Հայաստանը պետք է կանխարգելիչ հարված հասցնի Ադրբեջանին, ասում է Կոմանդոսը


Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր Թադեւոսյանը` Կոմանդոսը, այսօր հանդես եկավ մի առաջարկությամբ, որի մասին դեռ տեղյակ չէին նաեւ պաշտպանության նախարարությունում: Ղարաբաղյան սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից ստեղծած արհեստական լարվածության օրերին նա եղել է Ղարաբաղում, այնուհետեւ վերլուծել է տեղի ունեցած դեպքերը եւ եկել մի եզրահանգման` այլեւս պետք չէ նստել եւ սպասել, թե երբ պետք է հարեւանը հարձակվի, որ մենք պաշտպանվենք: Պետք է անցնել այլ գործողությունների: Հենց այդ գործողություններն էլ այսօր նա ներկայացրեց լրագրողներին` հույսով, որ իշխանությունը եւ հանրությունը այն կքննարկեն եւ կգան ճիշտ որոշման:
Հայ- ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ այսօր բոլորովին նոր հայտարարությամբ եւ առաջարկով հանդես եկավ Կոմանդոսը` գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադեւոսյանը: Արցախյան ազատամարտի հերոսը այլեւս հարիր չի համարում նստել եւ սպասել հարեւան պետության հերթական արկածախնդրությանը, որը համոզված է` երբեք չի դադարի, եթե հստակ պատասխան չստանա: Լրագրողների հետ հանդիպմանըԿոմանդոսը եկել էր ռազմական քարտեզով, որի վրա կային նշագրումներ։ Իսկ գեներալ-մայորի ասելիքը հետեւյալն էր. Հայաստանը պետք է մեկ անգամ կանխարգելիչ հարված հասցնի Ադրբեջանին: «Եթե մենք նայենք Ադրբեջանի տարածքը, ապա այս կանաչ տարածքը հարթավայր է: Իսկ Հայաստանը եւ Ղարաբաղը լեռնային տարածքներ են: Մենք ունենք բոլոր հրաշալի պայմանները եւ կան այնպիսի հատվածներ, որ կարելի է այնպես հարվածել, որ հասնենք մինչեւ Ռուսաստանի Դաշնություն»,- քարտեզը ցույց տալով ասում է Կոմանդոսը։
Սա պետարազմ հայտարարել չէ, նտաւոմ է նա` նշելով, որ ռազմական գործում կան բազմաթիվ այլ նրբերագներ։ Առաջին հերթին սա հենց հարեւաններին կապացուցի, որ պետք չէ այլեւս դիմել ռազմական արկածախնդրության: Իսկ իր առաջարկի էությունը բացատրում է այսպես. «Մենք կարող ենք դնել շրջափակումից դուրս գալու, շրջափակումը ճեղքելու խնդիր: Մենք այսօր շրջափակման մեջ ենք, հասկանում եք: Եթե մենք այսօր ասում ենք, որ պետք է նստել եւ սպասել, թե երբ են նրանք հարձակվելու, որ պաշտպանվենք, սխալ է: Տարեցտարի նրանց ռազմական հզորությունը ավելանալու է»։
Փորձառու ռազմական գործիչը պնդում է, որ Հայաստանն ունի տարիների ընթացքում պատրաստված ջոկատեր հենց այս գործի համար: Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, ապա գեներալը նշում է, որ ԵԱՀԿ-ն միշտ էլ հավասարության նշան է դրել կողմերի միջեւ` կոչ անելով իրար մեջ լուծել խնդիրը: Իսկ եթե իրականում ցանկություն կար պարզելու տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների իրականությունը, ապա կան բազմաթիվ մատչելի էլեկտրոնային սարքեր, որոնք շատ վաղուց կարող էին տեղադրվել սահմանի երկայնքով եւ փաստացի ապացուցեին, թե ով է իրականում խախտում հրադադարը, ասում է Կոմանդոսը:
Ի դեպ` գեներալը նշեց, որ իր առաջարկը դեռ չի փոխանցել պաշտպանության նախարարությանը: Հույս ունի, որ թե իշխանությունը, թե հասարակությունը լուրջ կընդունեն իր առաջարկը, կքննարկեն եւ ճիշտ որոշման կգան: Եթե նույնիսկ առաջարկը մերժվի, ապա հայտարարությունը ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին սպառման համար կլինի` հարեւաններին զգուշացնելու, թե ի վերջո ինչ կարող է ստացվել:
Ի դեպ` Կոմանդեսը իր բերած քարտեզում նաեւ հենց նավթամուղի վրա ուներ նշված 4 կետ: Սակայն, ակնարկում է, որ այդ կետերին հարվածելը պարտադիր չէ` եվրոպական շահերին չհարվածելու համար:
Ղարաբաղի հարցով լուրջ նպատակներ ունի նաեւ «Ժառանգություն» խմբակցությունը, որի անդամները սեպտեմբերին ԱԺ-ում կրկին շրջանառության մեջ են դնելու ԼՂՀ անկախությունը ճանաչելու նախագիծը: Արդյո՞ք դա դեպի պատերազմ տանող ճանապարհ չէ։ «Այս պահին, բնականաբար, քաղաքական նոր իրողություններ են առաջացել: Բոլորիդ հայտնի է, թե եվրոասոցացման հետ կապված թե ՄՄ, թե Եվրազեսի հետ կապված կա հստակ տարանջատում, որ Ղարաբաղը կապ չունի որեւէ ալյանսի հետ, որի մաս է կազմում Հայաստանը: Շատ բնական է, որ այս ամենի մասին մենք կզրուցենք մեր գործընկերների հետ, կարծիքներև կփոխանակենք նաեւ ԼՂ իշխանությունների հետ: Հարցի մտահոգությունը ես ինչ- որ չափով կիսում եմ, բայց էլի եմ կրկնում՝ մենք կխորհրդակցենք»,- պատասխանեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը։