Հասարակություն

Ամուլսարի հանքավայրը երկու կեսի է բաժանել գնդեվազցիներին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կողմ և դեմ կարծիքներ նույն ասուլիսի ժամանակ՝ նույն խնդրի շուրջ. երեկ Վայոց ձորի Գնդեվազ համայնքում «Գեոթիմ» ՓԲԸ դուստր ձեռնարկություն «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը հասարակական լսումներ է անցկացրել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ: Այսօր Երևանում նախագծին դեմ հանդես եկողներն ասուլիս են հրավիրել, որին սեփական նախաձեռնութամբ միացել են նաև համայնքի մի խումբ բնակիչներ՝ գյուղապետի գլխավորությամբ։

Ջերմուկ քաղաքից ոչ շատ հեռու գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նոր նախագիծը նախորդից գրեթե չի տարբերվում, վստահեցումը «Էկոլուր» տեղեկատվական կենտրոնի տնօրեն, բնապահպան Ինգա Զարաֆյանինն է: Հիշեցնենք, որ նախագիծը մի քանի անգամ փոփոխվել է։ Ինգա Զարաֆյանի տեղեկացմամբ՝ առաջին անգամ Ամուլսարի շահագործման նախագիծը 2009-ին է ներկայացվել, 2012-ին երկրորդ ծրագիրն է ներկայացվել, սակայն քանի որ բնապահպանության նախարարությունը չի ստացել իր մի քանի հարցերի պատասխանները, այն անվավեր է ճանաչվել: 2014-ին ներկայացվել է երրորդ ծրագիրը, ներկայացված նոր նախագծի հասարակական առաջին լսումները երեկ են տեղի ունեցել:

Ներդրողները պնդում են, որ Ամուլսարն աշխատելու է բացառապես փակ ցիլկով, առանց դեպի օդային կամ ջրային միջավայր արտանետումների, տեխնոլոգիան նոր է Հայաստանում, և, ամենակարևորը, շահագործվելու է առանց պոչամբարի: «Եթե դուք չունեք բաց պոչամբար, փակ ցիկլով էլ դու չես կարող խուսափել ոչ վթարներից, ոչ արտահոսքերից: Ասեմ, թե ինչն է մեզ շատ անհանգստացնում։ Մեզ անհանգստացնում է, որ այս ծրագրի 440 էջի մեջ չեք կարող գտնել իսկական ռիսկերը»,- ասում է «Էկոլուրի» տնօրեն Ինգա Զարաֆյանը։

Գնդեվազցի լրագրող Թեհմինե Ենոքյանը այն բնակիչների շարքում է, ովքեր դեմ են հանքի շահագործմանը: Նա և ևս 210 գնդեվազցիներ իրենց դժգոհությունը Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիային (IFC) և Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին (EBRD) ստորագրություններով են արտահայտել: Հենց այս կառույցներն են իրականացնում ֆինանսավորումը: Բողոքը հիմնավոր է համարվել ու վարույթ սկսվել, այս պահին երկու բանկերը հետաքննություն են սկսել ԳԵՈԹԻՄ ընկերությունում՝ պարզելու, թե ինչպես են ծախսվել ֆինանսները:

Այս տեղեկատվությունն այսօր Թեհմինե ԵՆոքյանը փոխանցեց: Նա փոխանցեց նաև իրենց մտահոգությունները Ամուլսարի շահագործման նախագծի վերաբերյալ։ Գնդեվազը ծիրանի արտահանման մեծ պոտենցիալ ունի, ինչը վտանգված է հանքավայրի շահագործման պարագայում, վտանգված է նաև համայնքի ու հարակից մյուս գյուղերի բնակիչների առողջությունը։ «Որտե՞ղ է պատրաստվում ԳԵՈԹԻՄ-ը կառուցել իր ֆաբրիկան։ Ճիշտ այն ծիրանի այգիների տարածքում, որտեղից մարդիկ տոննաներով ծիրան են արտահանում: Արդեն յոթ-ութ տարի շարունակ գյուղացիները մշակում են այգիներ, որոնց վրա հսկայական գումարներ են ներդրել, այնտեղ կա ինքնահոս ջրի համակարգ։ Եթե չեմ սխալվում՝ 2004-2006թթ ջրագիծ է քաշվել և իրենց այգիները այդ ջրով ոռոգելու հնարավորություն ունեն գյուղացիները: Ամբողջ ցիանային ֆաբրկայի տարածքը ընկնում է ծիրանի այգիների տարածքում: Կազմակերպությունը պատրաստվում է ուղղակի այս այգիները ոչնչացնել, մարդկանց յոթ-ութ տարվա ջանքը ուղղակի ջուրը նետել, երբ որ համայնքն այժմ ունի ծիրան արտահանելու հնարավորություն»,- ասում է Ենոքյանը։

Այսօր, սակայն, պարզ դարձավ, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ ոչ բոլոր գնդեվազցիներն են դեմ: Չնայած հրավիրված չէին, սակայն լրագրողների հետ հանդիպմանն անակնկալ միացան նաև համայնքի մի խումբ բնակիչներ՝ գյուղապետի գլխավորությամբ: Բնակիչներին, ի դեպ, հատկապես վրդովեցրեց բանախոսների՝ «գյուղապետի մարդիկ են» եկել բնութագրումը: «Մենք մեր կողմնակիցներն ենք»,- հայտարարեցին։

Գնդեվազի բնակիչ Վահան Մկրտչյանի ծիրանի այգին Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արդյունքում ոչնչանալու է։ Երիտասարդը «Լիդիան ինթերնեյշնլի» առաջարկած փոխհատուցումից գոհ է, ասում է, ստացած գումարով նմանատիպ այգի այլ վայրում կհիմնի։ «Ես ունեմ մեկ հա այգի, 304 հազար դրամ են տալիս մեկ տնկիի համար։ Իմ երեխու մասին ինձից շատ ոչ մեկը չի մտածում։ Եթե ես իմանամ վնաս է՝ չեմ վաճառի: Դուք ձեր իմացած մասնագետներից եք լսել, ես էլ՝ իմ»,- ասում է։

Բնապահպանական համահայկական ճակատի անդամ Լևոն Գալստյանը նույնպես երեկ մասնակցել էր հասարակական լսումներին ու պարզել, որ մեր երկրում արտագաղթի հիմնական մեղավորները իրենք՝ բնապահպաններն են ու հասարակական մյուս կազմակերպությունները։ Նրա կարծիքով՝ սակայն խնդիրը ոչ թե համայնքային է, այլ համակարգային։ «ՀՀ կառավարությունն ընդունել է այնպիսի օրենքներ ու կառավարական որոշումներ, որոնք թույլ են տալիս տեղական կամ արտասահմանյան ցանկացած հանքարդյունաբերող ընկերության օգտագործել մեր ընդերքի հարստությունները, մեզ թողել փշրանքներն ու հեռանալ այս երկրից»։

Լևոն Գալստյանը վստահ է՝ ոչ միայն այս, այլ նաև իր մյուս հայտարարությունները հակափաստարկներ չունեն, դրանց առկայության դեպքում նա պատրաստ է քննարկել: Գալստայնն այսօր հայտարարեց, որ «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը ոչ մի հանքավայր չի շահագործել, օֆշորային գոտում գրանցված կազմակերպություն է, ստեղծվել է հատուկ Ամուսլարի շահագործման համար։ «Միայն բավական է բացեք «Լիդիան ինթերնեյշնլի» բաժնետոմսերի պատմությունը, կտեսնեք, թե ով ինչքան փող է աշխատել այդ բաժնետոմսերի գների տատանումների վրա և ձեզ ամեն ինչ պարզ կլինի։ Եթե պարզ չլինի, դիմեք ինձ, ես կբացատրեմ ավելի մատչելի լեզվով»,- ասաց։

Ամփոփելով նշենք՝ բնապհապանների մի մասը շարունակում է պնդել՝ հանքարդյունաբերության ու զբոսաշրջության համաժամանակյա զարգացումն ու երկու ոլորտների՝ գերակա ուղղություն հռչակելն անհամատեղելի է, պատկան մարմինները, սակայն, շարունակում են մնալ իրենց համոզմունքին՝ հնարավոր է համատեղել զբոսաշրջությունն ու հանքարդյունաբերությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button