Հասարակություն

Արցախում վերջին հերթափոխն են ընդունում ամառային ճամբարները

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Երեխաների և երիտասարդների ամառային հանգստի կազմակերպման համար այս ամառ Արցախում մի շարք ճամբարներ են նախաձեռնվել` ինչպես պետական հովանավորությամբ, այնպես էլ մասնավոր նախաձեռնություններով ու հասարակական կազմակերպությունների ջանքերով: Այս օրերին վերջին հերթափոխն են ընդունում դպրոցական ճամբարները, պատանեկան հանգստավայրերում ևս տարեշրջանն են ամփոփում: 

Եթե մանուկների համար նախատեսված ճամբարներում ավելի շատ ուշադրություն են դարձրել հանգստի կազմակերպմանը՝ խաղերն ու ժամանցային միջոցառումները զուգորդելով ուսուցողական ու դաստիարակչական պարապմունքներով, ապա Շուշիում անցկացված սկաուտական բանակումի հինգ հեթափոխերի 750 մասնակիցները`կրտսեր դպրոցականներից մինչև զիծառայություն անցած պատանիներ, յոթօրյա ճամբարական կյանքում սովորել են լինել ինքնուրույն, ապրել բնության հետ հաշտ, պատասխանատու լինել ինչպես սեփական անձի, այնպես էլ ընկերոջ և հասարակության համար:

Սկաուտական բանակում Արցախում կազմակերպվում է հինգերոդ անգամ: Նախաձեռնությունը «Հայկի սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպությանն է։ Տարիներ շարունակ նրանց աջակցել են Թեհրանի հայ սկաուտները: Նրանց ատենապետ Ռուբիկ Սարդարյանն այս տարի էլ Շուշիում էր: Նրա կարծիքով՝ սկաուտական շարժումը Արցախում դանդաղ, բայց արդեն արմատավորվում է։

Սկաուտական բանակումին մասնակցում էին նաև պարսկահայ երեխանները: Շուշիի ճամբարականների մեծամասնությունը Արցախից էր և սկաուտական շարժման առանձնահատկություններին ծանոթացել էր հենց ճամբարում։ Կազմակերպիչները ընդհանրական գաղափարախոսությունը մատուցում էին ազգայինին միահյուսված՝ փորձելով խորացնել գիտելիքները հայրենիքի եւ նրա հերոսների մասին։ Հստակ ռազմահայրենասիրական ուղղվածություն ունի Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտ կազմակերպված ճամբարը, որում ընդգրկված են մոտ 130 պատանիներ և աղջիկներ` հիմնականում Ազատամարտիկների միության երիտասարդական կառույցի` «Հայրենյաց պաշտպան » կազմակերպության անդամներն ու համակիրները։ Ճամբարի առօրյան շատ քիչ է տարբերվում բանակային առօրյայից։

Այսօր երիտասարդների համար դասախոսությամբ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն է հանդես եկել: Այն նվիրված էր Արցախի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերին: Այս թեման, հաշվի առնելով շփման գծում հուլիս-օգոստոսյան լարվածությունը, հատկապես հրատապ էր հայրենյաց պաշտպանների կազմակերպված բոլոր հանդիպումներում։

Ի դեպ՝ այս ամառ չի գործել Արցախի ամենահայտնի՝ Գանձասարի ճամբարը: Վանական համալիրին կից կառուցված շենքերից մեկը, որը վերջին տարիներին օգտագործվում էր ամառային ճամբարների և երիտասարդական այլ միջոցառումների կազմակերպման համար, ԼՂՀ կառավարության որոշմամբ ճամբարն այս տարի լուծարվել է: Երիտասարդական հավաքների մի մասը տեղափոխվել է այլ հասցեներ, հիմնականում՝ Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի տարածք, իսկ շենքում տեղակայվելու է Մատենադարանի մասնաճյուղը, որին կփոխանցվեն Մատենադարանում պահվող այն ձեռագրերի կրնօրինակները, նաև բնագրեր, որոնք Արցախից են տեղափոխվել Երևան։

Ցուցադրել ավելի
Back to top button