Հասարակություն

Հաշմանդամության ճանաչման գործում նկատվում է կոռուպցիոն ռիսկերի նվազում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունը հանրապետության մի քանի մարզերում տարվա առաջին կիսամյակում իրականացրել է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից անցկացվող փորձաքննությունների մշտադիտարկում, որի արդյունքներն այսօր ներկայացվել է լրագրողական լսարանին: Ներկայացվել են ոլորտում տիրող իրավիճակի մասին տվյալներ, վեր են հանվել հիմնախնդիրներ, որոնք նաև կոռուպցիոն երևույթների պատճառ են դառնում: Ներկայացվել են նաև ոլորտի բարեփոխմանն ուղղված առաջարկներ։

Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներն են որոշում մարդու հաշմանդամության կարգը։ Գաղտնիք չէ, որ լինելով հանրային ծառայություն մատուցող ոլորտ, այստեղ մշտապես նկատվում են կոռուպցիոն երևույթներ: Ոլորտն առավել թափանցիկ ու վերահսկելի դարձնելու նպատակով կառավարությունն իրականացնում է մի շարք քայլեր, որոնցից մեկն էլ ՀԿ-ների ընդգրկումն է բժշկասոցիալական գործակալության փորձաքննության գործընթացին:

«Լիարժեք կյանք» ՀԿ կողմից իրականացված մշտադիտարկումն ընդգրկել է Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերը: Մշտադիտարկվել են 21 հանձնաժողովներ չորս մարզերից։ Ըստ կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանի՝ մշտադիտարկման արդյունքները փաստում են, որ հաշմանդամության ճանաչման գործընթացում կա կոռուպցիոն ռիսկերի նվազում: «Նախկին մոտ 50 տոկոսի փոխարեն այն հասել է 20 տոկոսի: Բայց ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան: Նույն ախտորոշման դեպքում այսօր էլ տարբեր մարդիկ հիվանդության տարբեր կարգեր են ստանում»:

Հարցվածների 20 տոկոսը «Արդյո՞ք հաշմանդամության կարգ սահմանելու կամ կարգը բարձրացնելու համար երբևէ գումար պահանջվել է» հարցին դրական պատասխան է տվել: Ինչ վերաբերում է գումարի չափին, ապա, ըստ պատասխանների, այն տատանվում է 25-80 հազար դրամի սահմաններում՝ կախված նրանից, թե ինչ խումբ պետք է ստանա:

Հարցվողների 47 տոկոսը նշել է, որ ունեցել է դժվարություններ փաստաթղթերը վիճակագրին հանձնելու ժամանակ, նշվել է, մասնավորապես, բյուրոկրատական քաշքշուկների առկայության մասին: Հաշմանդամության ճանաչման, մերժման, խումբ սահմանելու որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ՝ բողոքարկման կարգի մասին տեղեկացված չեն հարցվածների գերակռող մասը՝ 93 տոկոսը:

«Լիարժեք կյանք» ՀԿ կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում նաև արձանագրվել է, որ հանձնաժողովների կեսը դժվարամատչելի են հաշմանդամություն ունեցող և սակավաշարժ մարդկանց համար: Ինչ վերաբերում է Վերականգնողական անհատական ծրագրին, որը հանձնաժողովի կարևորագույն աշխատանքներից մեկն է, այցելուների հետ ընդհանրապես չի քննարկվել, բացառությամբ այն դեպքերի, երբ այցելուն օժանդակ պարագաների կամ սարքերի կարիք է ունեցել:

Մշտադիտարկման արդյունքներն ամփոփող զեկույցն ընդգրկում է նաև առաջարկություններ, որոնք միտված են ոլորտը դարձնել առավել թափանցիկ ու վերահսկելի։

Ցուցադրել ավելի
Back to top button