ԿարևորՔաղաքական

Մերձավորարեւելյան զարգացումները Հայաստանի եւ Սփյուռքի համար նոր խնդիրներ են առաջադրել

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Մերձավոր Արեւելքում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները հուշում են, որ արդեն փոխվել է դրդապատճառների էությունը եւ աշխարհաքաղաքական նպատակները: Հայոց ցեղասպանությունից հետո հենց Մերձավոր Արեւելքում ձեւավորված խոշոր հայկական գաղթօջախների վրա իրավիճակը անկասկած կազդի, բայց այդ ամենն ուղղված չէ կոնկրետ հայերի դեմ, համոզված են Բեյրութի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը եւ ամերիկահայոց «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Աբո Պողիկյանը։

Հայկական մեծ գաղթօջախներ ունեցող Մերձավոր Ալեւելքի երկրներում չդադարող անկայուն իրավիճակը եւ նոր զարգացումները ռազմավարական նշանակություն ունեն հայերի համար ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի համար, համոզված են Բեյրութի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը եւ ամերիկահայոց «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Աբո Պողիկյանը։

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պնդմամբ` իրադարձությունների միտումը որոշակիորեն փոխվել է եւ վերածվել է ռեսուրսների համար պայքարի։ «Արաբական գարունը հիմա դիմափոխված է այլ զարգացումների եւ այսօր հիմնական վտանգը ոչ միայն տարածաշրջանի, այլ ամբողջ աշխարհի համար իսլամականության ծայրահեղ դիմագիծն է եւ ծայրահող դրսեւորումները: Աշխարհաքաղաքական մեծ օրակարգ է: Օրինակ` ապաքրիստոնեացում բնորոշումը այլեւս պետք չի օգտագործել, որովհետեւ մենք գիտենք բոլորս, թե եզդիների նկատմամբ ինչ կիրառվեց: Շատ կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող նավթային, գազի, նույնիսկ ջրային ռեսուրսների սահմանները, որոնց մեջ տեղի կունենա այս դեպքերը, ընդհարումները այս բոլորի մասին մտածելու տեղիք են տալիս»,- ասաց «Ազդակի» խմբագիրը։

Շահան Գանտահարյանի ներկայացմամբ՝ ներկայումս Լիբանանում իրավիճակը համեմատաբար հանգիստ է` հարեւան երկրների համեմատությամբ: Կարծում է, որ Լիբանանը ամեն դեպքում չի ներքաշվի այս համընդհանուր պատերազմ կոչվածի մեջ: Մերձավոր Արեւելքում բնակվող հայերի համար, սակայն, սպասվում են ծանր օրեր, կանխատեսում է նա։ Ասվածը վերաբերում է հայաթափմանը, ինչը եւ այսօր տեղի է ունենում: Ներկայումս հայերը Մերձավոր Արեւելքի երկրները լքում են երկու ուղղությամբ` մի մասը Լիբանան է գնում, մյուսը՝ Հայաստան: Այլ հարց է, թե այդ երկրներն օգտագործվում են իբրեւ տրանզի՞տ, թե՞ մշտական բնակության համար:

«Դասական, մեր ամենակազմակերպված գաղութները նոսրացման ընթացքի մեջ են: Նկատեմ, որ Իրանից, Իրաքից, Լիբանանից, Եգիպտոսից, Սիրիայից գնացողները դեպի Արեւմուտք, կարելի է ասել հայկական կյանքին նոր ավիշ եւ նոր եռանդ էին բերում: Սփյուռքը անկախ Միջին Արեւելքից այսօր ձեւափոխված է: Կա նաեւ նոր սփյուռք` Հայաստռանից արտագաղթածները: Եվ այս ամենը իր բոլոր ենթատեքստերով քննարկման թեմա է»,- ասում է Շահան Գանտահարյանը։

«Ապարեզի» խմբագիր Աբո Պողիկյանն արդեն անդրադառնում է ամերիկահայ սփյուռքին։ «Պետք է այնպիսի վիճակ ստեղծել, որ վնասը վերածել ինչ- որ շահի: Վերջ ի վերջո արդյունքը` շատ մեծ վնաս է, որովհետեւ ԱՄՆ-ն այն միջավայրն է, որտեղ դիմանալու խնդիր կա։ Արդեն իսկ ձուլվելու խնդիրները, հայկական կառույցները պահելու խնդիրները չեն կարող շատ երկար չլուծված մնալ: Պետք է նոր ձեւեր գտնվեն, նոր մեթոդներ գտնվեն եւ այլն»։

Այսպիսով՝ հայկական սփյուռքի համար ստեղծված նոր իրավիճակը նաեւ մարտահրավեր է Հայաստանի եւ մասնավորապես Սփյուռքի նախարարությանը, ումից եւ օգնություն են ակնկալում Սփյուռքի կառույցները: Իսկ խնդիրներից առաջնայինները համարվում են լեզվի պահպանումն ու կոնկերտ Միջին Արեւելքի դեպքերի ժամանակ ճիշտ լրատվությունը` անհարկի խուճապից խուսափելու համար: Որպես լուսաբանման անհաջող օրինակ Աբո Պողիկյանը նշեց Քեսաբի դեպքերը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button