Հասարակություն

Ուխտագնացություն Արցախ

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Արցախում շարունակվում է Երկրապահ կամավորների միության կազմակերպած ուխտագնացությունը: Հադրութի վարչական տարածքում երկրապահ կամավորները եղել են Ուխտաձորակի գյուղերում, հանդիպել տեղացիների հետ: Ուխտավորները երեկ իրարից կտրված ու լեռներում ծվարած 8 գյուղում խոնարհվել են իրենց մարտական ընկերների հուշը հավերժացնող հւշարձաներին, Հադրութում առաջին դասարանցիների համար հատկացրել դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ, իսկ Ակնաղբյուրի նորակառույց համայնքային կենտրոնին՝ նվիրել հեռուստացույց։

Հադրութի վարչական տարածքի գյուղերում շատ ավելի անմխիթար վիճակ է, քան կարելի է պատկերացնել: Գրեթե բոլոր գյուղերում զգացվում է խմելու և ոռոգման ջրի պակաս: Պատերազմից հետո գյուղերում կյանքը շարունակվում է, սակայն կյանքի որակի բարելվման փոփոխություններ չկան:

Արցախի ինքնապաշտպանական կռիվներին մասնակցած ազատամարտիկների ներկայությունը Հադրութի վարչական տարածքի գյուղերում որոշակի աշխուժություն էր մտցրել: Նրանք իրենց հոգսերը կիսում էին ուխտավորների հետ և խնդրում ինչ- որ կերպ աջակցել:

Էդիլվաձորակի կամ Ուխտաձորակի գյուղերից Պլեթանցում գյուղացիները ուխտավորների շարքում տեսնելով վարչաազմի ղեկավար Վալերի Գևորգյանին ոռոգման և խմելու ջրի հարց բարձրացրին: Այս տարի Արցախում երաշտ է և բուսականությունը չորանում է, Լեռների մեծ մասում հրդեհներ էին բռնկվել:

Մելիքաշեն գյուղից Անահիտ Սավադյանը պատմում է, որ այս տարի զրկվել են բերք ու բարիքից, այգիները չորացել են «Էս տարի ոչ մի բար չունենք, սկի թթու շլոր էլ չունենք, սաղ չորացել են»,- ասում է 72 -ամյա տատիկը: Մելիքաշենը լեռան լանջին է գտնվում, խմելու ջուրը բերում են դիմացի սարից, մոտ 3 կմ հեռավորությամբ: Հարցիս, թե ինչպես են տեղփոխում, կարճ պատասխան ստացա՝ տանջվելով:

Գյուղերի բնակիչների հիմնական փոխադրամիջոցը, բացի մարդատար մեքենաներից նաև ձին ու էշն է: Անահիտ մայիրիկը տեսնելով երկրապահ կամավորների ուխտավորվորների խումբը ուրախացավ ու ասաց, որ տեղյակ չէր գալու մասին, թե չէ ընկույզով շատ լավ գաթա կթխեր ու կյուրասիրեր մեզ:

Ուխտագնացները մեկ առ մեկ հիշում էին իրենց մարտական ուղին , զոհված ընկրներին: Ուխտաձորակի բարձունքներից մեկում զոհվել է Հայրապետ Նավասարդյանը: Մարտական ընկերներից մեկը պատմում է, երբ Հայրոյին տեղեկացրել են որդու ծնվելու մասին, լուր է ուղակել, որ իր զոհված ընկերոջ՝ Արա Հաությունյանի անունով կոչեն: Ուրախալի լուրը ստանալով՝ Հայրոն ոգևորությամբ գրոհի է պատրաստվում և թեժ մարտերից մեկում էլ զոհվում: Մարտական ընկերները Հայրոյի զոհված բարձունքում խաչքար հուշարձան են կանգնեցրել և ամեն տարի ուխտի գնալիս՝ խոնարհվում նրա շիրիմին:

Հադրութ քաղաքում և Ուխտաձորակի գյուղերում ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանն ու ուխտավորները ծաղիկներ դրեցին բոլոր գյուղերում արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին կանգնեցված հուշարձաններին ու խաչքարերին: Ակնաղբյուրում տարեցները հիշում էին պատերազմի տարիներին իրենց օգնության եկած 5-րդ մոտոհրաձգային բրիգադի մարտիկներին, որոնց տեղացիներն աջակցել են, ինչով կարողացել են: Պատերազմի հետևանքները բոլոր գյուղերում էլ մինչև հիմա էլ առկա են, գնդակոծության հետևաքնով փլատակները և ավերված շինությունները կան: Սակայն այս գյուղում կա նաև առաջընթաց. «ՙՀայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվել է համանքային կենտրոն, որտեղ կա նաև հանդիսությունների սրահ: Նորակառույց շինությանը գեներալ-լեյտենանտը նվիրեց հեռուստացույց:

Հադրութում այս տարի առաջին դասարան է գնալու 190 աշակերտ: Երկրապահ կամավորների միությունը նրանց համար դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ, առաջին բուժօգնության պարագաներ է նվիրել: ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը ուրախությամբ նշեց, որ Արցախում դպրոցականների թիվն ավելանում է, և իրենք փորձում են նաև հետպատերազմյան շրջանում ինչ- որ ձևով սատար լինել արցախցիներին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button