Տնտեսական

Արտահանման ծավալներն ավելանում են. միակ խոչընդոտը՝ Վերին Լարսն է

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Նշանակվելուց ու վերանշանակվելուց հետո նախարարները շարունակում են հանդիպել լրագրողների հետ ու ամփոփել իրենց գործունեությունը: Այս հանդիպումները նախորդներից տարբերվում են թերևս նրանով, որ յուրաքանչյուր նախարար լրագրողների հետ հանդիպման հետաքրքիր կամ որ այժմ ընդուված է ասել «կրեատիվ» մոտեցումներով է աչքի ընկնում: Հիշեցնենք, բնապահպանության նախարարն օրինակ իր հարյուր օրն ամփոփել էր Խոսրովի արգելոցում, արդարադատության նախարարը՝ ջազ ակումբում: Ստեղծագործական մտքի թռիչքով գործընկերներին չի զիջել նաև գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա էլ է այսօր ամփոփել այս տարվա անցած ամիսները։

Տեսնել սեփական աչքերով ու համոզվել, որ գյուղատնտեսական տարին իսկապես առատ է: Ոլորտի պատասխանատուն լրագրողների հետ հանդիպման էր նախապատրաստվել հենց այս տրամաբանությամբ։ Արարատյան դաշտավայրի անուշահամ մրգերը՝ խաղող, դեղձ, խնձոր, թուզ, տանձ ու ծիրան, լրագրողների հետ հանդիպման անբաժան մասը դարձան: Տարին առատ է, մրգի պակաս՝ բացառությամբ ծիրանի, Հայաստանում չունենք: Պարզվում է՝ մարտի 31- ին ու ապրիլի 1- ին տեղացած կարկուտի, ցրտահարության, դրանց հաջորդած կարկտահարության աղմուկն անտեղի էր, լրատվամիջոցներն էին բարձրացրել։

Գյուղատնտեսությունում սա սովորական երևույթ է, ասում է գյուղնախարար Սերգո Կարապետյանը։ «Բոլոր ալիքներով ասում էին այս մարզում այսքան կարկտահարություն, մյուսում՝ այնքան: Դա նորություն չէ: Ժողովրդի մեջ այն տպավորությունն էր ստեղծվել, որ այս տարի բերքն ամբողջապես ոչնչացավ, գյուղատնտեսության ոլորտն էլ զարգացում չի ունենալու, ընդհանրապես շուկաներում պտուղ չի լինելու: Բոլորի մոտ այդ տպավորությունն էր: Ինձ հաճախ էին հարցնում, այս տարի ծիրան կունենա՞նք, կուտե՞նք ծիրան: Դուք բոլորդ համոզվեցիք, որ ծիրանի ծավալները, այո, անցյալ տարի անհամեմատ շատ էր։ Վերջին ատսը տարվա համար դա ամենամեծ թիվն էր մեզ համար, բայց այս տարի բավականաչափ ծիրան եղավ»։

Ծիրանի գինը բարձր էր, բայց ազատ շուկայական հարաբերություններ են, առաջարկի ու պահանջարկի խնդիր է, սառնարաններում դեռ մթերած ծիրան կա, ցրտահարված ծիրանը ընդհանուր ցուցանիշի վրա չի ազդել, ասում է նախարարը։ «Մեր կանխատեսումերով պտղի ծավալները մոտավորապես 35 հազար տոննայով պակաս կլինի նախորդ տարվա ծավալներից այն դեպքում, երբ որ 89 հազար տոննա միայն ծիրանի բերք ենք ունեցել: Այս տարի շատ առատ է դեղձը։ Այսօրվա դրությամբ մենք արտահանել ենք 780 տ դեղձ, անցյալ տարվա այս ժամանակահատվածի համեմատ մոտավորապես 300 տ ավելի։ Անցյալ ամբողջ տարին մենք արտահանել ենք 955 տ դեղձ»։

Կանխատեսվում է, որ այս տարի Հայաստանից երեք հազար տոննայից ավելի դեղձ կարտահանվի: Ռուսական շուկան հայերի համար նորություն չէ, պարենային արտադրանքի շուրջ 70 տոկոսը հենց այստեղ է իրացվում, սակայն լավ հնարավորություն է՝ այնտեղ ավելի շահեկան դիրք գրավելու համար: Երկարաժամկետ ու կարճաժամկետ նախագծեր են մշակվում, հատկապես, որ արտահանման ծավալները կրկնապատկելու հնարավորությունը մեծ է, թերահավատների համար մի քանի անգամ է կրկնում: Ի դեպ՝ նախարարը չի կարծում, որ արտահանման ծավալների ավելացմամբ, ներքին շուկայում դեֆիցիտ ու գների աճ կնկատվի:

Ռուսական շուկայում պահանջարկը մեծ է նաև բանջարեղենային պահածոների նկատմամբ։ Ոլորտի պատասխանատուները վերամշակող ընկերություններին հորդորում են արտադրման ծավալներն ավելացնել: Գյուղնախարարությունը փորձում է ավելացնել նաև խաղողի արտադրության ծավալները, որոնք գերատեսչությանը չեն բավարարում։ «Այսօր այդ ծավալները չնչին են, մենք մեր առջև խնդիր ենք դրել առաջիկա չորս-հինգ տարիների ընթացքում սեղանի սորտի խաղողի ցանքատարածություններն ավելացնել մոտավորապես հինգ հազար հա-ով, քանի որ այն առաջին հերթին գյուղացիների համար շատ եկամտաբեր է։ Գարնան վաղահաս այդ սորտերի վաճառքից իրենք մեծ եկամուտներ են ստանում, և մեծ պահանջարկ կա»։

Պաշտոնական տվյալներով՝ տասը օր, սակայն, դեռ պարզ չէ որքան փակ կմնա Հայաստանի ու հատկապես մեր երկրի արտահանման համար կենսական նշանակություն ունեցող Վերին Լարսի անցակետը: Մայիսին նույն վիճակն էր, ինչն էլ բացասական ազդեց տնտեսական ցուցանիշերի վրա: Պաշտոնյաները հույն ունեն, որ այս անգամ անցակետն ավելի շուտ կբացվի ու պտուղ-բանջարեղեն արտահանող ընկերությունները, որոնք սառնարանային պայմաններում են պահում արտահանվող ապրանքը, խնդիրներ չեն ունենա: Հակառակ դեպքում՝ կորուստները մեծ կլինեն:

 

Ցուցադրել ավելի
Back to top button