Քաղաքական

Եզդիների կոտորածները քաղաքական շահերի բախման հետեւանք է, ասում են Հայաստանի եզդիները

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Իրաքի հյուսիսում եզդիների ֆիզիական ոչնչացման արդյունքում այսօր արդեն կան բնակավայրե,ր որոնք ամայացել են։ Եզդիների մայրաքաղաք համարվող Սինջար քաղաքում այսօր չի մնացել ոչ մի մարդ, նույնիսկ իսլամիստ գրոհայիններ չկան: Նրանք լքել են տարածքը, քանի որ սպանվածների դիակները չեն թաղվել, սկսել են փտել եւ քաղաքում բացի գարշահոտությունից տարածվել են նաեւ հիվանդություններ: Հայաստանի եզդիների առաջնորդները այսօր փորձում են դիմել աշխարհի ղեկավարներին` կանգնեցնելու ողբերգությունը: Բայց եւ նշում են` կատարվածը քաղաքական շահերի բախման հետեւանք է: Ամեն դեպքում՝ Հայաստանի եզդիները ակնկալում են, որ այս հանցագործությունն ի վերջո քննվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, քանի որ Իրաքի նախկին վարչապետը ցանկություն ունի ապացուցել, որ կատարվածը իրենց ձեռքի գործը չէ:

«Մուհամեդ մարգարեն թաղված է արյան մեջ, այսօր՝ կոնկրետ եզդիների»,- հայտարարում են Հայաստանի եզդիների առաջնորդները: Թե որքան եզդի է արդեն սպանվել Իրաքի հյուսիսում, հստակ թվեր հրապարակել չեն կարող, բայց որ դեպքերը տեղավորվում են Ցեղասպանություն եզրույթի մեջ` համոզված են:

Հայաստանի եզդիները պնդում են՝ Իրաքում բնակվող իրենց հայրենակիցները քաղաքական շահերի բախման զոհ են դրաձել: Համոզված են` այն տարածքները, որտեղ իրականացվում է զարհուրելի ոճրագործությունը, հետագայում դառնալու է Քուրդիստան։

Սա ասելով՝ Հայաստանի եզդիների հոգեւոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանը նկատի ունի Միացյալ Նահանգների օգնությունը իբր եզդիներին, որը հասցեական չի եղել եւ բաժին է հասել Մոսուլի քրդերին: Այն, ինչ այսօր կատարվում է Իրաքի եզդիների հետ` լուսանկաները եւ տեսանյութերը, որոնք հրապարակվում են համացանցում, թույլ չեն տալիս քնել Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանին: Նա անընդհատ կապի մեջ է Իրաքի եզդիների հետ, Հայաստանի ղեկավարների հետ եւ ճանապարհներ է փնտրում, թե ինչպես կարող է օգնել իր եղբայրներին: Բայց իրավիճակը ներկայացնելիս՝ չի կարողանում զսպել ցասումը:

Հայաստանի եզդիները շնորհակալ են հայերից` աղետի մեջ գտնվող եզդիներին նախատեսվող օգնության չափը ավելացնելու եւ միջազգային ատյաններում արտաքին քաղաքական գերատեսչության մակադակով խնդիրը բարձրաձայնելու խոստման համար: Հասկանում են, որ ավելին Հայաստանի կառավարությունից պահանջել չեն կարող: Հատկապես, երբ եզդիների հիմնական խնդիրն այսօր զենքն է` Իրաքում ձեւավորված եզդիների պաշտպանական երեք խմբին օգնելու համար:

Ինչ վերաբերում է փախստականներին տարածք տրամադրելուն, ապա Ազիզ Թամոյանի ներկայացմամբ` Իրաքից ոչ մի եզդի Հայաստան չի եկել: Ասում են, որ իրենց ուժերով իրենց տներում կարող են տեղավորել մոտավորապես 100 փախստականի, բայց նման խնդիր դեռեւս չկա` ոչնչացումից փրկվելու համար եզդիների համար միջանցք են բացում դեպի Սիրիա կամ եվրոպական երկրներ:

Ցուցադրել ավելի
Back to top button