Տնտեսական

Հայաստանը պատրաստ չէ եվրոպական շուկա դուրս գալ, կարծում են սոցիոլոգն ու տնտեսագետը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները մեծ վնաս չեն հասցնի այդ պետությանը, կարծում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադառնալով թեմային` նա նկատել է, որ Ռուսաստանը պետության ինքնաբավության չափանիշերում զբաղեցնում է հինգերորդ տեղը: Նա ավելի շատ արտահանում է, քան՝ ներկրում, հետևաբար՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները մեծ վնաս չեն կարող հասցնել այդ պետությանը, նշել է սոցիոլոգը: Նրա կարծիքով` ներկա իրողություններում Հայաստանը կարող է մի քիչ ավելի շատ արտահանում իրականացնել:

Ահարոն Ադիբեկյանի գնահատմամբ՝ եթե հնարավոր լինի վերականգնել «Նաիրիտի» աշխատանքները, ապա այդ ոլորտում արտահանման առումով հրաշալի կլինի։

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի գնահատմամբ՝ սակայն, Հայաստանի համար ճոխություն կլինի, եթե Ռուսաստանը որոշի այստեղ արդյունաբերություն զարգացնել: Ռուսաստանը շնչահեղձ չի լինի, եթե Հայաստանը արտահանում չիրականացնի, հակադարձեց տնտեսագետը։

Դիտարկմանը, թե այդ դեպքում ո՞րն է Մաքսային միությանն անդամակցելու իմաստը՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսպես արձագանքեց. «Մեր առևտրային հիմնական գործընկերը Եվրոպան է, մենք Ռուսաստանի Դաշնությունից 179 մլն դոլարի թանկարժեք մետաղներ ենք ստանում, և մոտավորապես այդքան էլ արտահանում: Մտնելով Եվրասիական տնտեսական միություն՝ մենք հույս ունենք մեր կիսաարտադրանքը արտահանել, քանի որ մեր արտադրանքը Եվրոպային չի հետաքրքրում՝ նրանց ստանդարտներին չհամապատասխանելու առումով»։

Մաքսային միությանն առնչվող նույն դիտարկմանն արձագանքելով` տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշեց, թե բոլոր դեպքերում միությունների ստեղծումը հայտնագործություն կամ նոր պրոցես չէ։ «Հիմա, լավ է, թե՝ վատ, Հայաստանի Հանրապետությունը պատմականորեն գտնվել է Ռուսաստանի Դաշնության ազդեցության տակ. այդ ազդեցության տակ հայ մարդը կարողացել է ապահովել իր բարեկեցությունը»։

Վարդան Բոստանջյանը հավելեց, թե ինքը դեմ չէ, որ Հայաստանի զարգացումն ավելի իմպերատիվ լինի, բայց, տնտեսագետի գնահատմամբ, եվրոպական շուկաներ դուրս գալու համար Հայաստանը պատրաստ չէ:

 

Ցուցադրել ավելի
Back to top button