Հասարակություն

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորեց տանկային բիաթլոնի աշխարհի փոխչեմպիոններին

«Օգոստոս ամիսը վկայեց ինչպես մեր հայրենիքը երիզող մարտական հենակետերում, այնպես էլ միջազգային ասպարեզներում հայ զինվորի ունեցած բարձր պատրաստվածության մասին»,- այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթում հայկական տանկային անձնակազմերին երկրորդ տեղը զբաղեցնելու առթիվ իր շնորհավորական ուղերձում։

«Մերձմոսկովյան ,Ալաբինոե զորավարժարանում, ի տես ողջ աշխարհի, 19-20 տարեկան հայ զինվորները փայլուն կատարեցին տանկավարման ու կրակային դժվարագույն վարժությունները, հաղթահարեցին ամենատարբեր արգելքներ և դաշնակից ու գործընկեր բանակներում վերստին հարգանքով արտասանեցին Հայաստանի Հանրապետություն ու Հայկական բանակ անունները:

Սիրելի տանկիստներ, երեսունվեց տանկային անձնակազմերի միջև լարված պայքարում հաջողությունն ու հաղթողի յուրօրինակ դափնիները դարձան ձեր հրամանատարների արհեստավարժության, անձնակազմի ուսուցումը ճիշտ և հմտորեն կազմակերպելու, իսկ հայ զինվորի կողմից` որևէ դժվարության առջև չընկրկելով առաջադրանքները կատարելու և իր Հայրենիքի անունը բարձր պահելու խորհրդանիշ:

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ` ձեր վարպետության ու նվիրումի համար: Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի յուրաքանչյուր մարտիկ այսօր ցանկանում է նմանվել ձեզ ու Հայրենիքին կծառայի այնպես, ինչպես դուք»,- ասված է ուղերձում։

Ցուցադրել ավելի
Back to top button