Պաշտոնական

Վրաստանի վարչապետին հյուրընկալեցին ԱԺ- ում

Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ, երկու երկրների դեսպանները:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշեց, որ այս այցը ևս մեկ անգամ ապացուցում է երկու երկրների՝ բազմակողմանի համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված պատրաստակամությունը:

ՀՀ ԱԺ նախագահը հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում կարևորեց Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների դերը և համագործակցությունը միջազգային կառույցներում:

Ըստ ԱԺ նախագահի՝ երկու երկրները պետք է ավելի ակտիվ համագործակցեն, նախագծեն ու իրականացնեն համատեղ նոր ծրագրեր: Անդրադառնալով հայ-վրացական բազմադարյան բարեկամությանը՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ հաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանության ոգեկոչման հարյուրամյա տարելիցը, և պատմության դասերը չեն առնչվում միայն հայ ժողովրդին, այլ վերաբերում են նաև մյուս ժողովուրդներին: Հայոց ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը կարևոր նշանակություն ունի մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելու հարցում:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում տևական խաղաղության, կայունության հաստատման և տարածաշրջանային անվտանգությանն ուղղված նոր պայմանների ստեղծման հարցում: Գալուստ Սահակյանը նշեց, որ Հայաստանը հետամուտ է ղարաբաղյան հակամարտության՝ խաղաղ ճանապարհով կարգավորմանը և կարևորում է վստահության մթնոլորտի հաստատումը տարածաշրջանում:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին և ներկաներին, նշեց, որ վրացական պատվիրակության այցի նպատակն է առավել զարգացնել հարևան երկրի հետ բարիդրացիական հարաբերությունները և նպաստել տնտեսական, մշակութային կապերի ամրապնդմանը: Նա կարևորեց Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների համագործակցության խորացմանն ուղղված քայլերը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Ցուցադրել ավելի
Back to top button