ՀասարակությունՎերլուծական

Հանրակրթության համակարգը դարձել է արարողակարգային, ասում են ոլորտի փորձագետները

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Կրթության ոլորտում իրականացվող երկարամյա բարեփոխումների արդյունքների վերաբերյալ գնահատականները տարբեր են: Դրական ու բացասական գնահատականների փոխարեն ԵՊՀ դոցենտ, բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյանն առանձնացնում է երկու կարևոր խնդիրներ, որոնք առ այսօր չի հաջողվել լուծել։ «Մեզ չի հաջողվել լուծել գիտելիքի գնահատման համակարգի կայացման և մասնագիտական կողմնորոշման խնդիրը»։

Կրթական բարեփոխումների շղթայից դուրս չի մնացել նաև հանրակրթության ոլորտը: Ոլորտի պատասխանատուները շարունակ նշել են, որ արդյունքների վերաբերյալ դատողություններ անելու համար անհրաժեշտ է առնվազն տասը տարի: Ըստ ԵՀՊ դոցենտ, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի՝ բարեփոխումների սկզբից մինչ օրս անցել է ոչ թե տասը, այլ 17 տարի և վաղուց ժամանակն է խոսել արդյունքների մասին։ «Հանրակրթական համակարգը մեզանում դարձել է պրոտոկոլային ՝ սեպտեմբերի մեկ, փուչիկներ, հետո «Վերջին զանգ» և այլն: Իրական կրթությունն այն է, ինչ տեղի է ունենում ամեն օր, սովորական դասաժամի ընթացքում»,- ասում է։

Սերոբ Խաչատրյանի մյուս մտահոգությունը առկա սոցիալական բևեռացումն է, որ իր արտացոլումն է գտնում նաև հանրակրթության ոլորտում: Ունենք վատ, ուշադրությունից դուրս մնացած և առավել բարվոք վիճակում գտնվող դպրոցներ: Հոսքը առաջիններից դեպի վերջինները գնալով մեծանում է: Փորձագետի համոզմամբ՝ այս միտումը տանում է դեպի ձախողում: Հանրակրթության ոլորտում լավագույն արդյունքներ ունեցող երկրների փորձը փաստում է ՝ ոլորտի հաջողության գրավականը դպրոցների համաչափ զարգացումն է։

«12-ամյա կրթակարգի ներդրման կողմնակիցների ծրագրերի բեռնաթափման վերաբերյալ խոստումներն առ այսօր չեն իրականացվել: Ծանրաբեռնված ծրագրի պատճառով երեխան այսօր դպրոցում ձանձրանում է: 12-ամյա կրթությունը, ըստ էության, երկարաձգել է ձանձրույթի ժամկետը»,- ասում է Սերոբ Խաչատրյանը, ում համոզմամբ՝ արդյունավետ կրթության գաղտնիքը ոչ թե երկար, այլ ճիշտ սովորելու մեջ է։

Ցուցադրել ավելի
Back to top button