Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը ճիշտ է. թուրքագետը ԱԳ նախարարի Անկարա մեկնելու մասին


Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Առաջին անգամ Թուրքիան նախագահի երդմնակալության արարողությանը հրավիրել է Հայաստանին: Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանը մասնակցել է արտգործնախարարի մակարդակով: Այս փաստի մասին է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Նրա գնահատմամբ` դա նման երդմնակալության արարողությունների դեպքում ամենացածր մակարդակն է: Թուրքագետի խոսքով՝ եթե Հայաստանը մասնակցեր նախագահի մակարդակով, ապա դա կլիներ անընդունելի եւ խիստ քննադատելի:
Թուրքիայի նախագահի երդմնակալությանը մասնակցում է մոտ 75 երկրի ներկայացուցիչ: 14-ը` նախագահի մակարդակով, որոշ մասը` վարչապետի, մյուս մասնը` արտգործնախարարների։ Ոմանք պնդում են, որ Հայաստանը կարող էր ավելի ցածր մակարդակով մասնակցել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը: Թուրքագետի դիտարկմամբ՝ նման միջոցառումներում, սովորաբար, մասնակիցները միմյանց հետ հանդիպելու, ոտքի հետ զրուցելու հնարավորություն են ունենում:
Հետեւաբար, եթե Հայաստանն ավելի ցածր մակարդակով մասնակցեր դրան, ապա հայկական պատվիրակությունը կմեկուսանար։ «Օրինակ՝ Ֆրանսիայի արտգործնախարարը չէր գա Հայաստանի փոխարտգործնախարարի հետ զրուցելու»։
ԱՄՆ-ն եւ Գերմանիան Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցում են ավելի ցածր մակարդակներով` օրինակ՝ պետքարտուղարության օգնականի մակարդակով: Հակոբ Չաքրյանի կարծիքով` ԱՄՆ-ի եւ Գերմանիայի նման քայլի պատճառը Էրդողանի իսլամամետ հայացքներն են: Թուրքագետի գնահատմամբ, սակայն, այն, ինչ իրենց թույլ են տալիս գերտերությունները, Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ։ «Ես կարծում եմ` Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը, այնուամենայնիվ, ճիշտ է: Հրաժարվելը պիտի լինի ի նշան բողոքի: Հենց այնպես՝ սուսուփուս հրաժարվելը կնշանակեր` Էրդողանի հայտնի հայտարարությունից խռովել, իսկ քաղաքականության մեջ առհասարակ չեն խռովումե»,- ասում է Չաքրյանը։
Բանախոսը նաեւ նկատեց, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն Թուրքիայի վրա ճնշումներ են գործադրում` Հայաստանի հետ հարաբերություններից հրաժարվելու համար եւ եթե Հայաստանը չմասնակցեր նախագահի երդմնակալությանը, ապա դրանով Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հնարավորությունները կսահմանափակեր։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Թուրքիայի նախագահի մասնակցության հավանականությանը վերաբերող հարցին` Հակոբ Չաքրյանը նկատեց, որ դա անհավանական է, քանի որ նման քայլ կատարելու դեպքում Թուրքիան նախ պետք է իր ժխտողականությունից հրաժարվի, իսկ Թուրքիայի խորհրդարանն էլ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որից հետո արդեն նախագահի մակարդակով գրավոր ներողություն խնդրի։ «Քանի որ Թուրքիան դեռ մտադրություն չունի ժխտողականությունից հրաժարվելու, հետեւաբար` Թուրքիայի նախագահները Հայաստան ապրիլի 24-ին չեն գա»։
Թուրքագետը կարծում է, որ մեզ նախեւառաջ հետաքրքրում է, որ Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ն ճանաչի, քանի որ այդ դեպքում ԱՄՆ-ն, որպես լիարժեք գերտերություն, ստանում է նաեւ ցեղասպանության հետեւանքների վերացման պատասխանատվությունը: Հակոբ Չաքրյանի խոսքով` թուրք-հայկական հարաբերություններում կողմնորոշվելու հարցում ներկայումս Թուրքիան սպասում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ, թուրքագետի ձեւակերպմամբ, ելնելով արդյունքներից՝ նա կկողմնորոշվի։