Մշակույթ

Տարօրինակ վայրում ծնված սիրո պատմություն

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Սիրո խոստովանություն տարօրինակ եւ անպատեհ վայրում. Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի խաղարկային ֆիլմի բաժնի շրջանավարտ Անդրանիկ Հարությունյանի կարճամետրաժ «Արտհոթել» ֆիլմը սիրո մասին է, որը «Մոսկվա» կինոթատրոնում հանձնվեց հանդիսատեսի դատին։

Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ կարճամետրաժ էտյուդի նկարահանման աշխատանքները տևել են մեկ ու կես տարի: Հավաքարար կնոջ և պլաստիկ վիրաբույժի սիրավեպը ծնվում է «Արտհոթելի»… զուգարանում։

Ռեժիսորական լուծումներով ֆիլմում վայրի կինը վերածվում է նուրբ էակի, իսկ կիրթ բժիշկը դառնում սպիտակաձի ասպետ: Ֆիլմում սինթեզված են տարբեր ժանրեր` տանգոյից մինչև օպերա:

«Ֆիլմն ինձ դուր եկավ, հարցեր, բնականաբար, առաջանում են, դա սովորական է, այդպես էլ պետք է լիներ, սակայն ինձ միշտ հետաքրքրում է արդյունքը: Արդյունքը ես շատ դրական եմ համարում և ինքը լուծել էր դրված խնդիրները»,- ասում է կինոքննադատ Հարություն Զուլումյանը։

Ֆիլմի հեղինակ Անդրանիկ Հարությունյանը միջազգային փառատոների մասնակցության որոշակի փորձ ունի: «Վեպ ծիրան» փառատոնում իր յուրատեսակ ֆիլմի յուրօրինակ ռեժիսուրայի համար խրախուսական մրցանակի է արժանացել: Բուլղարիայում նույնպես աչքի է ընկել կինոքննադատ Հարություն Զուլումյանի արվեստանոցի սանը։

Անդրանիկ Հարությունյանի մոտակա ծրագրերում մի քանի երիտասարդ ռեժիսորների ընկերակցությամբ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ոչ պատմական ֆիլմով հանրությանը ներկայանալն է։ Ուզում են ոչ թե պատմական իրադարձությունը «թուրքի ասած բերել մեյդան, այլ մեր օրվա միջավայրում կենցաղով ցույց տալ, որ ցեղասպանությունն ազդել է մեր ազգի վրա»։

«Արտհոթել» 25 րոպեանոց կարճամետրաժ կինոնկարն ընդունվեց ծափողջյուններով, և գլխավոր հերոսուհու դերակատար, ինստիտուտի նախկին շրջանավարտ Քրիստինեի գնահատմամբ սա տաղանդավոր ու խոստումնալից ռեժիսորի բեղմնավոր ճանապարհի սկիզբն է։

Ցուցադրել ավելի
Back to top button