Հասարակություն

Կադաստրի ղեկավարն ամփոփում է գործունեությունը՝ խախտելով «100- օրյա» լռության ավանդույթը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնում Մարտին Սարգսյանի նշանակման 100-րդ օրը թեպետ չի լրացել, սակայն, լրագրողների հետ այսօրվա հանդիպմամբ նա խախտել է 100-օրյա «լռության» ավանդույթը։

Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում թույլ տված թերությունների ու բացթողումների համար համակարգի 2 գնահատող որակազրկվել է: Մարտին Սարգսյանի փոխանցմամբ` եւս 2-ը որակազրկվել են հուլիս ամսին: Կոմիտեի ղեկավարը տեղակացրեց նաեւ, որ գնահատման գործունեություն իրականացնող մեկ ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք` 20.000 դրամի չափով։ «Նաեւ կասեցվել է 21 քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման եւ հողաշինարարության գործունեությամբ զբաղվելու որակավորման վկայականի գործողություն»։

Կոմիտեն ստուգումներ է իրականացրել Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերում, որի արդյունքում Արմավիրի մարզպետի կողմից կայացվել են որոշումներ 5 համայնքների ղեկավարներին ընդհանուր 750.000 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին: Գեղաքունիքի մարզում էլ համայնքների համապատասխան պաշտոնատար անձիք ենթարկվել են վարչական պատասխանատվության 400.000 դրամի չափով:

Մարտին Սարգսյանի խոսքով` կոմիտեի աշխատակազմի ներքին վերահսկողության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա կիսամյակի ընթացքում կարգապահական տույժի է ենթարկվել տարածքային ստորաբաժանումների 13 աշխատակից։

Քաղաքացիներին սպասարկելու որակը բարձրացնելու նպատակով աշխատանքներ են տարվել համակարգի սպասարկման գրասենյակներում քաղաքացիների կողմից կոմիտեի աշխատակիցների ռեյտինգային գնահատման համակարգ ներդնելու ուղղությամբ, վստահեցրեց կոմիտեի ղեկավարը: Մարտին Սարգսյանի փոխանցմամբ` միջոցառումներ են ձեռնարկվում նաեւ իրավունքների առաջին պետական գրանցման շրջանակներում նախկինում գրանցված եւ տարբեր պատճառներով չտրամադրված ավելի քան 42.736 վկայականները համայնքների ղեկավարների օգնությամբ սեփականատերերին հանձնելու համար:

Նախկինում չգրանցված 272.407 միավոր անշարժ գույքի նկատմամբ էլ իրավունքները կգրանցվեն, տեղեկացրեց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարը:

Ցուցադրել ավելի
Back to top button