Քաղաքական

Ֆրանսիայի գրադարանում հայտնաբերվել է Հայոց ցեղասպանության մասին նոր փաստաթուղթ

Թուրք պատմաբան Ումիթ Քուրթը և լրագրող Ալև Էրը Փարիզի Նուբարյան գրադարանում ուսումնասիրություններ կատարելու ժամանակ մի փաստաթուղթ են գտել, որը մինչ այսօր չէր ներկայացվել լայն հասարակությանը, հայտնում է allturkey.am կայքը։

Փաստաթղթի հեղինակը արեւմտահայ հայտնի գրող Զապել Եսայանն է, որ 11 էջանոց այդ զեկույցում ներկայացվում է 1915 թ-ին և դրանից հետո հայ կանանց առևանգումները: Զեկույցը 1919թ-ի Փարիզի կենֆերանսում ներկայացվել է հայկական պատվիրակության ղեկավար Պողոս Նուբար Փաշային:

«Ակոս» թերթի համաձայն՝ առաջին անգամ լայն զանգվածներին ներկայացված այդ զեկույցում հեղինակը նշել է Օսմանյան Թուրքիայի կողմից ոչ մահմեդական ազգերի համակարգված ոչնչացման, ինչպես նաև 200 հազարից ավելի հայ աղջիկների և կանանց առևանգելու և բռնությունների ենթարկելու մասին:

Զեկույցում հեղինակը մանրամասն նկարագրել է, թե ինչ է եղել հայ կանանց հետ, և թե ինչպես են նրանք փորձել պաշտպանվել:
Արեւմտահայ գրող Զապել Եսայանը ծնվել է 1878 թ-ին Կ.Պոլսի Սկյութար թաղամասում, 1915թ-ի Հայոց ցեղասպանության ժամանակ, հրաշքով ողջ մնալով, տեղափոխվել է Բուլղարիա, այնուհետև Բաքու: Իր մասնակցությունն է ունեցել հայ որբերի խնամքին: 1921թ-ին տեղափոխվել է Փարիզ։
1933թ-ից հաստատվել է Երևանում, դասավանդել Երևանի պետական համալսարանում։ 1937թ-ին ենթարկվելով ստալինյան բռնաճնշումներին՝ աքսորվել է Սիբիր: Մահվան մասին կոնկրետ տեղեկություններ չկան, սակայն ենթադրվում է, որ նա մահացել է 1943 թ-ին՝ Սիբիրում:

Ցուցադրել ավելի
Back to top button