Հասարակություն

Մեկ երեխայի դպրոց ճանապարհելու ծախսն առնվազն 30 հազար դրամ է

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Սեպտեմբերի 1- ին ընդառաջ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն ու Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այսօր անդրադարձել են մեր երկրում նկատվող հերթական գնաճի պատճառներին: Տնտեսագետի կարծիքով՝  տնտեսվարողները առաջարկի ու պահանջարկի սկզբունքով են առաջնորդվում, սպառողների իրավունքների պաշտպանի դիտարկմամբ էլ՝ ամեն տարի է նույն «ուղտը չոքում» սպառողների դռանը: Մասնագետները հորդորել են չշտապել, գնել միայն ուսումնական տարվա առաջին օրերի համար խիստ անհրաժեշտ պարագաները, սեպտեմբերի երկրորդ տասնօրյակից, երբ պահանջարկը նվազի, գներն ինքնըստինքյան կիջնեն: Ի դեպ՝ դպրոցականների ծնողները գումար կծասխեն նաև դպրոցում: Կրթության ու գիտության նախարարությունն արդեն հաստատել է 2014-2015ուսումնական տարվա դպորցների դասագրքերի վարձավճարները: 

Նոր ուսումնական տարի ու նոր հոգսեր: Մինչև սեպտմեբերի 1- ը դեռ մեկ շաբաթ կա, սակայն հայաստանյան շուկայում գրենական պիտույքների ու դպրոցական համազգեստի գների բարձրացում է նկատվում: Տարբեր հաշվարկներով՝ մեկ երեխային դպրոց ճանապարհելու համար անհրաժեշտ գումարի նվազագույն շեմը սկսվում է 30- 35 հազար դամից: Հայ ծնողները, իհարկե, հնարավորության սահմաններում փորձում են հավուր պատշաճի նախապատրաստվել նոր ուսումնական տարվան:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը ոչ միայն ուսումնական, այլ նաև բոլոր տոնական և ոչ միայն օրերին շուկայում նկատվող գնաճը տնտեսական օրենքներով է բացատրում՝ եթե կա պահանջարկ, հետևաբար՝ գները բարձրանում են։ Այստեղ նաև տնտեսվարողներն են առիթն օգտագործում, խնդիրը եղել և շարունակելու է մնալ. «Դրան լուծում տալ, նշանակում է միջամտել շուկայի կանոններին: Պարզապես մնում է մեկ խնդիր, որ մարդիկ կարողնանան իրենց եկամուտները ավելացնելով՝  նման խնդրի առաջ չկանգնեն»։

Տարբեր հաշվարկներով, երբ մարդն իր վաստակած գումարի 25 տոկոսից ավելին սննդի վրա է ծախսում, ապա տվյալ երկրի կառավարությունն արդեն սոցիալական ծրագրերի միջոցով փորձում է աջակցել իր քաղաքացիներին, իսկ Հայաստանում, Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով, քաղաքացին իր վաստակած գումարի 60 և ավելի տոկոսն է սննդի վրա ծախում, շուրջ 30 տոկոսը կոմունալ վճարումների է հատկացնում, և մնացած տասը տոկոսով էլ փորձում է ըստ առաջնահերթության մյուս խնդիրները լուծել։ «Կան նյութական ծախսեր՝ հագուստից սկսած սպորտային հագուստ, դասագրքեր: Ամեն տարի այս ուղտը չոքում է մեր դռանը: Վճարունակության խնդիր է։ Բացարձակ առումով թանկ չէ, եթե այլ երկրի հետ ենք համեմատում, պարզապես վճարունակության խնդիր կա»,- ասում է Պողոսյանը։

Կրթության ու գիտության նախարարությունն արդեն հաստատել է 2014-2015 ուսումնական տարվա հանրակրթական դպրոցների դասագրքերի վարձավճարները: Տարրական դպրոցներում դրանք աշակերտներին անվճար կտրամադրվեն, միջին եւ ավագ դպորցներում նվազագույն գին է սահմանվել 200 դրամը, առավելագույնը՝ 530 դրամ : Մեկ դասագրքի համար միջինում ծնողները կվճարեն շուրջ 400 դրամ: Օրինակ՝ 200 դրամ արժեն վեցերորդ դասարանի օտար լեզվի դասագրքերը։ Ամենաբարձր՝ 530 դրամ կվճարեն տասներկուերորդ դասարանի  աշխարհագրության, քիմիայի, կենսաբանության դասագրքերի համար:

Վեցերորդ դասարան հաճախող մեկ աշախկերտի դասագրքերի համար, օրինակ, ծնողը կվճարի շուրջ 4500 դրամ: Դասագրթերի վարձավճարների հետ կարելի է ծանոթանալ՝ այցելելով կրթության ու գիտության նախարարության կայքէջ:

Եթե դասագրքերի վարձավճարները հաստատված են ու դրանք չեն բարձրանա, նույնը չի կարելի ասել անհրաժեշտ մյուս ծախսերի մասին: Մասնագետների կանխատեսումները լավատեսական չեն՝ որքան մոտենա սեպտեմբերի 1- ը, այնքան կբարձրանան գրենական պիտույքների ու անհրաժեշտ մյուս պարագաների գները: Մասնագետները հորդորում են չշտապել, գնել միայն ուսումնական տարվա առաջին օրերի համար խիստ անհրաժեշտ պարագաները, սեպտեմբերի երկրորդ տասնօրյակից , երբ պահանջարկը նվազի, գներն ինքնըստինքյան կիջնեն։

Ցուցադրել ավելի
Back to top button