Մինսկում Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներն իրար ձեռք են սեղմել


Մինսկի Անկախության պալատում այսօր տեղի է ունենում Մաքսային միության անդամ երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի, ինչպես նաեւ Ուկրաինայի նախագահների եւ Եվրամիության ներկայացուցիչների հանդիպումը։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ- Նովոստին», Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն իրար ձեռք են սեղմել։
ՌԴ նախագահը նշել է, որ հանդիպումը «լավ հնարավորություն է քննարկելու Ուկրաինայի հարաբերությունները ԵՄ եւ ՄՄ հետ»։ Վլադիմիր Պուտինը Ուկրաինային վախեցրել է խոշոր կորուստներով ԵՄ հետ ասոցացվելու համար։ Նա վստահություն է հայտնել, որ ուկրաինական տնտեսությունը Եվրամիության չափանիշերին համապատասխանեցնելու համար 10 տարում կպահանջվի 165 մլրդ դոլար։
Իր հերթին Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ սեպտեմբերին ԵՄ ասոցացման համաձայնագրի վավերացումը կնպաստի երկրում իրական բարեփոխումների անցկացմանը եւ բոլոր գործընկերների եւ հարեւանների հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ «Այսօր առանցքային հարցը Դոնբասում խաղաղությունն է, որը կդադարեցնի մարդկանց տառապանքները»,- հայտարարել է Պորոշենկոն՝ Բելառուսի նախագահի հետ հանդիպման ընթացքում։