Հասարակություն

Ուխտագնացություն դեպի Արցախ

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Երկրապահ կամավորների միության վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ- լեյտենանտ Մանվել Գրիգորյանը Երկրապահ կամավորների հետ ամեն տարի մարտի 5-ից՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվանից, ուխտագնացություն է կազմակերպում հանրապետության բոլոր մարզեր և ավարտում այն Արցախում: Ուխտագնացության ընթացքում երկրապահական, գերատեսչական և կառավարական պարգևներ են հանձնվում ազատամարտի մասնակիցներին, հետմահու՝ զոհվածներին

Արցախյան պատերազմից կամ ժամանակավոր հրադադարից 20 տարի է անցել, սակայն ոչ ազերի խաժամուժն է դադարել մեր սահմանների նկատմամբ ոտնձգություններ կատարելուց, ոչ էլ երկրապահն է դադարել սահմանները հսկելուց: Վաղ գարնանից սկիզբ առած ուխտագնացությունը մոտենում է ավարտին: Երկրապահ կամավորների միության վարչության նախագահ, գեներալ լեյտենենտ Մանվել Գրիգորյանը և 5-րդ բրիգադի մարտիկները Սյունքի մարզում էին: Նրանք ծաղիկներ դրեցին Գորիսում արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին, որի հարևանությամբ այժմ կառուցվում է հուշարձան կոթող:

Մանվել Գրիգորյանը հետաքրքրվեց հուշարձանի կառուցման աշխատանքներով, զրուցեց զոհված ազատամարտիկների այրիների ու ծնողների հետ: Ռոզիտա Սահակյանի որդին Զավենը մինչև պատերազմը ապրում և աշխատում էր Երևան քաղաքում, թիվ 7 տրոլեյբուսի վարորդն էր: Նա, ինչպես իր մայրն է նշում, երկրի օրհասական պահին միանում է Երևանում կազմավորվող կամավորական ջոկատներին և մեկնում Սյունիք՝ հարազատ ծննդավայրը պաշտպանելու։ «Ես որպես մայր փորձել եմ որդուս ետ կանգնեցնել, սակայն նրա պատասխանը մեկն է եղել՝ մամ, կաթիդ հետ ես ներարկել, գնալու եմ, որպեսզի պաշտպանեմ քեզ և իմ հայրենիքը,-  հուզմունքով հիշում է որդեկուրույս մայրը՝ արցունքները սրբելով ու միաժամանակ նշելով,-  հպարտ եմ, որ այդպիսի որդի եմ ունեցել, նրան հիշում են, քիչ թե շատ գնահատում են, հոգ են տանում նրա ընտանիքի նկատմամբ, Երևանում բնակարան են տվել»։

Ռոզիտա Սահակյանը ասաց, որ եթե պատերազմ սկսվի, ապա պատրաստ է օգնել տղաներին, մեր բանակին. «Ես 74 տարեկան կին եմ և կարող եմ նրանց համար ճաշ պատրաստել։ Մենք՝սյունեցիներս, հպարտ ենք մեր Սյունիքի լեռների պես»:

Սյունեցի ազատամարտիկներին հրամանատարը պարգևատրեց Երկրապահ կամավորների միության 20-ամյա մեդալներով։ Գորիսից հետո 5-րդ բրիգադի մարիտիկների ջոկատը ուղևորվեց Արցախ, Լաչինի մայրուղում նոր խաչքար է տեղադրվել, որի կառուցապատման աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են: Ազատամարտիկները հարգանքի տուրք մատուցեցին մեզ համար կարևոր նշանակություն ունեցող դեպի Արցախ կյանքի ճանապարհ բացած իրենց մարտական զոհված ընկերների հիշատակին:

Լաչինում հանդիպեցի 1996 թվականից այնտեղ մշտական բնակություն հաստատած, նախկին ազատամարտիկ Սարգիս Հովսեփյանի հետ: Նա 1992-ի դեռ 16 տարեկանից մասնակցել է ազատամարտին: Պատերազմից հետո ընտանիքով Աբովյանից տեղափոխվել է Լաչին:Նրա քայլը հերոսություն է և կոչ արեց մյուսներին գալ և բնակություն հաստատել մեր երկրորդ հանրապետության տարածքում, որպեսզի անառիկ պահենք մեր ահմանները:

Գեներալ-լեյտենենտ Մանվել Գրիգորյանն իր խոսքով ու ներկայությամբ քաջալերում է ազատամարտիկներին՝ անհրաժեշտության դեպքում նորից զենք վեցնելու թշնամու դեմ պայքարելու համար: «Ինձ համար կարևոր է խաղաղությունը և նույն բանը բոլոր մայրերն ու քույրերն են ուզում։ Ես չեմ ցանկանում, որ նրանք որդեկուրոյս լինեն, վիզը՝ ծուռ, բայց Աստված չանի, եթե պատերազմ լինի, ապա մեր մեկի դեմ, նրանց 1000 ու մեկը կլինի։ Մենք մտածելու խնդիր չունենք, թող ուրիշները մտածեն»,- ասաց Արցախի հերոս Մանվել Գրիգոյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button