Հասարակություն

Նորօրյա հերոսները՝ սահմանամերձ գյուղերի սահմանապահ բնակիչները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ինչպե՞ս են ապրում ու ի՞նչ են մտածում արդեն քսան և ավելի տարիներ ադրբեջանացիների մշտական կրակոցների տակ ապրող Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները: «Կրակոցներ հնչում են գրեթե ամեն օր, սակայն, հնարավոր չէ դրանց սովորել, ամեն անգամ նախորդից ավելի ուժեղ են կրակում»,- ասում են սահմանամերձ գյուղերի սահամանապահ բնակիչները:

Թե մեծերը, թե փոքրերը գիտակցումեն՝ իրենք են պաշտպանելու հայրենիքը։ Երեխաների առօրյան գրեթե ոչնչով չի տարբերվում հասակակիցների առօրյայից, մինչև այն պահը, երբ լսվում են առաջին կրակոցները։ «Սիրում եմ ֆուտբոլ խաղախ, օգնել մայրիկիս, հայրիկիս, որ մեծանամ ֆուտբոլիստ եմ դառնալու, իմ սիրած ֆուտբոլիստը Ռոնալդինոն է»,- ասում է իննամյա Ալիկը սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքից: Փոքրիկի կյանքն իր հասակակիցների առօրյայից չի տարբերվում մինչև Ադրբեջնանի կողմից լսվում են առաջին կրակոցները: Իրականությունն անմիջապես փոխվում է, երազանքներն էլ մի վայրկյանում հօդս են ցնդում: Նրա, ու ոչ միայն, միակ երազանքն այդ պահին որքան հնարավոր է կրակոցների շուտ դադարելն է:

Իսկ կրակոցները հուլիսի վերջերից սկսած սաստկացել էին: Տեղացիների կարծիքով` դրանք չեն էլ դադարել վերջին 20 և ավելի տարիներին: 19-ամյա Նառան կրակոցներ լսում է ծնված օրվանից, լսում է, սակայն «դրանց չի լինում սովորել, որովհետև ամեն անգամ նախորդից ավելի ուժեղ են կրակում: Հիմնականում կրակում են գիշերը 12-ից հետո և երեկոյան վեցից սկսած»։

Զրուցակցիս ընտանիքը երկու տասնամյակից ավելի է սեփական տանը հանգիստ չի կարողանում նստել՝ ադրբեջանական կրակոցների տհաճ անկանկնկալներն անպակաս են նրանց ընտանիքից: Այս տարվա հունվարից աղջիկն անգամ իր ննջասենյակ չի մտնում, նրանց տունը գյուղի ամենավերջին տունն է, հետևաբար՝ ամենամոտը ադրբեջանական սահմանին ու նրանց դիրքերին։ «Ես այդ ժամանակ տանը չեմ եղել, որ հենց մեր տանն է գնդակը կպել ու հենց իմ սենյակին: Այս տարվա հունվարին, հերթական կրակոցների ժամանակ, մի քանի փամփուշտ մտել էր անկողնուս մեջ: Սարսափելի վախ ապրեցի, դրանից հետո իմ սենյակի դուռն էլ չեմ բացել»։

19-ամյա աղջկա երազանքները դեռ անկատար են, ցանկանում էր բուժքույր դառնալ, սակայն չկարողացավ սովորել՝ ֆինանսների բացակայության պատճառով։ Այսօր էլ, ի դեպ, Նառան պատրաստ է ուսումը շարունակել, եթե իհարկե աջակցողներ լինեն: Տեղեկացնենք, որ 2012թ հունիսի մեկի վաղ առավոտյան Նառայի հայրը՝ Վաչիկ Մելքումյանը, թշնամու գնդակից վիրավորվել էր սեփական այգում աշխատելիս:

Չնայած կրակոցների չդադարող տարափին՝ ոչ միայն այս , այլ նաև մարզի մյուս սահմանմերձ գյուղերի բնակիչները պատրաստ են պաշտպանել իրենց ընտանիքը, հայրենիքը: Մշտապես կրակոցների ու վախի մեջ մեծացած երիտասարդները չեն ցանկանում, որ իենց երեխաներն էլ տեսնեն ու ապրեն այն, ինչ իրենք են տեսել, զգացել ու ապրել։

«Կռիվ լինի՝ առաջինը ես եմ գնալու, առաջինը մեր գյուղացիք են գալու, ոչ մեկ էլ չի գալու պահի, թող ընտանիքս ապահով լինի,ես կգամ կկռվեմ»,- այսպես են մտածում ու այսպես էլ ապրում մեր իրական հերոսները՝ սահմանամերձ գյուղերի սահմանապահ բնակիչները։

Ցուցադրել ավելի
Back to top button