Միջազգային

Էրդողանն ստանձնեց նախագահի պաշտոնը

Ռեջեփ Թաիպ Էրդողանն այսօր պաշտոնապես ստանձնեց Թուրքիայի նախագահի պաշտոնը։ Երդմնակալության արարողությանը մասնակցում էին մի քանի պետությունների ղեկավարներ, սակայն, ինչպես հաղորդում է Բի Բի Սի- ն, Արեւմուտքը արարողությանն ուղարկել էր ավելի ցածր մակարդակի քաղաքական գործիչներ։

Բի Բի Սի- ի թղթակիցը նշում է, որ ԱՄՆ եւ ԵՄ նախագահաների ու վարչապետների բացակայությունը վերջին տարիներին Արեւմուտքի եւ Անկարային միջեւ հարաբերությունների սառեցման վկայությունն է։

Երդմնակալության արարողությունից անմիջապես հետո Էրդողանը Ահմեդ Դավութօղլուին նշանակեց Թուրքիայի վարչապետ։ Երկրի հիմնական ընդդիմադիր կուսակցության պատգամավորները դուրս եկան դահլիճից՝ երդմնակալությունից վայրկյաններ առաջ, հայտնում է «Ռոյթերը»։ Ընդդիմությունը բոյկոտեց արարողությունը՝ Էրդողանին մեղադրելով Սահմանադրությունը խախտելու մեջ, քանի որ ընտրվելուց հետո շարունակել է վարչապետի պարտականությունները կատարել։

Էրդողանը Թուրքիայի պատմության մեջ առաջին նախագահն է, որն ընտրվում է ուղղակի ընտրություններով։ Մինչ այդ՝ պետության ղեկավարին նշանակում էր խորհրդարանը։

 

Back to top button