ԿարևորՔաղաքական

Ս. Սարգսյան. «Մեծ առաջընթաց չեմ տեսնում բանակցային գործընթացում» (լրացված)

լրացվել է ժամը 22:07

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»- Ծաղկաձոր

Արտագաղթի պատճառները հայկական Սփյուռքն ու չավարտված պատերազմն են
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը «Բազե 2014» հավաքի մասնակից լրագրողների հետ այսօր կարճատեւ հանդիպման ժամանակ պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին՝ նշեց, որ համաձայն չէ այն հայտարարություններին, թե Հայաստանում ստվերային տնտեսությունը ահռելի չափերի է հասնում եւ այն կրճատելու համար աշխատանք չի կատարվել։

«Մարդիկ երբ ասում են, որ ստվեր կա, կամ ասում են 70 տոկոս է, որտեղի՞ց գիտեն: Այդ մարդիկ ի՞նչ է, ունեն սեփական վիճվարչությո՞ւն: Իրենք կարող են դատել միայն իրենց հարևանների ու բարեկամների գործունեությամբ, բիզնեսով, երբ գիտեն, որ նրանք ստվերում են աշխատում,- ասաց։

Սերժ Սարգսյանը որպես հակափաստարկ բերեց այն, թե հարկերի հավաքելիությունը ՀՆԱ- ում 17 տոկոսից դարձել է 24 տոկոս։ Նշեց, որ հարևան երկրների հետ համեմատած շատ մեծ տարբերություն չկա ստվերի առումով՝ արձանագրելով՝ «Մեր բյուջեն գրեթե կրկնապատկվել է»։

Այն հարցին, թե մարդիկ լքում են երկիրը հատկապես անարդարության, օրենքի գերակայության բացակայության պատճառով, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ո՞վ է ասել աճում է։ Ենթադրություններով պետք չէ խոսել, դատել հարևանների և բարեկամների փակ դռներից»:

Հանրապետության նախագահը, փաստելով Վիճակագրության ազգային ծառայության տվյալները, ինչպես նաեւ, որ ավտոմատացված համակարգեր ներդնելով կարողանում ենք արդեն հսկել նաեւ սահմանները հատողներին՝ արձանագրեց, որ 90- ականներին արտագաղթն ավելի մեծ էր։ «Եթե հետաքրքրվում եք ծանոթներով ու բարեկամներով՝ մի հատ հետաքրքրվեք, տեսեք, թե 90- ական թվականների մասին ի՞նչ էին ասւոմ, թվում էր թե Հայաստանում մարդ չկա»։

Նախագահը համաձայն չէ նաեւ այն դիտարկմանը, թե երկիրը լքում են անարդարության պատճառով։ «Մարդիկ, ովքեր գնում են Հայաստանից, նրանց ճնշող մեծամասնությունը գնում է ավելի լավ պայմանների հետևից: Սա է ամբողջ խնդիրը։ Արտագաղթը միայն մեզ չէ բնորոշ, այն բնորոշ է բոլոր երկրներին։ Լավ կլիներ, որ ծանոթանայիք, թե Ռուսաստանից, այլ երկրևերից ինչքան մարդ է գնացել: Այն բնորոշ է մեձբալթյան և Արևելյան Եվրոպայի երկրներին: Խնդիրն այն է, որ մենք քիչ ենք և մեզ համար դա իրոք կրկնակի վատ ազդեցություն ունի, բայց հասկացեք նաև, որ կա առնվազն երկու պատճառ, որը խթանում է արտագաղթը՝ հայկական Սփյուռքի առկայությունը, որը մագնիսի նման քաշում է, երկրորդը՝ մենք ունենք չավարտված պատերազմ, ծնողներն անհգանգստանում են»։

Պետք է գաղափարի պայքար
Քաղաքացիական հասարակությունը պիտի զարգանա եւ գաղափարի պայքար պետք է լինի, ոչ թե ոստիկաններն ու ապստամբները պետք է կռվեն, ասաց նախագահ Սերժ Սարգսյանը «Բազե 2014»- ի փակման օրը հանդիպելով հավաքի լրագրող մասնակիցների հետ։

Մասնավորապես անդրադառնալով «Դեմ եմ» քաղաքացիական շարժմանը, որը հանդես է գալիս կուտակային կենսաթոշակի բարեփոխումների  կառավարության նաեւ վերջին նախաձեռնություններին՝ նշեց, որ ինքը պաշտպանում է այդ բարեփոխումները։ «Դուք գիտեք՝ ես կողմ եմ այդ բարեփոխումներին: Մենք հարգում ենք նաև այլ կարծիքներ և դրանք իրենց ազդեցությունը ունենում են: Չնայած ինչ կարծիքն էլ հաշվի ենք առնում, միևնույն է՝դժգոհողներ լինում են։ Ամեն ինչ պետք է օրենքի շրջանակներում արվեն և արագ որոշումներ կայացնելու համար մահակ պետք չէ»,- ասաց։

Իսկ ահա խոսելով ԱԺ ոչ իշխանական քառյակի՝ թեժ աշնան եւ հուժկու հանրահավաք անցկացնելու հայտարարությունների եւ ՀԱԿ-ի իր հրաժարականի անփոփոխ պահանջի մասին՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ իշխանության հարցը երկրում որոշվում է ընտրություններով եւ այլ տարբերակներն անօրինական են։ «Դուք նման մի տարի հիշո՞ւմ եք, որ ընդդիմությունը չխոստանա թեժ աշուն։ Հանրահավաքները, բողոքի ակցիաները թող լինեն, ես դեմ չեմ, կարևորը, որ դրանք տեղի ունենան օրենքի տառին համապատասխան»,- ասաց։

Իսկ ահա սահմանադրական բարեփոխումների անցկացման ճակատագիրը կորոշվի հոկտեմբերին, երբ նախագահին առընթեր հանձնաժողովը կամփոփի բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումների արդյունքները եւ պարզ կդառնա՝ արդյո՞ք պետք է անցկացնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։

ՄՄ անդամակցությունը երկրի զարգացման կարեւոր շրջափուլ է
Իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե Հայաստանին ստիպում են գլխապտույտ արագությամբ անդամակցել Մաքսային միությանը, անդրադառնալով ՄՄ անդամակցության գործընթացներին՝ նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր «Բազե-2014» հավաքի փակման օրը հանդիպելով լրագրողների ջոկատի անդամների հետ։ «Այն, ինչի համար մեր հասարակության մի մասը մեզ մեղադրում է, և ասում՝ ինչու են մեզ տանում այնտեղ, մեզնով է պայմանավորված և ոչ թե որևէ մեկի ցանկությամբ կամ պնդումներով»,- ասաց նախագահը։

Նա ՄՄ անդամակցությունը երկրի զարգացման կարեւոր շրջափուլ համարեց՝ վստահություն հայտնելով, որ երկրում շատ բան է փոխվելու։ «Որևէ խնդիր չունեմ ոչ այն մարդկանց հետ, որոնք քննադատում են, ոչ էլ ամուր պաշտպանում այդ գաղափարը: Ժամանակը ցույց կտա և բոլորը կտեսնեն, թե ով է լինելու ճիշտը»:

Որպես ասվածի ապացույց՝ Սերժ Սարգսյանն օրինակ բերեց Անկախության հռչակագիրը՝ նշելով, թե շատ մարդիկ կասկածներ ունեին, բայց քսանչորս տարի է անցել եւ հակառակ բարդություններին և դժվարություններին, մեր երկրի ընթացքը հաստատուն է:

Հանրապետության նախագահը համամիտ չէ այն դիտարկմանը, թե Մաքսային միության անդամները ուրախ չեն մեզ տեսնել այդ կառույցում։ «Եթե չցանկանային՝ ուղղակի վետո կդնեին այս խնդրի վրա և այն առաջ չէր շարժվի»,- ասաց։ Միաժամանակ արձանագրեց, որ Հայաստանը փոքր, խնդիրներ ունեցող երկիր է, ինչը որոշակի խնդիրներ է առաջացնում նաեւ միության անդամների համար։

Բանակցություններում 2011- ից էական առաջընթաց չկա
«Մեր նպատակն է, որ Ադրբեջանը ընդունի՝ ԼՂ ժողովուրդը սեփական ճակատագիրը որոշելու իրավունք ունի: Ուզում ենք, որ դա լինի խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե նոր զոհերի գնով: Մեծ առաջընթաց չեմ տեսնում բանակցային գործընթացում, բայց բանակցությունները շարունակվում են»,-  հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան հարցին՝ ի՞նչ զարգացումներ ունենք ղարաբաղյան կարգավորման գործընթացում և ո՞ւր ենք հասել:

«Ինձ համար միանշանակ է Ադրբեջանի գործողությունների նպատակը. միջազգային հանրությանը հասցնել այն գաղափարը, որ պատերազմը չի ավարտվել, որ ստատուս քվոն անընդունելի է և դա կատարվում է ոչ թե պարզապես կրտսեր կամ միջին հրամկազմի ցուցումով, այլ ամենաբարձ մակարդակով»,- նշեց հանրապետության նախագահը։

Դառնալով հակառակորդի վերջին դիվերսիոն ներթափանցումների փորձին՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Նպատակներից մեկը, իհարկե, ինչպես ասում են, մեր աչքը վախեցնելն էր և իրենց ահռելի ծախսերն արդարացնելը։ Իրենք ուզում էին մեզ և իրենց ժողովրդին ցույց տալ արդեն որոշակի լրջության աստիճան, որ իրենք ունեն առավելություն։ Վերջին քսան տարիներին եղել են տարբեր ժամանակաշրջաններում հրադադարի խախտման դեպքեր, բայց երբեք չի եղել օրինակ՝ կրակ ականանետերից։ Այս անգամ եղավ»։Սերժ Սարգսյանը նշեց, որ եթե Ադրբեջանը հաջողեր, ապա պնդելու էր իր մշտական այն թեզը, թե ռազմական գործողություններ չսկսելը արդեն բանակցային գործընթացում Ադրբեջանի զիջումն է։ ,«Ծիծաղելի է, բայց փաստ է։ Այսինքն՝ դա փաստարկ չէ, այլ՝ ուղղակի շանտաժ»։

Հանրապետության նախագահը արձանագրեց, որ բանակցային գործընթացում 2011 թ. սկսած էական առաջընթաց չկա եւ «Կազանում բանակցություններիի ձախողումը Ադրբեջանի կողմից վերջին հանգրվանն է»:

Սերժ Սարգսյանը՝ իր մասին
« Իմ մեջ չարություն չկա: Նույնիսկ այն ԶԼՄ-ները, որոնք թույն են թափում ինձ վրա, ես չարությամբ չեմ լցվում, այլ խղճում եմ. չէ՞ որ դա իրենց կամքով չեն անում, այլ դա համոզմունքով է արվում: Չարությամբ ոչնչի չես հասնի: Աշխարհում ինձ համար ընդունելի չէ երեք  երևույթ՝ չարությունը, տգիտությունը և նախանձը: Այդպիսի հատկություններով օժտված մարդը ճիշտ որոշում չի կարող կայացնել»։

Լրագրողների հետ կարճատև հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց «Բազե 2014» երիտասարդական հավաքի գալա- համերգին:

Ցուցադրել ավելի
Back to top button