ԿարևորՔաղաքական

Ստեղծվել է Եզդիների փրկության կոմիտե. Շանգալ եզդիները շնորհակալ են ԼՂՀ- ից

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հայաստանի եզդիների համայնքի ներկայացուցիչները, պարզվում է, տարակարծություն ունեն Իրաքի հյուսիսում իրենց հայրենակիցների հանդեպ իրականացվող բռնությունների դրդապատճառների վերաբերյալ: Եթե մի մասը երեկ պնդում էր, որ տեղահանումների, սպանությունների կազմակերպիչները հիմնականում քրդերն են կազմակերպում` Քուրդիստան ստեղծելու նպատակով, ապա այսօր եզդիների մի մասն էլ պնդում է, որ իրենց օգնող քրդեր էլ կան: Իսկ տեղահանումների պատճառը` «Իսլամական խալիֆայություն» ստեղծելու գաղափարն է։

Եզդիները պատրաստվում են դիմել միջազգային հանրությանը՝ Իրաքի Շանգալ եզդիաբնակ մարզ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր ուղարկելու խնդրանքով: Խաղաղապահների պաշտպանության ներքո էլ մտադրվել են նախաձեռնել Շանգալի եզդիների ինքնավար հանրապետության հռչակման գործընթացը: Այս տեղեկությունն այսօր լրագրողներին փոխանցեց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում» ՀԿ ղեկավար Ամո Շարոյանը: Ըստ նրա` տեղահանումների եւ սպանությունների համար մեղավոր չեն կոնկրետ ազգերը կամ խմբավորումները:

Պատասխանատուն այն երկիրն է, որի տարածքում տեղի է ունենում ցեղասպանություն, հայտարարում է Ամո Շարոյանը: Նա տեղեկացրեց, որ մի քանի օր է, ինչ ստեղծվել է եզդիների փրկության կոմիտե, որի անելիքներից մեկը իրավական հարթությունում պայքարն է։ «Կոմիտեում կան նաեւ իրավաբաններ, ովքեր զբաղվում են այդ հարցերով, փաստաթղթեր, նկարներ են հավաքում, որպեսզի հետագայում այդ հարցը դրվի Հաագային քրեական դատարանի քննությանը՝ ցեղասպանությունը ճանաչելու, եզդի ժողովրդին հատուցելու համար»,- ասում է։

Ամո Շարոյանը եւ «Միդիա-Շանգալ»- ի փոխնախագահ Գյուրջիս Քոչոյանը համակարծիք չեն իրենց այն հայրենակիցների հետ, ովքեր պնդում են, թե եզդիների հետապնդումը կազմակերպվում է նրանց բնակավայրերի տարածքում Քուրդիստան ստեղծելու համար, նշում են, որ Քուրդիստանի Ինքնավար Հանրապետություն արդեն գոյություն ունի: Իսկ թե ովքեր են հետապնդումների կազմակերպիչները եւ ինչ նպատակով, առայժմ հստակ պնդումներ չեն անում, միայն վարկածներ են հրապարակում:

Գյուրջիս Քոչոյանի կարծիքով ամենաիրատեսականը «Իսլամական պետություն» ստեղծելու գաղափարն է, «քանի որ այս իսլամիստների հիմնական կորիզը սունիներն են, այսինքն` Սադդամ Հուսեյնի նախկին զորքի մնացորդները։ Չի բացառվում, կարելի է ասել 90 տոկոսով հիմնական աջակցողներից մեկն էլ ով պետք է լիներ: Այս տարածաշրջանում ամենահզոր պետությունը, որոնք սունիներ են, դա Թուրքիան է, ի միջիայլոց»,- ասում է։

Եզդիների փրկության կոմիտեն պարզել է` իսլամիստական խմբավորումներում կռվում են շուրջ 25 պետությունից զինյալներ: Հստակ տեղեկություն չունեն, թե որքան եզդի է մահացել վերջին 15-16 օրվա ընթացքում իրաքյան դեպքերի ժամանակ: Հրապարակում են մոտավոր թիվ` շուրջ 10 հազար, որի հիմնական մասը երեխաներ են: Ամո Շարոյանը այսօր իր շնորհակալական խոսն ուղղեց հայերին` նշելով, որ կարեւորը մարդասիրական օգնության չափը չէ, այլ` վերաբերմունքը:

Հատուկ անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: «Երեկ ԼՂՀ ԱԳՆ մամլո խոսնակը, բնականաբար ԼՂՀ ղեկավարության կողմից, հայտարարեց, որ նրանք պատրաստ են ընդունելու եզդի ժողովրդի փախստականներին: Հայկական երկրորդ հանրապետությունը, որի առջեւ դրված են բազմաթիվ խնդիրներ, պատրաստ է օգնել եզդի ժողովրդի զավակներին, փախստականներին»։

Ամեն դեպքում՝ Հայաստանի եզդիները դժվարանում են ասել` փախստականները կօգտվե՞ն առաջարից, թե՞ ոչ: Այսօր նրանց խնդիրներից մեկն էլ` պատմական, պապական հողերի պահպանումն է եւ վերադարձը այն տարածքներ, որտեղից ֆիզիկական ոչնչացումից փրկվելու համար ժամնանակավոր փախել են:

Ցուցադրել ավելի
Back to top button