ԿարևորՔաղաքական

Մովսես Հակոբյան. ՊԲ- ից լավ խաղաղապահ մեր տարածաշրջանում չի լինի

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը պատերազմի վերսկսմանը սպասում է ամեն օր, ինչի մասին հայտարարել է Ստեփանակերտում՝ հանդիպելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ըստ նախարարի՝ պատերազմի վտանգը ադրբեջանական իշխանության հռետորաբանությամբ է թարմացվում, որի որոշ դրվագներ անհեթեթություն համարելով հանդերձ Մովսես Հակոբյանը համոզված է, որ հակառակորդը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը դեռ ռազմական ուժով լուծելու ճանապարհին է: Պաշտպանության բանկն էլ իր գործունեությունն իրականացնում է դրանից ելնելով. այդ գործունեությունն ուղղված է պատերազմի վերսկսումը բացառելուն` դա հակառակորդին պարտադրելով: 

Այս տարի հակառակորդը դիվերսիոն- հետախուզական ներթափանցման 16 փորձ է ձեռնարկել եւ արժանի հակահարված է ստացել, հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում։ Ավելին՝ հայկական կողմը 7 պատասխան գործողություն է իրականացրել, որոնցից 5- ը, նախարարի գնահատմամբ, բավականին հաջողված էին։

Մովսես Հակոբյանն նշել է, որ Ադրբեջանը պետք է դասեր քաղի վերջին իրադարձություններից։ Այժմ շփման գծում հարաբերական անդորր է։ «Ես կարծում եմ, որ նրանք որոշակի եզրահանգման են եկել, հասկացել են, որ իրենց գործելաոճն արդյունավետ չէ, դրա համար էլ հանդարտվել են: Սակայն միևնույն ժամանակ, սա մեզ չի հանգստացնում և առաջնագծում կանգնած զինվորները շարունակում են ծառայություն իրականացնել նույն ռեժիմով, ինչպես տանում էին վերջին լարված օրերի ընթացքում»,- ասել է Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Հակառակորդի վերջին ագրեսիվ պահվածքի նպատակակետերից մեկը պաշտպանության բանակի հրամանատարը համարում է հայ հասարակության պառակտումը՝ վնաս պատճառելով զինվորին, ընտանեկան ողբերգությունները նպատակ ունեին հակաիշխանական, հակաբանակային տրամադրություններ ստեղծելու համար օգտագործել,- կարծում է Մովսես Հակոբյանը։

Բանակի հրամանատարը հպարտ է իր զինվորներով, ովքեր Հայաստանի Հանրապետության նախագահին հնարավորություն են տվել Սոչիի հանդիպմանը գնալ երկաթե շերեփով: Ռազմական հաջողությունից բացի՝ այդ իրադարձությունները նաև հասարակությանն են համախմբել: Առանց զորահավաքի (դրա հայտարարումը և դրա արդյունքում Հայաստանում և Արցախում իրավիճակի ապակայունացումը, ըստ Մովսես Հակոբյանի, նույնպես ադրբեջանական հարձակումների նպատակներից էին) մարտադիրքեր մեկնեցին հազարավոր կամավորներ, այն դեպքում, երբ իրականում դրա անհրաժեշտությունը չկար:

Ադրբեջանի ձախողումը խանգարեց նախագահ Ալիեւին որոշակի դիվիդենտներով Սոչի ուղարկելը, ասում է Մովսես Հակոբյանը։ Ըստ նրա՝ նախագահների եռակողմ հանդիպումը կարեւոր է, քանի որ ցանկացած պատերազմի և հակամարտության ավարտը բանակցություններն են: «Թե ինչ արդյունք կտա այս հանդիպումը, կարծում եմ, պետք է սպասենք: Ես առանձնապես մեծ ակնկալիքներ չունեմ, քանի որ այս պահին ես չեմ տեսնում, որ Ադրբեջանը ցանկանում է հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով»,- ասել է նա։

Քաղաքական հարցերի Արցախի պաշտպանության նախարարը չպատասխանեց: Այդ համատեքստում անպատասխան չմնացած միակ հարցը՝ խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին։ «Ամենից լավ խաղաղապահը պաշտպանական բանակն է։ Դրա կարիքը մենք չունենք։ Մեզանից լավ խաղաղապահ չի լինի այս տարածաշրջանում»։

Ցուցադրել ավելի
Back to top button