ԿարևորՀասարակություն

Ավագ դպրոցները չեն բավարարում հանրության ակնկալիքները, ասում է ԿԳ նախարարը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Օգոստոսյան ավանդական խորհրդակցությունների շրջանակում կրթության և գիտության նախարար Արմեն Աշստյանն այսօր հանդիպել է ավագ դպրոցների տնօրենների հետ։ Նա ներկայացրել ոլորտում արվող նորամուծությունները, քննարկել ավագ դպրոցների կայացման խոչընդոտները ու առկա խնդիրները և տվել դրանք շտկելու բանալիները: Այն, որ ավագ դպրոցների ներդրումը դժգոհության ալիք է բարձրացրել հանրության շրջանում, գաղտնիք չի եղել նախարարի համար: Նա խոստովանել է, որ նման կարծիքի է ձևավորվել, քանի որ ավագ դպրոցները չեն կատարում իրենց առջև դրված խնդիրը և չեն բավարարում հանրային ակնկալիքները։

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դժվարանում է ասել՝ ավագ դպրոցներն այսօր կայացե՞լ են, քանի որ նրա ձևակերպմամբ` կան և որակյալ, և ուսումնառության կազմակերպման մակարդակով ցածր ավագ դպրոցներ: Գաղտնիք չէ, որ հանրության մեծամասնության մոտ ավագ դպրոցների ներդրումն ավելորդություն էր համարվում։ Սակայն նախարարը համոզված է, որ նման նորամուծությունը Հայաստանի կրթական համակարգին հարկավոր էր, և ոչ միայն ավագ դպրոցները, նաև՝ 12-ամյա կրթությունը։ «ՀՀ-ում 12-ամյա հանրակրթությունն այլընտրանք չունի։ Բայց բովանդակային առումով քաղաքականության փոփոխության չեն բերելու, որովհետև պետությունն իր որոշումը կայացրել է տարիներ առաջ` հենվելով ազգային դպրոցի ավանդույթների, ինչպես նաև միջազգային կրթական փորձի վրա։

Ճանապարհն ընտրված է ճիշտ, սակայն նախարարը դժգոհ է, որ դպրոցները չեն կարողանում արագորեն ընկալել նորամուծությունները։ Թերությունների հետ մեկտեղ՝ նախարարը շեշտում է նաև լավը: Կան ավագ դպրոցներ, որոնք տալիս են փայլուն շրջանավարտներ, սակայն դա քիչ է, ասում է:

Ավագ դպրոցներից նախարարի պահանջը մեկն է՝ հետևել ՀՀ կրթական օրենսդրության ամբողջական և լիարժեք կատարմանը։ Ինչևէ՝ բացթողումները հետևում են, առջևում դրանք շտկելու ճանապարհն է: Այս տարի նախարարի դժգոհությունները վերածվելու են կտրուկ գործողությունների: Կարգապահությունն առաջին քայլերից է: Նախորդ տարիներին ավագ դպրոցներում կատարվել են հստակ կադրային փոփոխություններ, այս տարի այդ քաղաքականությունը շարունակվելու է, վստահեցնում է կրթության նախարարը:

Նախարարն անդրադարձավ նաև դպրոցներում տիրող ցավոտ հարցերից մեկին՝ աշակերտների հաճախումներին։ Շատ ծնողներ են ուսումնական վերջին տարին նախընտրում, որ երեխան չհաճախի դպրոց` կրկնուսույցների մոտ պարապելու պատճառով: Նախարարի խոսքով` այս երևույթի դեմ պայքարելը դժվար է, սակայն այս տարի նախարարությունն այս հարցին մոտենալու է շատ խիստ և վերահսկողության տակ են գտնվելու բոլոր ավագ դպրոցները։

Ավագ դպրոցների տնօրենների բարձրացրած խնդիրը, այն որ ավագ դպրոցները, ուսումնարաններն ու քոլեջները անհավասար դաշտում են գործում, այս տարի լուծվել է: Հիշեցնենք, որ նախկինում ուսումնարանների և քոլեջների գերազանց աշակերտները հնարավորություն ունեին առանց քննության փոխադրվել բարձրագույն ուսումնական հաստատության երկրորդ կուրս: Այս տարվանից ուսումնարաններ և քոլեջներ նոր ընդունվող ուսանողները չեն ունենա նման արտոնություն։ «Քոլեջից բուհ տեղափոխվելու մեխանիզմը պահպանվել է, սակայն այդ տեղափոխությունը պետք է կատարվի հեռակա համակարգ երկրորդ կուրս»։

Այս ուսումնական տարվա ընթացքում կթարմացվի և լսարանային, և ուսուցչական գույքը: ՀԲ տրամադրած վարկով կբացվեն ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և մաթեմատիկայի նոր էլեկտրոնային լաբորատորիաներ։ ՀՀ-ում արդեն ընտրվել են այն ավագ դպրոցները, որոնք այս ծրագրի շրջանակներում կվերանորոգվեն և կվերազինվեն: Նախարարի խոսքով` յուրաքանչյուր մարզում կվերանորոգվի առնվազն մեկ ավագ դպրոց։

Դպրոցներում այս տարի կազմակերպվելու են հայրենասիրական դաստիարակության դասընթացներ պաշտպանության և կրթության նախարարությունների ու Երկրապահ կամավորական միության հետ համատեղ: Նախարարը շեշտում է, որ օգոստոսին սահմանին տեղի ունեցած իրավիճակը ցույց տվեց, որ անհրաժեշտ է նման դասընթացի կազմակերպումը:

 

Back to top button