Քաղաքական

Հայրիկյանը սեպտեմբերի 8- ին հացադուլ է հայտարարելու

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարեց, որ սեպտեմբերի 8-ից նախագահական նստավայրի մոտ սկսելու է անժամկետ հացադուլ: Հայրիկյանը համաձայն չէ դիտարկումների հետ, որ հացադուլը որպես քաղաքական գործիք արժեզրկված է: «Հացադուլը որեւէ հարցի նկատմամբ ուշադրություն գրավելու ձեւերից մեկն է եւ կարելի է դա օգտագործել` ըստ նախասիրության»,-նշեց է ԱԻՄ առաջնորդը:

Նա հայտարարեց, որ այդպիսով ինքը նպատակ ունի սթափեցնելու օրվա իշխանություններին` իրավիճակը ճիշտ գնահատելու եւ ճիշտ քայլեր կատարելու հորդորով: ԱԻՄ առաջնորդը շեշտեց, որ նախագահի հրաժարականի պահանջը մեկ անհատի կամ մեկ կուսակցության խնդիր չէ եւ դա պիտի լինի հասարակական պահանջ, ինչի համար աշխատանք է պետք:

Պարույր Հայրիկյանը նաեւ տեղեկացրեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ հանդիպելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որի ժամանակ քննարկելու է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքի շիրիմները տեղափոխել հարցը։ Նա կարծում է, որ Ծիծեռնակաբերդի տարածքից շիրիմները տեղափոխելու իր առաջարկը քննադատողները երեւույթից չհասկացողներ են, որոնց պետք է պարզապես հակադարձել բացատրական լրացուցիչ աշխատանքով։ «Ծիծեռնակաբերդում պետք է լինեն միայն 15-23 թթ զոհերի շիրիմներ, եթե կարող են լինել: Կարող են, ասենք, Դեր Զորից բերել ոսկորներ եւ այդտեղ հողին հանձնել: Բայց այդտեղ չպետք է լինի հայ-ադրբեջանական հակամարտության կամ որեւէ այլ, թեկուզ ավելի լուրջ նույնիսկ, ողբերգության կամ հերոսական դրվագի որեւէ հուշարձան»։

Վերադառնալով հացադուլի թեմային` նշենք, որ Հայրիկյանի խոսքով նախագահի հրաժարականի պահանջով իր հացադուլը տարբերվում է: Ըստ Հայրիկյանի` բոլոր քաղաքական ուժերը, երբ խոսել են հրաժարականի մասին, ունեցել են մեկ նպատակ` հեռացիր, մենք կգանք: Մինչդեռ, Հայրիկյանի ձեւակերպմամբ, իր պահանջը անձնական չէ։

ԱԻՄ առաջնորդը եզրափակելով շեշտեց, որ իր հետագա մարտավարության վերաբերյալ այլ բացահայտումներ չի ցանկանում այս պահին կատարել։

 

Ցուցադրել ավելի
Back to top button