ԿարևորՀասարակություն

Սեւանի մակարդակի տատանումները սեյսմիկ վտանգ են պարունակում, ասում են բնապահպանները

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Սեւանից լրացուցիչ ջուր վերցնելու կառավարության որոշումը ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացրեց եւ հանրության բողոքի արդյունքում կառավարությունը հետ նահանջեց` 5 տարվա փոխարեն լրացուցիչ ջրառը սահմանափակվելով մեկ տարով։ Բնապահպանները, սակայն, զարմացած են. փաստաթղթում նախնական տարբերակում նշաված ջրառի քանակը վերջնական տարբերակում փոխվել է` թիվը բարձրացել է: Այսօր բնապահպանները կրկին ահազանգում են. Սեւանի ջրի մակարդակը կրկին կիջնի` վնաս հացնելով տարբեր ուղղություններով: Նույնիսկ սեյսմոլոգներն են անհանգստացած լճի ջրի մակարդակի անընդհատ տատանումներից:

Բնապահպանները ներկա փուլում մասնագետների ցուցակ են կազմում, որը ներկայացնելու են ՀՀ վարչապետին` Սեւանի հարցով մասնագիտական հանձնաժողով ստեղծելու համար։ Համենայնդեպս՝ վարչապետը նման խոստում է տվել բնապահպաններին: Խնդիրն առաջացել է Սեւանից լրացուցիչ ջրառ իրականացնելու որոշման հետ կապված: Թեեւ բնապահպանների բողոքից եւ պայքարից հետո 5 տարվա ջրառը փոխարինվեց մեկ տարվանով, բայց դա էլ լուրջ հարված կհասցնի Սեւանին, եւ ոչ միայն լճի ջրի մակարդակին։

ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը պնդում է` Սեւանի հետ կապված ցանկացած որոշում ընդունելուց առաջ կառավարությանը երբեք չի հետաքրքրել կատարվելի քայլերի գիտական հիմնավորումները եւ մասնագետների կարծիքը: Էվելինա Ղուկասյանը թվերով փորձում է ապացուցել` անպատասխանատվության պատճառով ջրային ռեսուրսները ապաշնորհ են կառավարվում: «Սեւանը ջրամբար չէ` մեկ բարձրացնում են, մեկ իջեցնում են: Լճում ընդհանրապես ջրային ռեժիմի տատանումները իրենց բացասական հետեւանքներն են ունենում ամբողջ էկոհամակարգի վրա: Հասնել մինչեւ 60 տոկոս ջրային ռեսուրսների կորուստի` նշանակում է պարզապես ջրերը լցնել գետը եւ ուղարկել հարեւան երկրներ: Անհարմար է: Մենք բավականին պարզ բացատրություն էինք տալիս, որ բազմաթիվ տարիների միջին տվյալների համաձայն՝ ջրային հոսքերի առավելագույն մուտքը Սեւանա լիճ եղել է 220 միլիոն խորանար մետր, հետեւաբար, եթե անգամ 240 միլիոն է բաց թողնվելու, դա չի կարող չիջեցնել ջրի մակարդակը»։

Սա ասելով՝ Էվելինա Ղուկասյանը պատասխանում է կառավարության ներկայացուցիչների այն պնդումներին, թե մեկ տարվա ընթաքվում կատարվելիք ջրառը չի իջեցնելու Սեւանի ջրի մակարդակը: Բնապահպանները զարմացել են, թե ինչպես է ստացվել, որ ջրառը թույլատրելու համար «Սեւանի մասին օրենքում» կատարվող փոփոխության ժամանակ, ԱԺ- ում առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախնական 240 միլիոն խորանարդ մետր թույլատրելի սահմանը հանկարծակի բարձրացվել է մինչեւ 270 միլիոն խորանարդ մետրի:

Այն, որ վերջին երկու տարվա ընթացքում լիճն արդեն կրել է վնասներ, պնդում է «Հանուն կայուն մարդկային զարգացման»  ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: «Լիճը կիջնի, 270-ի պարագայում մենք ակնհայտ կունենանք բացասական բալանս: Այսօր արդեն անցյալ տարվա համեմատ 10 սանտիմետրով լիճն իջել է: Նաեւ ասեմ, որ սեյսմոլոգները անհանգստանում են` լճի այդ տատանումները կարող է սեյսմիկ վտանգ առաջացնել երկրում»։

Բնապահպանները չեն հավատում կառավարության այն հիմնավորումներին, թե լրացուցիչ ջրառը ստիպված քայլ է` Արարատյան դաշտավայրը անապատացումից փրկելու եւ ոռոգում կազմակերպելու համար: Ըստ Կարինե Դանիելյանի` կան մի շարք վարկածներ, թե ինչու է կազմակերպվել Սեւանի հանդեպ այս դավադրությունը։ «Մեկը, որ վիլլաները, դաչաները ջրի տակ չմնան, երկրորդը` ջուրը հատուկ բաց են թողնում Հրազդան գետով, որպեսզի աշխատեն ՀԷԿ-երը: Չենք ուզում մտածել, որ դա, իրոք, դավադրություն է: Իրոք, Արարատյան արտեզյան ավազանում այդ ձկնաբուծարանների խնդիրը շատ լուրջ է եւ սա ամենալուրջ էկոլոգիական խնդիրն է այսօր` Արարատյան արտեզյան ավազանի մակարդակի իջեցումը, որի արդյունքում մենք ստիպված ենք իջեցնել Սեւանը»:

Սեւանից լրացուցիչ ջուր բաց թողնելու փոխարեն, թե ինչ կարելի էր անել եւ չի արվել Արարատյան արտեզյան ավազանի սակավաջրության խնդիրը լուծելու համար, Կարինե Դանիելյանը այս պահին դժվարանում է ասել: Պնդում է. նախ պետք է ձեւավորել հանձնաժողովը Սեւանը հետագա ոտնձգություններից փրկելու համար, հետո նոր մտածել անելիքների մասին: Բնապահպանները համոզված են՝ առաջիկա տարվա համար Սեւանից նախատեսված 270 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջրառը կանխել այլեւս չեն կարող, բայց արդեն պետք է պայքարեն հաջորդ տարիների համար։

Ցուցադրել ավելի
Back to top button