Հասարակություն

«Ալեքսանյան շաքարի» փոխարեն՝ «հայկական մեղրախոտ». գիտնականների բացահայտումը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հայ գիտնականները վերջին տարիներին արել են մի բացահայտում, որն արդեն ստացել է «Հայկական մեղրախոտ» անվանումը եւ Ազգային ստանդարտների ինստիտուտի կողմից գրանցել է Հայաստանում որպես նոր տեխնիկական կուլտուրա։ Գիտնականներից, բժիշկներից եւ այլ մասնագետներից բաղկացած խումբը ստացել է արտոնագիր: Որոշ առումով այս իրադարձությունը կարող է սպառնալիք համարվել շաքարավազի շուկայում առկա այսօրվա մենաշնորհին, եթե իհարկե, պետությունը ավելի լուրջ մոտենա այս հարցին, կարծում են մշակաբույսով զբաղվողները։

«Stevia Rebaudiana». բուսական աշխարհում ընդունված այս անվանումը միգուցե հիմա ոչ մեկին ոչինչ չասի, բայց ապագայում գիտնականները խոստանում են հեղաշրջում, նույնսիկ հենց Հայաստանում: Խոսքը շաքարի բնական փոխարինիչի մասին է: Այս ամենի հիմքը դրվեց երեք տարի առաջ, երբ Հարավային և Կենտրոնական Ամերիկայում, իսկ ավելի կոնկրետ` Պարագվայում աճող այս բույսի սերմերը բերվեցին Հայաստան եւ փորձ արվեց այն աճեցնել այստեղ։

Բոյսին ամենաշատը, այսպես ասենք, դուր եկավ ԼՂՀ Ասկերանի շրջանը: Այստեղ է, որ բույսը շատ լավ է աճում եւ պահպանում իր օգտակար բաղադիչները: Այն արդեն ստացել է «Հայկական մեղրախոտ» անվանումը եւ Ազգային ստանդարտների ինստիտուտի կողմից գրանցել է որպես նոր տեխնիկական կուլտուրա, իսկ գիտնականներից, բժիշկներից եւ այլ մասնագետներից բաղկացած խումբն արդեն ստացել է արտոնագիր:

Ի դեպ` այս ամենը նախաձեռնել է ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ Միքայել Բաբախանյանը` նախապես իմանալով, թե ինչ է իրենից ներկայացնում «սթեվիա» խոտաբույսը։ «Հիմա այն տարածված է ամբողջ աշխարհում, հատկապես՝ օգտաործում են տիեզերագնացների, սուզանավերի անձնակազմերի, նախկինում` խորհրդային էլիտայի համար են օգտագործել սա, իսկ Ճապոնիայում սա ընդունել է համատարած բնույթ, որովհետեւ բացի բուժիչ հատկություններից, իր մեջ կլանում է ռադիոակտիվ նյութեր եւ դուրս է բերում օրգանիզմից: Դրանով բուժվում եւ կանխարգելվում է դիաբեթ կոչվող հիվանդությունը, քանի որ այն քաղցրությունը, ինչ որ պարունակում է այս տերեւը,  գլյուկոզա չէ, շաքար չէ, այլ` գլյուկոզիդ է: Նա ունի նաեւ էնդիմիկ նշանակություն, այսինքն` նրա մեջ կա յոդ եւ ցինկ, որը շատ կարեւոր են այդ նյութերով պակաս Հայաստանի համար»։

Տասնչորս կազմակերպությունից բաղկացած աշխատանային խումբը վերջին տարիների ընթացքում մանրամասն ուսումնասիրել է խոտաբույսի ազդեցությունը տարբեր հիվանդությունների վրա: Ստացել են բավականին հետաքրիր արդյունքներ: Բույսի օգտակարությունը գնահատելու համար աշխատանքային խմբի անդամ, բժիշկ Հրայր Հովսեփյանը պակաս կարեւոր չի համարում նաեւ միջազգային փորձը։ Կան երկրներ, որտեղ գենոֆոնդի պահպանման ազգային ծրագրում ներառված է հենց այս բույսը

«Աշխարհում ամենաշատը այս դեղաբույսը օգտագործվում է Ճապոնիայում: Ճապոնական գենոֆոնդի պահպանման ազգային ծրագրի ստեղծման հարց դրվեց եւ ուսումնասիրություններից այս բույսը բերվեց եւ ընդգրկվեց այդ ազգային ծրագրի մեջ: Իրենց մոտ այդ բույսի արտահանումն արգելվում է: Չինացիները եւ ճապոնացիները այն անվանում են «կյանքի էլիքսիր»: Իհարկե՝ հեռու եմ այն մտքից, որ սա բոլոր հիվանդությունների համար դեղամիջոց է, բայց մենք սիրում ենք այն անվանել հզոր վահան բոլոր հիվանդությունների դեմ: Սա պետք է մտնի կենցաղ, որովհետեւ երկար օգտագործման դեպքում շատ լուրջ ազդեցություն է թողնում»։

Տնտեսագետների հաշվարկով՝ «սթեվիա» բույսի 1 հա տարածքը համարժեք է ճակնդեղի 30 հեկտարին: Օրինակ` մեկ բաժակ տաք հյութ քաղցրացնելու համար բավական է բույսի 3 տերեւ օգտագործել: Կարելի է նաեւ մուրաբա եփել, վստահեցնում են գիտնականները` հավաստիացնելով, որ այդ դեպքում այն ավելի օգտակար կլինի: Աշխատանքային խմբի անդամները, իհարկե, չեն պնդում, որ «սթեվիա» բույսը կարող է շուկայից դուրս մղել շաքարավազը: Ասում են` ամեն մեկն իր տեղն ունի եւ չեն պատրաստվում մեծ խմբաքանակ արտադրել եւ մտնել շուկա, հատկապես, երբ շաքարավազի շուկան, ինչպես հայտնի է մենաշնորհված է։

«Ճարպակալումով տառապող հիվանդներին խորհուրդ է տրվում «ալեքսանյան շաքարի» փոխարեն օգտագործել «հայկական մեղրախոտ», եւ քաղցրություն կզգաք, եւ ճարպակալումը կիջնի»,- կատակում  է կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Խաչատուր Նահապետյանը։ Կատակը` կատակ, բայց գիտնականները պատրաստ են պահանջարկի դեպքում մի քիչ ավելացնել արտադրանքի ծավալը` իհարկե, եթե լինի որոշակի պետական, կամ մասնավոր աջակցություն։

Ցուցադրել ավելի
Back to top button