ԿարևորՀասարակություն

Բնապահպանները Սեւանի մակարդակի բարձրացման ցանկությանը չեն հավատում

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանը հունիսի 22-ին հավանություն տվեց Սևանա լճից 270 մլն խմ ջուր բաց թողնելու կառավարության նախաձեռնությանը, ինչն էլ իր հերթին դժգոհության ալիք է բարձրացրել բնապահպանների շրջանում: Այսօր Սևանի ճակատագրից են խոսել բնապահպան Գագիկ Սուխուդյանն ու «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանը: Ըստ նրանց` այսքան քանակությամբ ջրի բացթողումը կազդի լճի և կենսաբազմազանության, և ջրի մաքրության ու որակի վրա: Վերջիններիս կարծիքով` այս ամենից խուսափելու համար պետք է խնայողաբար օգտագործել ջուրը, և հսկել լիճը։

Սևանի խնդիրը անկախ Հայաստանում շարունակում է մնալ չլուծված հարցերից մեկը: Լճից հավելյալ ջրառը Սևանի բախտի հետ խաղալ է համարում բնապահպան Գագիկ Սուխուդյանը և նշում, որ լճի վերաբերյալ մեր վերաբերմունքը չի փոխվել. Սևանին նայում ենք որպես բնական ոռոգման ջրամբար: Անցյալ տարվա համեմատ, պաշտոնական տվյալներով,  ջրի մակարդակն իջել է 9 սանտիմետրով: «Կիլիկա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանը նշում է, որ 2012 թվականին Սևանի թափանցիկությունը կտրուկ բարձրացել էր, ինչն էլ պահպանվում է մինչ օրս, սակայն պատկերը փոխվելու վտանգը կա։

Տարածաշրջանի քաղցրահամ ջրի պաշար հանդիսացող Սևանի ջրի որակին իր հերթին վտանգում է շրջակա հանքարդյունաբերությունը, նշում է բնապահպանը և շեշտում հատկապես Սոտքն ու Շորժան: Այն, որ ցանկություն կա բարձրացնելու Սևանի ջրի մակարդակը, բնապահպանը չի հավատում, քանի որ չի տեսնում ծրագրի նախագիծ։ «Ի՞նչն է մնում ջրի տակ` խողովակները, անտառները, էլեկտրական գծերը, շինությունները։ Գումար է պետք դա տեղափոխելու համար, նախահաշիվ է պետք: Մենք չունենք։ Վաղուց պետք է պատվիրեինք այդ աշխատանքները։ Դա մեծ աշխատանք է պահանջում: Համենայն դեպս՝ ինձ հայտնի չի, որ որևէ նախագծային ինստիտուտ զբաղվում է դրանով, և գիտեմ, որ ոչ մեկ չի զբաղվում»,- ասում է Սուխուդյանը։

Ջրօգտագործման խնայողությանն իր հերթին կնպաստի Արարատյան դաշտավայրում որոշ տնտեսությունների կաթիլային ոռոգման անցնելը, սակայն ջրի խնայողությանը կնպաստեն հատկապես ձկնաբուծարաններում կարգուկանոնի հաստատումը, որոնք ամենաշատ ջուրն են ծախսում այսօր: Արդյունաբերության այս ճյուղի սեփականատերերին հանձնարավել է տեղադրել այնպիսի սարքեր, որոնք հնարավորություն կտան մաքրել սպառած ջուրն ու այն կրկին օգտագործել:

Ձկնարտադրությունը զարգացնելու համար բնապահպան Գագիկ Սուխուդյանը մատնանշում է Սևանա լիճն ու գետերը: Ամեն տարի բնապահպանության նախարարությունը 60 միլիոն դրամի մանրաձուկ է բացթողնում Սևան, սակայն ջրի մակարդակի իջեցումը միևնույնն է վտանգում է Սևանի կենսաբազմազանությունը։ «Սևանի հանձնաժողով կար, որը ահազանգ ստացավ, որ Գավառում 4 խոշոր եղջերավոր սատկել են: Մենք գնացին` իմանալու, թե ինչն էր պատճառը: Ամբողջ 240 կմ-ը ջրիմուռ էր: Այն ժամանակ ջրի մակարդակը 1897 էր, հիմա՝ 1900 ու մի քանի սմ: Ու մոտորային նավակները չէին կարողանում գնալ, որովհետև մամուռները փաթաթվում էին շարժիչի վրա։ Ամբողջը ճահիճ էր: Այդ պատկերը կվերականգնվի, որովհետև լճի վրա ծանրաբեռնվածությունը ավելացել է. ամառանոցները շատացել են, ռեստորանները շատացել են, ափերի շահագործման ոչ մի կանոն չկա»,- փաստում է բնապահպանը։

Հակառակ այդքան մանրաձկան բացթողմանը՝ բնապահպանը դեռևս չի տեսել իշխան ձկնատեսակի վերականգնումը: Նա կարծում է, որ անհրաժեշտ է հսկել գետը, անհրաժեշտության դեպքում թողնել՝ այն հանգստանա, ինչպես նաև ձվադրման ընթացքում դադարեցնել որսը: Սևանում այսօր կան տարածքներ, որտեղ անտառները մնացել են ջրի տակ։ Բնապահպանն առաջարկել է ջրի մակարդակի բարձրանալու դեպքում նման իրավիճակից խուսափելու ելքը։ Նա առաջարկում է այդ տարածքներն անվճար տրամադրել հարակից գյուղերի բնակիչներին՝ անտառները արմատահան անելու եւ փայտը օգտագործելու նպատակով։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button