ԿարևորՔաղաքական

Կարեն Պետրոսյանի մահվան հարցով միջազգային հետաքննություն է անհրաժեշտ

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանի գերեվարման եւ մեկ օր անց «հանկարծամահ» լինելու դեպքում գործ ունենք սպանության հետ, համոզված է ԱԺ պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորի համոզմամբ` այս հարցում Հայաստանը պետք է հետեւողական լինի սպանության կասկածները հաստատելու եւ Ադրբեջանին կոնկրետ պատժամիջոցների ենթարկելու համար: Միջազգային մի շարք կառույցներին պատգամավորը արդեն նամակներ է ուղարկել, որոնց կցվել են նաեւ տեսասկավառակներ:

Ընդամենը մեկ օր ադրբեջանական գերության մեջ անցկացրած եւ հակառակորդի պնդմամբ «հանկարծամահ» եղած Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի դեպքն արդեն հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: ԱՄՆ պենդեպարտամենտը ցավակցություն հայտնելով Պետրոսյանի ընտանիքին՝ միաժամանակ կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը «անցկացնել դեպքի խորը եւ թափանցիկ հետաքննություն եւ հրապարակել արդյունքները»:

Դատելով այս արձագանքից՝ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հույս ունի, որ անպատասխան չեն մնա նաեւ իր ուղարկած նամակները: Մի քանի օր առաջ նա նամակով դիմել էր Եվրոպական խորհրդարանի նախագահին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին եւ Կարմիչ խաչի միջազգային կոմիտեի ղեկավարին` ուշադրություն հրավիրելով Ադրբեջանում սպանված Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանի դեպքի վրա։

«Ես ակնկալում եմ, որ նման գնահատականներ հնչեն նաեւ միջազգային եվրոպական կառույցներից եւ ոչ միայն հնչեն դատապարտող գնահատականներ, ինչը վստահ եմ՝ կլինի, այլ նաեւ դրանց հետեւեն կոնկրետ քայլեր, կոնկրետ պատժամիջոցներ Ադրբեջանի հանդեպ: Ի վերջո՝ Ադրբեջանը ԵԽ անդամ երկիր է, ստորագրել է բազմաթիվ կոնվենցիաներ եւ բոլոր այդ կոնվենցիաները խախտում է: Ադրբեջանը ստորագրել է Ժնեւյան կոնվենցիան ուղղակիորեն գերիներին առնչվող եւ դա եւս խախտում է: Սա առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանը հայ գերուն ուղղակի կտտանքների է ենթարկում»։

Եվրոպացի պաշտոնյաներին ուղղված նամակներին պատգամավորը կցել է նաեւ տեսասկավառակներ, որտեղ ներկայացված են ադրբեջանական զինուժի կողմից Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանին նվաստացումների ենթարկելու կադրերը, ինչպես նաեւ հենց ադրբեջանցի գյուղացիների պնդումները, որ Կարեն Պետրոսյանը չի եղել զինվորական համազգեստով, եղել է սովորական քաղաքացի, որ իրենցից թեյ եւ ծխախոտ է խնդրել: Պատգամավորը պնդում է` Հայաստանը պետք է հասնի նրան, որ այս հարցով նշանակվի միջազգային փորձաքննություն։

«Հնարավորինս արագ պետք է հասնենք նրան, որ Կարենի դին տեղափոխվի Հայաստան եւ նշանակվի դատաբժշկական փորձաքննություն եւ այնուհետեւ փորձենք իրավական հարթությունում հասնել նրան, որ Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի: Ես կարծում եմ, որ Կարենի հարազատները նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ կներկայացնեն եւ ուզում եմ հավատալ, որ մենք կկարողանանք խնդիրն իր ավարտին հասցնել»։

Նաիրա Զոհրաբյանը չի բացառում, որ հետագա բարդություններից խուսափելու նպատակով Ադրբեջանը հնարավորինս կձգձգի հայ գերու դիակի վերադարձը` դատաբժշկական աշխատանքներին խոչընդոտելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button