Հասարակություն

Ազգային խոհանոցի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ազգային խոհանոցը մշակութային ԵՍ- ի՝ ազգային դիմագծի կարևոր տարրերից է: Մարդիկ իրենց պատկերացումները և նախասիրություններն արտահայտել են ուտեստների միջոցով: Նախկինում և այսօր էլ կան հայկական ընտանիքներ, որոնք ունեն իրենց տոնական ավանդական սեղանը:

Ծիսական ուտեստներն իմաստավորված են և նպատակային: Հայկական ծիսական կերակրատեսակների մեջ մեր գլուխգործոցները շատ են, ասում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը և հավելում, որ ուտեստների միջոցով աղոթք էր հղվում առ Աստված։ Ուստի հասարակական կազմակերպության նախագահի նպատակն է գտնել ծիսական կերակրատեսակների հիմքերն ու բաղադրատոմսերը, ինչն էլ, ըստ նրա, կփոխի վերաբերմունքը հայկական ուտեստների նկատմամբ։ «Բարձրացել է մեր ազգային խոհանոցի նկատմամբ հետաքրքրությունը։ Եվ երիտասարդներն են ձգտում ուսումնասիրել և հմտություններ ձեռք բերել, և մեր հանրության մեջ մեր ազգային խոհանոցի նկատմամբ շատ բարձր պահանջարկ կա և դրսում, և ներսում»,- ասում է Մամուլյանը։

Այն, որ հայակական խոհանոցի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է նաև արտերկրում, փաստում է ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը և թվարկում այն հայկական ուտեստները, որոնք հասել են մինչև մեր օրեր: Խորոված, տոլմա, հարիսա. հայկական կերակրատեսակներ, որոնց ծիսական նկարագրությանն է անդրադարձել նաև Խրիմյան Հայրիկը: Այս ուտեստների հայկականությունը միայն հայերը չեն ընդունում, այլև օտարերկրացիները, ասում է ազգագրագետը։

Մեր ազգային խոհանոցի հիմքում ընկած են հացահատիկավորներից պատրաստված կերակուրները: Յուրաքանչյուր ազգային խոհանոց արտացոլանքն է բնակլիմայական պայմանների: Ինչով որ հարուստ էր մեր բնաշխարհը մեր մամերը դրանք օգտագործել են կերակուրների մեջ: Սակայն միայն դրանով չէ առանձնանում մեր խոհանոցը։ «Բայց մեր խոհանոցը յուրահատուկ է ոչ միայն դրանով: Մեր խոհանոցը յուրահատուկ է, որի շնորհիվ մեր տատիկների, մեր մեծերի կողմից պահպանվեց ծիսական ուտեստը, ծիսական խոհանոցը»

Ամբարելը եւս մեր ազգային խոհանոցի յուրահատկություններից մեկն է: Այն մթերքները, որոնք օգտագործվում են խոհանոցում, կարող են մտնել մառան` սկսած կաթնամթերքից, մսեղենից մինչև բանջարեղեն և հատապտուղներ։ Մեր պաշար անելու մշակույթը վկայում է, որ նախկինում ուտեստին շատ ավելի մեծ դեր ենք տվել: Մեր մեծերը առողջ ապրելակերպի համար պատրաստել են համապատասխան ուտեստներ: Այսօր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահի ցանկությունն է այդ ավանդույթները կիրառել նաև մերօրյա խոհանոցում:

Ցուցադրել ավելի
Back to top button