Տնտեսական

Կառավարությունը գնում է արդյունավետ քայլերի, ասում են տնտեսագետները

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը մտահոգություն չունի, որ սահմանամերձ համայնքներում գործունեության համար արտոնություններ սահմանելու դեպքում կարող են լինել դեպքեր, երբ այլ գոտիներում գործող սուբյեկտները պարզապես գրանցվեն սահմանամեձ համայնքներում` արտոնություններից օգտվելու համար։ «Որտեղ որ գրանցվում ես, էդտեղ պետք է գործունեություն ծավալես: Էդպիսի մեխանիզմ կա: Էնտեղ կարելի է մասնաճյուղ ունենալ եւ այլն, բայց դրանք լուծելի խնդիրներ են: Կարեւորն էստեղ այն է, որ գործող օրենքները պետք է համապատասխանեն տվյալ պահի կյանքի պահանջներին»։

Կյանք ասելով` անձնական կյանքը նկատի չունեմ, պարզաբանեց պատգամավորը: Նրա խոսքով` ոչ միայն սահմանամերձ գոտիների մասով, Հայաստանի ամենակարեւոր խնդիրն է` կարողանալ երաշխիքներ ստեղծել, որ մարդիկ ազատորեն եւ վստահաբար ներդրումներ կատարեն։

Տնտեսագետ Վազգեն Սաֆարյանը դրական գնահատեց այն հանգամանքը, որ արտաքին վտանգների պայմաններում խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները կառուցողական մոտեցում են դրսեւորում եւ տվյալ պահին համագործակցում կառավարության հետ: Նրա գնահատմամբ` նման համագործակցությունն արդյունավետ է եւ տալիս է պտուղներ. որոշ հարկատեսակներ իջեցվեցին, սուբսիդավորման տոկոսները ավելացվեցին։ «Սա նշանակում է, որ հնարավորություն կլինի մեր գյուղատնտեսությունն ինչ-որ չափով աշխատեցնելու համար: Լավ է, որ կյանքը բերեց նրան, որ կառավարությունը գնում է արդյունավետ քայլերի: Կարծում եմ, որ այս քայլերը օգուտ կտան: Սահմանային գյուղերից կան դրսում կայացած գործարարներ, որոնք սպասում էին հարմար պահի: Նրանք արտադրություն կարող են կազմակերպել եւ արտադրանքն արտահանել Ռուսաստանի այն քաղաքներ, որտեղ եւ կայացել են: Այդ կերպ կնպաստեն եւ աշխատատեղերի ավելացմանը, եւ արտահանման ծավալների մեծացմանը»,- ասում է։

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի գնահատմամբ` խնդիրները ֆինանսական են եւ դրա համար անհրաժեշտ է, որ վարկային պայմանները բարելավվեն: Ըստ նրա` պետությունը պիտի կտրուկ մեծացնի աջակցողական քաղաքականությունը եւ մեծացնի վստահությունը ներդրողների մոտ: Այս առումով, նրա ձեւակերպմամբ, պետք են ոչ թե կոսմետիկ, այլ՝ արմատական փոփոխություններ թե հարկային քաղաքականության, թե սեփականության անձեռնմխելիության ապահովման ուղղությամբ։

Անդրադառնալով պատժամիջոցների  հետեւանքուվ ռուսական շուկաներում ստեղծված իրավիճակին` բանախոսները կարծիք հայտնեցին, որ Հայաստանը կարող է որոշ ուղղություններով արտահանում ապահովել եւ արտահանման ծավալներ մեծացնել, սակայն դրա համար անհրաժեշտ են լուրջ ու կոնկրետ քայլեր` պետական հստակ երաշխավորությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button