Քաղաքական

Հայաստանի սոցիալական, քաղաքական, իրավական տնտեսական համեմատական հավասարության բալանսը խախտվել է, ասում են ԳԽ պատգամավորները

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Անկախության հռչակագրի ընդունման օրվան` օգոստոսի 23-ին ընդառաջ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անկախության հռչակագրի նշանակության եւ անկախությանը սպառնացող մարտահրավերների վերաբերյալ իրենց դիտարկումներն են ներկայացրել ԳԽ պատգամավորներ, խորհրդային այլախոհ Ազատ Արշակյանը եւ  Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նրանց գնահատմամբ` անկախության հռչակումից հետո, անցած 24 տարիներին, Հայաստանի սոցիալական, քաղաքական, իրավական տնտեսական համեմատական հավասարության բալանսը խախտվել է, ինչը լուրջ մարտահրավեր է անկախ պետականությանը։

Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում հինգ անգամ կարողացել է վերականգնել իր պետականությունն այն կորցնելուց հետո: Օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի ընդունման օրվան ընդառաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը` վերագնահատելով անկախության նշանակությունը։ «Համաշխարհային հանրությունը կարծում էր, որ այլեւս հայ ժողովուրդը ձգտում չունի պետության, պետականության: 80-ական թվականներին, երբ որ Սովետական Միությունը փլուզվում էր, պարզվեց, որ 95 տոկոսը հայ ժողովրդի պետական մտածելակերպ ունի, պետական ժողովուրդ է»,- ասում է։

24 տարի առաջ հայ ժողովուրդը վաստակել էր եւ նվաճեց իր անկախությունը, քանի որ պետական ժողովուրդ էր, շեշտեց Ազատ Արշակյանը, ով խորհրդային տարիներին անկախ պետականության համար պայքարող այլախոհներից մեկն է։ «Այսօրվա մեր կարգավիճակը չի համապատասխանում մեզ հատկացված «ռեզերվացիայի» կարգավիճակին: Մենք դա նվաճել ենք ու աշխարհին կանգնացրել ենք փաստի առաջ։ Մենք պետական ժողովուրդ ենք, մենք ունենք պետություն, ուզում ենք, որ մեր պետությունը լինի լիարժեք, ինքնաբավ պետություն: Մենք արժանի ենք դրան եւ դա արդեն ապացուցել ենք»։

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ԳԽ պատգամավոր Գառնիկ Իսագուլյանը նկատեց, որ հայ մարդու մեջ սոցիալական, քաղաքական, իրավական հավասարությունը կենսական անհրաժեշտություն է: Այս առումով նա պատմության դասերը կարեւր համարեց. «Մենք պետականությունը կորցրել ենք, երբ մեր իշխանավորների եւ ժողովրդի միջեւ տարանջատումը բավականին մեծացել է եւ, ըստ էության, իշխանությունները եւ ժողովուրդը միասնական որեւէ բան չեն ունեցել: Երբ ենք ձեռք բերել պետականություն, երբ բոլոր խավերը հայ իրականության մեջ հայտնվել են մի կարգավիճակում, երբ բոլորի ստատուսը նույնն է եղել եւ այդ ժամանակ բոլորը պայքարել են եւ վերականգնել հայոց պետականությունը»։

Հենց այդպիսին էր իրավիճակը 90-ականներին եւ հենց դրա համար հնարավոր եղաի լուծել խնդիրներ, որոնք անլուծելի էին թվում, հավելեց Գառնիկ Իսագուլյանը: Այդպիսի պայմաններում էլ հնարավոր եղավ միասնաբար մշակել անկախության 12 կետից բաղկացած հռչակագիրը, երբ դեռ կար Խորհրդային Միությունը: Հայ ժողովուրդն ապացուցեց, որ պատրաստ է անկախության:

Անցած 24 տարիներին, սակայն, Գառնիկ Իսագուլյանի գնահատմամբ, հայ հասարակությունը բաժանվել է տարբեր արհեստական խավերի` աղքատներ, խիստ հարուստներ եւ ինքնանպատակ իշխանություն: «Ներքին խավը ոչ մի իրավունիք, ըստ էության, չունի, միջին խավը չգիտի՝ վաղը ինքը կլինի, թե ոչ, օլիգարխիան դժվար է ասել ինչպես է այժմ մտածում։ Սա նախանշան է, որ հայոց պետականությունը վտանգվում է»։

Այս ամենի արդյունք է արտագաղթը, որ ներառել է բոլոր խավերը: Սա, Գառնիկ Իսագուլյանի գնահատմամբ, նշանակում է մեկ բան` պետականության այն մոդելը, որ գործում է, բնական չէ եւ լրջորեն խորհելու ու գործելու անհրաժեշտություն է պահանջում։

Ցուցադրել ավելի
Back to top button