Տնտեսական

Տնտեսագետները Վրաստանի վարչապետի կայացած, Ռուսաստանի վարչապետի՝ կայանալիք այցի մասին

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի Հայաստան այցի արդյունքները դեռևս օրակարգում են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նշել է, որ Հայաստանի ու Վրաստանի վարչապետերի այցը կարելի է համարել արդյունավետ` միայն հաշվի առնելով Վերին Լարս կամուրջը վերանորոգելու Վրաստանի կառավարության պատրաստակամությունը, իսկ առհասարակ Գագիկ Մակարյանը կարծում է, որ այցը քաղաքական նպատակներ ուներ, ինչի մասին չի բարձրաձայնվում:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի սեպտեմբերին նախատեսված այցը Հայաստան կարևորել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Արևմուտքի` Ռուսաստանի դեմ կիրառած պատժամիջոցները բողոքի ալիք են բարձրացրել բազմաթիվ երկրներում։ Մեդվեդևի այցի շրջանակներում Մանասերյանը հորդորել է մեր կառավարությանը քննարկել հայկական ապրանքների արտահանման հետ կապված խնդիրները և չսահմանափակվել միայն գյումթերքների արտահանմամբ։

Ուկրաինական իրադարձությունների հետ կապված Ռուսաստանի դեմ Արևմուտքը բազմաթիվ պատժամիջոցներ է կիրառում, ինչն էլ մեծ վնաս է հասցրել և Ռուսաստանի տնտեսությանը, և Ռուսաստան ապրանքներ ներմուծող շատ ընկերությունների շրջանում բարձրացել է դժգոհությունների ալիք: Այս ամենից Գործատուների միության նախագահը կարծում է, որ կարող է օգտվել Հայաստանը:

Հայկական տարբեր ձեռնարկություններ կարող են ապրանքներ արտահանել Ռուսաստան, եթե կառավարությունը նրանց օժանդակի. կառավարությունը պետք է սուբսիդավորի, էժան վարկեր տրամադրի և կամ վարկերի մարման հնարավորություններ տա այդ ընկերություններին: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի սեպտեմբերին Հայաստան նախատեսված այցի շրջանակներում Գագիկ Մակարյանը կարծում է, որ անհրաժեշտ է առաջ քաշել Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների քվոտավորման հարցը։

Քվոտավորման դեպում մենք կունենանք կայուն աշխատատեղեր և կայուն արտահանում, ինչի արդյունքում էլ կեռապատկվեն արտահանման այսօրվա ծավալները, ասում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը և հորդորում մեր կառավարությանը չսահմանափակվել միայն գյուղատնտեսական ապրանքներով: Նա առաջարկում է ռազմաարդյունաբերական համալիրի ուղղությամբ տանել լուրջ բանակցություններ։

Եկել է ժամանակը, երբ Հայաստանը Ռուսաստանից կարող է շատ բան պահանջել: Հայաստանը կարող է նաև առաջ քաշել իր առողջարաններում ռուս մանկավարժների, գիտնականների, բժիշկների, բյուջետային այլ աշխատողների բուժման խնդիրը։

Գործատուների միության նախագահը կարծում է, որ մենք պետք է աշխատենք շատ արագ, քանի որ վտանգ կա, որ Եվրոպան չեղյալ կհայտարարի Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները (քանի որ վնասը շատ մեծ ծավալների է հասնում), և Ռուսաստանն էլ իր ուժերը կոնսոլիդացնելով կարող է շատ ավելի վտանգավոր դառնալ Եվրոպայի համար։

Անդրադառնալով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի Հայաստան այցին` Գագիկ Մակարյանը կարծում է, որ հանդիպումը ոչ մի հստակ քայլ չմատնանշեց` բացառությամբ Վերին Լարսի փլուզված կամուրջի վերականգնումը՝ ինչը Վրաստանի կառավարությունը պատրաստակամություն հայտնեց իրականացնել։ Ըստ Գագիկ Մակարյանի` այցն ավելի շատ քաղաքական նշանակություն ուներ, որի մասին չի բարձրաձայնվում:

Վերին Լարսը մեր աքիլեսյան գարշապարն է, ասում է Մակարյանն և նշում, որ այն անընդհատ տանջել է մեր գործատուներին` մեկ Ռուսաստանն է առաջ քաշել իր կամակորությունները, մեկ՝ Վրաստանը: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ կարծում է, որ Վրաստանի ներկա կառավարությունը Ռուսաստանի հետ դանդաղ, զգուշավոր, բայդ դրական հարաբերություններ ստեղծելու քայլեր է կատարում, ինչն էլ ճակատագրական կլինի նաև Հայաստանի տնտեսության համար:

Վերին Լարսի ավտոճանապարհը երկար չի կարող ծառայել. պետք է հաշվի առնել երկաթգիծը։ Գործատուների միության նախագահը նշեց, որ հարևան Վրաստանի հետ մեր քաղաքականությունը իրականանում է ոչ փոխշահավետ ներմուծման սկզբունքով: Վրաստանից ներմուծվող ապրանքների գերակշիռ մասը թուրքական արտադրության են, իսկ տուրիզմի բնագավառում մեր քաղաքացիներն իրենց գումարները վատնում են վրացական լողափերում հանգիստն անցկացնելով` դրանով էլ զարկ տալով նրանց տնտեսությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button