալ հանրապետության բոլոր 1450 դպրոցներում, ինչպես այժմ՝ Տավուշի մարզի բոլոր 77 դպրոցներում։

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը այս օրենքի մշակումը համարում է անկախության տարիների միակ խելացի և երեխաների շահերից բխող քայլ: Իսկ այս համակարգին անցնելու համար արվում են քայլեր: Մանկավարժական համալսարանի բոլոր ֆակուլտետներում արդեն ներառական կրթության դասընթացները պարտադիր են:

Կրթության առանձին պայմանների կարիք ունեցող երեխաների համար դպրոցները հատուկ պայմաններով ապահովելը դժվար գործ է, չի հերքում Անահիտ Բախշյանը և նշում, սակայն պետք են փոփոխություններ: Վերջերս կրթության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասել էր, որ այս տարի ոլորտի կարևոր խնդիրները լուծված են: Սեպտեմբերի մեկին առաջին դասարանցիներին կընդունեն հնարավորինս բարեկարգ շենքերում և, ամենակարևորը, լուծված է ջեռուցման հարցը:

Սակայն Անահիտ Բախշյանը հակադարձեց՝ ներկայացնելով այն ցուցակը, որտեղ կան ջեռուցման համակարգ չունեցող դպրոցները: Այս տեղեկատվությունը կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենն անձամբ է պարզել դպրոցի ուսուցիչներից: Իսկ Տավուշի մարզում էլ թեեւ գրեթե բոլոր դպրոցներն ունեն ջեռուցման համակարգ, այնտեղ էլ չեն կարողանում մուծել գազի գումարը, եզրափակեց Անահիտ Բախշյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button