Հասարակություն

Սեպտեմբերի 1- ից Վրաստանում 90 օրից ավելի մնալու համար պետք է վիզա ունենալ

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի

Վրաստան ԱԳՆ- ն հրապարակել է այն երկրների ցանկը, որոնց հետ պահպանելու է առանց վիզայի ռեժիմը: Հայաստանը այդ երկրների ցանկում է: Վերջերս ընդունված «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքն ուժի մեջ է մտնում սեպտեմբերի մեկից: Համաձայն օրենքի՝ Վրաստան այցելելու համար վիզա պետք է ունենան բոլոր այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր Վրաստանում պատրաստվում են մնալ երկար:

Վրաստանը Հայաստանի հետ պահպանում է առանց վիզայի ռեժիմը, սակայն նոր օրենքի համաձայն՝ որոշ փոփոխություններ վերաբերում են նաև Հայաստանի քաղաքացիներին: Վերջիններս կարող են նախկինի նման առանց մուտքի արտոնագրի Վրաստան այցելել` մնալով այստեղ 90 օր 180 օրվա ընթացքում: Սա հիմնականում վերաբերում է նրանց, ովքեր հարևան երկիր են այցելում հանգստանալու նպատակով կամ որպես հյուր:

Սակայն, ինչպես Վրաստանի ԱԳՆ հյուպատոսական վարչության ղեկավար Գերոգի Տաբատաձեն փոխանցեց «Ռադիլուրին», նրանք, ովքեր Վրաստան են այցելում կրթության, աշխատելու կամ ընտանիքին (որը ապրում է այստեղ ) միանալու նպատակով, ապա պետք է դիմեն իրենց երկրում գտնվող Վրաստանի դեսպանություն՝ վիզա ստանալու համար, որի հիման վրա այնուհետև կարող են ստանալ Վրաստանում կեցության իրավունք։

Երկարատև այցերի համար ստացած վիզան հիմք է ծառայելու օտարերկրյա քաղաքացու համար ստանալ նաև կեցության իրավունք: Վերջինս իր հերթին լինում է ժամանակավոր (1-ից մինչև 6 տարի) և մշտական: Ի դեպ՝ այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր նախկինում եղել են Վրաստանի քաղաքացիներ, նրանց համար կգործի մշտական կեցության իրավունքի դյուրացված կարգը:

Այսպիսով՝ սեպտեմբերի մեկից 24 երկրի հետ Վրաստանը կսահմանի վիզային ռեժիմ, իսկ 94-ի հետ նախկին պես կգործի առանց վիզայի ռեժիմը: Վերջին երկրների շարքում են ՆԱՏՕ և ԵՄ անդամ երկրները, ինչպես նաև հարևան երկրները, որտեղից Վրաստան են այցելում մեծ թվով զբոսաշրջիկներ:

Հավելենք՝ մինչ օրենքի փոփոխությունը 118 երկիր Վրաստանի հետ ուներ առանց վիզայի ռեժիմ: Ըստ հյուպատոսական բաժնի ղեկավարի՝ այս փոփոխությունները նպատակ ունեն կարգավորել երկրի միգրացիոն գործընթացները, որոնք ծագել են խիստ բաց վիզային քաղաքականության արդյունքում: Բացի այդ՝ Վրաստանը վիզային երկխոսություն է սկսել Եվրոպական Միության հետ, որի պահանջներից է Վրաստանի միգրացիոն քաղաքականությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշերին։

Ցուցադրել ավելի
Back to top button