Վերլուծական

Տարածաշրջանային հակամարտություններն ու կրոնական գործոնը. Հայաստանին նետված մարտահրավեր

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Կրոնագետ-աստվածաբան Վարդան Խաչատրյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նկատել է, որ Հայաստանին հարակից բոլոր ուղղություններով ընթանում են բարդ, վտանգավոր պատերազմական գործողություններով հագեցած իրադարձություններ, որոնց մեջ ներքաշված են կրոնական ամենատարբեր ուղղություններ դավանողներ: Ըստ կրոնագետի` ստեղծված նման իրավիճակը մտահոգիչ է եւ հայ ժողովրդի համար դրանից առավել քիչ կորուստներով դուրս գալը կարեւորագույն խնդիրներից մեկն է:

Անդրադառնալով արդի Սփյուռքի եւ Հայաստանին հարակից տարածաշրջաններում դավանաբանական խնդիրներին` Վարդան Խաչատրյանը երկու հանգամանք առանձնացրեց: Անհրաժեշտ է ճիշտ գնահատել ինչպես Հայաստանի ներկայիս իրավիճակը, այնպես էլ շրջապատող իրադարձությունների հնարավոր ազդեցությունները: Նրա խոսքով` այստեղ առաջնայինը համայն հայության միասնական ջանքերի գործադրումն է, «որը հնարավորություն կտա տեղյակ լինել եւ ձեռքը պահել այդ զարգացումների պուլսի վրա ու ճշգրիտ արձագանքել հնարավոր բոլոր անցումներին»։

Խոսելով մասնավորապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի քայլերի մասին` Վարդան Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ: Թուրքիայի արձագանքը լինելու է կոսմետիկ քայլերի տեսքով, իսկ Թուրքիան արդեն քայլեր է կատարում թուրք հասարակության մեղքը կրճատելու ուղղությամբ: Բանախոսը նկատեց, որ թուրքական մամուլում արդեն կան հրապարակումներ երիտթուրքերի գաղտնի ժողովների արձանագրություններից, որտեղ քննարկվել է հայերի տեղահանման խնդիրը: Հրապարակումներում շեշտադրվում է, որ թուրք ծագմամբ անձանց քվեարկությունները եղել են ոչ հօգուտ հայերի տեղահանման։

Այսինքն` գործում է հսկայական պետական քարոզչական ապարատ, որին հայությունը պետք է պատասխանի։ «Մեր դեմ, փաստորեն, կանգնած է եւ գործում է հսկայական պետական մեքենա, որի գործունեության, համենայնդեպս, վերջին 100-ամյակը, անգամ մեծ եղեռնից հետո, հիմնականում եղել է ընդդեմ հայերի, եթե չասենք, որ հայատյացությունը եղել է այս քաղաքականության առանցքային գիծը»։

Բանախոսը միաժամանակ նկատեց, որ մեր շրջապատում բոլորը ներքաշված են իրական պատերազմի մեջ, որոնք միմյանց հետ ունեն խորը դավանաբանական ու գաղափարաբանական խնդիրներ ու ծայրահեղական դրսեւորումները հասել են իրենց գագաթնակետին: Այդ ամենում էլ առկա է նաեւ կրոնական գործոնը եւ հասարակությունները մեր շրջապատում գնում են ծայրահեղացման: Այս ամենում կան բավականին լուրջ վտանգներ, որոնք պետք է հաշվի առնել։ «Պետք է հասկանալ, որ ինքը ալիք է, որի բարձրանալու դեպքում մենք պետք է պատրաստ լինենք դիմագրավելու: Բոլորիս համար հասկանալի է, որ նրանց գլխավոր խնդիրներից մեկը հանդիսանում է Հայաստանի` որպես խոչընդոտ, կամ մեկուսացումը, կամ թուլացումը, կամ վերացումը»։

 

Ցուցադրել ավելի
Back to top button