ՀասարակությունՄշակույթ

Օգոստոսի 23- ին Գորիսում կանցկացվի Թթի փառատոնը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Զբոսաշրջությունը Հայաստանում զարգացնելու նպատակով ամռան սեզոնին ամեն մարզ կազմակերպում է իրեն հատուկ փառատոն, ինչն էլ, ոլորտի պատասխանատուների խոսքով, նպաստում է զբոսաշրջության զարգացմանը: Գորիսում օգոստոսի 23-ին մարզի բնակիչներն ու հասարակական կազմակերպությունները հյուրերին կներկայացնեն թթից պատրաստված զանազան ավանդական ուտեստներ, ինչպես նաև կմասնակցեն դրանց պատրաստման արարողությանը: Փառատոնը կամփոփվի մրցանակաբաշխությամբ` «Լավագույն թթի օղի», «Լավագույն դոշաբ», «Լավագույն չորացրած թութ» անվանակարգերում։

Չնայած որ զբոսաշրջությունը Հայաստանում զարգացնելու համար դեռևս շատ խնդիրներ կան լուծելու սկսած ճանապարհների բարեկարգումից մինչև հասարակական զուգարանների տեղադրում, այնուամենայնիվ, 2013 թվականի վիճակագրական արդյուքների համաձայն` Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է:

Հայկական ավանդույթները մեր հայրենակիցներին և օտարերկրացիներին ճանաչելի դարձնելու համար ամեն տարի յուրաքանչյուր մարզ կազմակերպում է իր բրենդային ուտեստի փառատոնը: Այս տարի առաջին անգամ Գորիսում կազմակերպվում է թթի փառատոն, որտեղ այցելուները հնարավորություն կունենան տեսնել, թե ինչպես է թորվում օղին, պատրաստվում թթի դոշաբը, չորաթանը, ինչպես նաև կմասնակցեն Սյունիքի ավանդական ճաշատեսակներ համարվող թոնրի լոբու, կուրկուտի, քրլոգոշի պատրաստմանը:

Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի խոսքով` Գորիսում կազմակերպվող փառատոնը դառնալու է ավանդական: Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցն էլ նշեց, որ հաջորդ տարիներին փառատոնը կկազմակերպվի ավելի շուտ հենց թթի սեզոնին, այս տարի այն հետաձգվել է քաղաքապետի ընտրությունների պատճառով: «Հաջորդ տարիներին մենք անպայման երևի կնշենք հուլիսի առաջին շաբաթ օրը, որպեսզի իսկապես թութ ունենանք և նաև մասնակցենք թութ թափ տալու և այն վերամշակելու հետաքրքրիր գործընթացին»,- ասում է քաղաքապետը։

Այս փառատոնի նպատակն է Գորիսում զարգացնել զբոսաշրջությունը և հնարավորություն ընձեռել զբոսաշրջիկներին համտեսել սյունյաց ավանդական ճաշատեսակները: Նման փառատոների շնորհիվ այս տարի զբոսաշրջությունը կենտրոնացել է հատկապես մարզերում, ասում է «Արենի» փառատոն հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը: «Դա տալիս է հնարավորություն, որպեսզի տեղացիները կարողանան զարգացնել տնտեսությունը և մարդիկ կարողանան ապրել բարեկեցիկ: Ամենակարևորը, որ մարդիկ չլքեն իրենց տարածքները»:

Փառատոնի մասնակիցները կարող են իրենց հմտությունները փորձել գորգագործության, ձեռագործության և այլ արհեստներում: Նախատեսվում է թթի օղու և ավանդական ուտեստների վաճառք: Փառատոնը կնկարահանվի ամերիկյան TRAVEL CHANEL հեռուստաընկերության կողմից, ինչն էլ էլ ավելի կմեծացնի Հայաստանը ճանաչելու հնարավորությունը, ասում են փառատոնի կազմակերպիչները:

Ցուցադրել ավելի
Back to top button