Միջազգային

Իրաքի եզդի փախստականներն ապաստանել են Վրաստանում

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի

Իրաքի հյուսիսում զանգվածային կոտորածներից փրկված 30 եզդի փախստական ապաստանել է Վրաստանում։ Վրաստանի եզդիների համայնքի տվյալներով՝ մոտ օրերս սպասվում է փախստականների եւս մեկ հոսք:

Թբիլիսիիում գործող «Եզդիների տունը» վերջին օրերին լեփ լեցուն է փախստականներով: Վրաստան մուտք գործած եզդիները այստեղ են առաջին օգնություն ստանում: Հղի մի կին արցունքն աչքերին պատմում է, թե ինչպես է հասել Թբիլիսի։ «Երբ իմացանք ահաբեկիչները մոտենում են մեր գյուղ, փախանք, գիտեինք ոչ ոք մեզ չի պաշտպանելու»։

Զրուցակիցս, ով չցանկանցավ նշել անունը, պատմեց, որ թեև մինչ այդ էլ երբեմն իսլամիստները աչքի էին ընկնում թշնամական վերաբերմունքով, այդուհանդերձ հնարավոր էր ապրել կողք կողքի: «Այս ամենից հետո ես չեմ պատկերացնում, թե երբևէ կվերադառնամ իմ տուն»,- ասում է։

Իրաքում բազմաթիվ եզդիներ այսօր պատսպարվել են լեռներում` առանց ջրի ու սննդի: «Սա իսկական ցեաղասպանություն է է»- ասում է «Եզդիների տուն» կազմակերպության ղեկավար Ագիտ Միրզոեւը՝ կոչ անելով քաղաքակիրթ հասարակությանը հանդես գալ այդ սասափելի իրադարձությունների դեմ: Ըստ նրա՝ եզդիների հանդեպ իրականացվող վայրագությունները ուղղված են նաև ողջ մարդկության դեմ։

Այս պահի դրությամբ՝ 30 եզդի դիմել է կազմակերպությանը, սակայն Միրզոեւի խոսքով՝ կան տվյալներ, որ Վրաստանի սահմանը հատել են ավելի շատ փախստականներ։ «Մենք որպես եզդիական համայնք, ծրագիր ենք կազմել մեր հայրենակիցների խնդիրների առնչությամբ և փորձում ենք լուծել նրանց այստեղ ապրելու, սննվելու հարցերը, հանդես ենք գալիս որպես միջնորդ Վրաստանի կառավարության հետ՝ նրանց փախստականի կարգավիճակ տալու հարցում»,- ասում է։

Միրզոեւի փոխանցմամբ՝ եզդիները միշտ մահմեդականություն ընդունելու դեմ են եղել և դեմ են լինելու։ «Մենք նույնպես այստեղ հաստատվեցինք իսլամ չընդունելու համար»։

Հավելենք՝ վերջին մարդահամարի (2002թ.) տվյալներով Վրաստանում այսօր ապրում է ավելի քան 20 հազար եզդի:

Ցուցադրել ավելի
Back to top button