Հասարակություն

Գույք՝ պարտքի դիմաց. համալիրից հետո աճուրդի է հանվում «Միկա» մարզադաշտը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքի աճուրդի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Համալիրի ներկայացուցիչները մի շարք փաստարկներ են բերում, վերջիններիս արձագանքն առայժմ չկա: ՄՀՀ ներկայացուցիչները պատրաստ են վճարել կուտակված պարտքը, սակայն, նրանց ժամանակ է պետք: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մամուլի և հասարակայության հետ կապերի բաժնի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը հասարակության անտարբերության վրա է զարմացել՝ պատմամշակութային շենքը աճուրդի է հանվել բնակելի տարածքի գնով, սակայն որևէ արձագանք, բողոքի ակցիա չի կազմակերպվում։ Ի դեպ՝ Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ սեփականատերերը չեն պատրաստվում շենքի ճակատագրի հետ հաշտվել, հարցը վիճարկելու են Եվրադատարանում: Այժմ փաստաթղթերի նախապատրաստական փուլում են։

«Գույք պարտքի դիմաց». օգոստոսի 21-ին կառավարությունը որոշեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը փոխանցել պաշտպանության նախարարությանը: Որոշման նախագծի տրամաբանությունը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն այսպես պարզաբանեց. «2009թ համալիրը վարկ է վերցրել, պետությունը երաշխիք է տվել, ու քանի որ կազմակերպությունը չի կարողանում պարտքը մարել, պարտավորությունը մնացել է պետության վրա»։

Առաջին հայացքից ամեն ինչ շատ պարզ է, ԴԱՀԿ-ն մի քանի անգամ աճուրդ է հայտարարել, գնորդի բացակայության պայմաններում կառավարությունը նման որոշում է կայացրել։ ՄՀՀ-ում, սակայն, պատմամշակութային արժեք համարվող շենքի ճակատագրի հետ չեն պատրաստվում հաշտվել: Այստեղ շարունակում են պնդել՝ ԴԱՀԿ ծառայությունը մի շարք խախտումներով է ընթացակարգն անցկացրել: Հիշեցնենք, սա ըստ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մամուլի և հասաչրակայության հետ կապերի բաժնի պատասխանատու Կորյուն Գրիգորյանի:

Հենց նա էր այսօր պնդում է, որ պատմամշակութային արժեք համարվող շենքի ճիշտ գնահատում չի կատարվել, քանր որ այն բնակարան չէ, ուստի և չէր կարելի բնակելի տարածքի գնով այն գնահատել։ Նմանատիպ կառույց չկա, որ համեմատեին գինը որոշեին, ուստի ԴԱՀԿ-ն պետք է դիմեր մշակույթի նախարարությանը, ստեղծվեր մասնագետներից կազմված համապատասխան հանձնաժողով՝ ՄՀՀ գնահատելու համար, ասում է Կորյուն Գրիգորյանը։

ՄՀՀ- ում հաշվարկել ու պարզել են, որ շենքի մեկ քառակուսի մետրը գնահատվել է մոտավորապես 1200 դոլար, մինչդեռ շենքն ամբողջությամբ նրանք 100-120 մլն դոլար են գնահատում: Մարզահամերգային համալիրը ոչ միայն սովորական շենք է, այլ՝ պատմամշակութային արժեք, շարունակում է հիշեցնել Կորյուն Գրիգորյանը։ «Արդեն էական չի Կենտրոն համայնքի բնակարանի չափով են գնահատել, թե՞ Աջափնյակի»։

Հունվարի ամսից ՄՀՀ աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել, քանի որ ցանկացած գումար, երբ մուտք է արվում հաշվի վրա, ԴԱՀԿ-ն անմիջապես սառեցնում է, մեղադրանքների շարքն է շարունակում ՄՀՀ ներկայացուցիչը։ Կարեն Դեմիրճայնի անվան աշխատակիցները չեն պատրաստվում շենքի ճակատագրի հետ հաշտվել, հարցը վիճարկելու են Եվրոդատարանում: Այժմ փաստաթղթերի նախապատրաստական փուլում են:

Միակողմանի հրապարակում չունենալու համար ինչպես և պահանջում է մասնագիտական ճիշտ մոտեցումը, դիմեցինք նաև ԴԱՀԿ ծառայությանը: Որևէ պարզաբանում ստանալ չհաջողվեց: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ ԴԱՀԿ-ն այսօր լռեց միայն ՄՀՀ մասով:

Օգոստոսի 25-ին մեկնարկել է մեկ այլ աճուրդ՝ աճուրդի է հանվել «Միկա» մարզահամալիրը: Աճուրդը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 4 –ը: ԴԱՀԿ-ից մեզ փոխանցեցին հետևյալը. «Միկա» մարզական կոմպլեքսի գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը կայացվել է ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/2690/05/13 կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթով, որի ընթացքում օրենքով սահմանված կարգով կատարվել է պարտապանին իրավահաջորդով փոխարինում, այն է՝ «Արմավիա-Ավիաընկերություն» ՍՊ ընկերությունը փոխարինել «Միկա Քորփորեյշն» ՓԲ ընկերությունով: Կատարողական թերթով բռնագանձման ենթակա գումարը կազմում է 7.176.417.966 ՀՀ դրամ: ԴԱՀԿ ծառայությունը նաև պարզաբանել է, որ կատարողական թերթով պահանջատեր է հանդիսացել Կենտրոնի հարկային տեսչությունը»։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Պարզաբանումներ նույնպես չկան:

Ցուցադրել ավելի
Back to top button