Հասարակություն

Երիտասարդ քիմիկոսների երեւանյան գիտաժողովը կամ քիմիական արդյունաբերության ապագան Հայաստանում

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

«Քիմիան այսօր» խորագրով երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովն արդեն երեք անգամ անցկացվել է Վրաստանում։ Հայաստանի երիտասարդ քիմիկոսների եւ Վրաստանի պրոֆեսիոնալ քիմիկոսների ասոցիացիաների կողմից կազմակերպված գիտաժողովը որոշվել է 4- րդ անգամ անցկացնել Երեւանում։ Այսօր բացված գիտաժողովին մսնակցում են երիտասարդ քիմիկոսներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Շվեյցարիայից, Գերմանիայից և այլ երկրներից: Միջազգային երիտասարդական գիտաժողովի նպատակն է հնարավոր դարձնել Հայաստանի և արտերկրի երիտասարդ քիմիկոսների միջեւ փորձի փոխանակումը և գիտական շփման հարթակ է համընդհանուր հարցերի քննարկման և դրանց արդյունավետ լուծումների համար:

Երևանի սինթետիկ կաուչուկի կոմբինատ կամ «Նաիրիտ» գիտաարտադրական միավորում, Երևանի ավտոդողերի, Կիրովականի արհեստական մանրաթելերի, Երևանի քիմիական ռեակտիվների գործարանները լայն սպառման տարբեր բնույթի ապրանքներ, վիտամիններ ու ամինաթթուներ էին արտադրում, առաքում և արտահանում Խորհրդային Միության հանրապետություններ և արտասահմանյան շատ երկրներ: Ժողովրդական սպառման ապրանքների ծավալով, քիմիական արդյունաբերության շնորհիվ, Հայաստանն առաջնակարգ դիրքերում էր նախկին Խորհրդային Միությունում: Սակայն այսօր պատկերը փոխվել է, փաստում են գիտնականները:

«Ըստ էության` ես համոզված եմ, որ առանց քիմիական արդյունաբերության, դժվար է բարձրացնել մեր արդյունաբերությունը»,- ասում է ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Լևոն Թավադյան:

Այսօր կան արտադրություններ, որոնք միայն գիտնականների աջակցությամբ զարգացնել հնարավոր չէ, անհրաժեշտ է պետական հոգածություն: Քիմիան Հայաստանում միշտ էլ եղել է զարգացած ուղղություն, սակայն ոլորտի առաջ այսօր ծառացել են լուրջ դժվարություններ։ «Կան շատ լուրջ դժվարություններ` կապված ֆինանսավորման հետ, ենթակառուցվածքների հետ, որովհետև առանց ժամանակակից գործիքների դժվար է իրականացնել մրցունակ աշխատանք»։

Դեղաբանություն, նյութաբանություն, նոր ռեակցիաների հայտնաբերում, անօրգանական մետաղ պարունակող և ոչ մետաղ պարունակող հանքի վերամշակման մեթոդների զարգացում. սրանք Հայաստանի քիմիայի ոլորտում հաջողություն գրանցած ուղղություններն են, սակայն դրանք էլ ավելի զարգացնելու համար պետական աջակցությունը պարտադիր է, ասում է Լևոն Թավադյանը:

Քիմիայի արդի ուղղությունները և հեռանկարները վերհանելու, վերլուծելու և համընդհանուր հարցերի քննարկման համար Հայաստանում կազմակերպվել է Երիտասարդ գիտնականների 4-րդ միջազգային «Քիմիան այսօր» խորագրով գիտաժողովը: Երիտասարդ գիտնականները դեռևս որևէ ներդրում չունեն քիմիական արդյունաբերությունը Հայաստանում զարգացնելու մեջ, սակայն յուրաքանչյուրը պատկերացնում է, որ երբեմնի ունեցած քիմիական հզոր արդյունաբերությունը կկարողանան վերականգնել: «Իհարկե դա շատ դժվար հարց է, սակայն հեռանկարն այդ է, և մենք կփորձենք հասնել դրան»,- ասում է գիտաժողովի մասնակից, երիտասարդ քիմիկոս Անդրանիկ Պետրոսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button