ԿարևորՔաղաքական

Ամփոփումների ամփոփումը. կրեատիվ մոտեցումների պակաս չկա

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում նոր ձեավորված կառավարությունը շուրջ 2 շաբաթ առաջ հաստատեց 2014 թվականի իր գործունեության միջոցառումների վերանայված ծրագիրը: Դրան զուգահեռ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց գերատեսչությունների գործունեության 100 օրը լրանալու կապակցությամբ պարտադիր հանդես գալ հաշվետվություններով` հերթով ու մանրամասն ներկայացնել կատարվածը, կատարվելիքը, նաեւ չկատարվածն ու դրա պատճառները։

Նոր կառավարությունում նորանշանակ 8 նախարար կա, եւս 10-ը վերանշանակված են: Նրանց մեջ նորահայտ դեմքեր են միայն 2-ը` առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ու սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Նոր կառավարության անդամների մի մասը շտապեց հետեւել վարչապետի հանձնարարականին: Առաջինն իր կարեւորությամբ էլ առաջին կառույցներից մեկի ղեկավարը հանդիպեց լրագրողների հետ` առողջապահության նախարարը: Արմեն Մուրադյանը խոսեց երկար, հանգամանորեն, սուր հարցերից չբարկացավ, կոռուպցիայից խոսել չխուսափեց: Խոստացավ` լրագրողների հետ հանդիպմանը բաց է, ամենասուր հարցերին ամենաշատն է սպասում։

Սահմանային նոր լարվածության համատեքստում ոչ նոր նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին հանդիպման հրավիրեց: Վերանշանակումից հետո եռամսյա աշխատանքի ամենակարեւոր ձեռքբերումը` պաշտպանության նախարարն առանձնացնում է` ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանքով բանակում մեկ մահ է գրանցվել: Սա նշանակում է կորուստների գրեթե բացառում: Բանակի մարտունակության մասին նոր ասելիք չկա, հին ասվածի հաստատումն է` չափազանց կարեւոր` հայ զինվորն ամուր է իր դիրքում: Մարտական խնդիրների մասին շատ բան, սակայն, չի ասվում, չպետք է ասվի: Սեյրան Օհանյանը դեպի հարեւան, ոչ բարեկամ երկիր առաքումների մի ծրագիր ունի` «3 տոննա լապշա» այն ադրբեջանցիների ականջներին, որոնք չեն ընկալում իրականությունը։

Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի պաշտոնում նոր նշանակված Երվանդ Զախարյանը նոր մոտեցում ցուցաբերեց, լրագրողներին հանդիպեց ոչ իր առանձնասենյակում: Մեկնեց Երեւանի ջերմաէլեկտրակայան: Նորարարությունը սրանով ավարտվեց, քանի որ հին խնդիրները հերթ չեն տալիս: Համակարգում արմատացած խնդիրները նորի միայն մի տեղ են թողնում` նոր վարկեր գտնել՝ հին պարտքերը մարելու համար։

Նոր ծրագրերի մասին նորովի խոսելու նոր տարբերակով առանձնացավ բնապահպանության նախարարը: Բնապահպանական խնդիրների մասին` բնության գրկում, ավելի ուշ լրագրողներին բացատրեց Արամայիս Գրիգորյանը` ի պատասխան հարցի` ինչու էր պետք միայն ամփոփիչ ասուլիսի համար անցնել Խոսրովի արգելոց տանող շուրջ 3 ժամվա անբարեկարգ ճանապարհը շոգ ավտոբուսներով: «Այս հարյուր օրը շատ արագ անցավ»,-խոստովանեց նախարարը ու խոսեց եթե ոչ հարյուրավոր, ապա տասնյակ խնդիրներից, որոնց այս ընթացքում հասցրել է ծանոթանալ, ու որոնց մասին շարունակ ահազանգում են մամուլն էլ, բնապահպաններն էլ։

Կրեատիվությամբ չզիջեց արդարադատության նախարարը: Նախարարի անունից հրավիրված ասուլիսին ինքը` նախարարը, ներկա չէր: Կազմ ու պատրաստ բոլոր փոխնախարարներն էին սպասում: Պետական կառույցի պատերից դուրս` ոչ երաժշտական մթնոլորտում, բայց ջազ ակումբում հրավիրված ասուլիսին Հովհաննես Մանուկյանը ներկայացավ հաշվետվության կեսից, տեղ զբաղեցրեց լրագրողների շարքում ու իր հերթին սկսել հարցեր տալ: Հետո բացատրեց` սա ոչ թե նախարարի, այլ նախարարության ասուլիսն էր, թող պարզ դառնա, թե ինչ որակյալ թիմ է հավաքվել: Լրագրողների հարցերը նախարարին չհասան, դրանք արդեն սպառվել էին, բայց կարեւորը ներկայացվեց, իհարկե: Վարորդներից մինչեւ ցմահ դատապարտյալներ, բանկերին ու նոտարին առնչվող քաղաքացիներ. բոլորի իրավունքներն այսուհետ պետք է ավելի բարելավված օրենքներով ամրագրվեն։

Ֆինանսների նախարարի հաշվետվությունն էլ եղավ, բայց` կառավարության նիստի ընթացքում: Ասելիքը շատ էր, ծանր, հարկային եկամուտները զգալիորեն կրճատվել են, հայտարարեց Գագիկ Խաչատրյանը: Լրագրողները, սակայն, հարցեր ուղղելու հնարավորություն չունեցան. նիստին նրանք օն-լայն են հետեւում:

Մշակույթի նախարարը մյուսներից ետ չմնաց: Հասմիկ Պողոսյանը երեւանյան բոլոր հարթակներից դուրս ամփոփեց երեք ամիսը` Ծաղկաձորում` մարզային թանգարանում:

Ամենահանդիսավորը, թերեւս, արտակարգ իրավիճակների նախարարի ամփոփումն էր` ուսումնական վարժանքի շրջանակներում, որտեղ նորագույն հագեցվածությունն էր աչք շոյում: Առանց հաշվետվության, բառերից առաջ սա է ձեռքբերումների առաջին ապացույցը, շեշտեց Արմեն Երիցյանը: Սա էլ թող լինի վարչապետի հանձնարարականի կատարումը` հենց վարչապետի ներկայությամբ։

Մյուս 10 նախարարների ամփոփիչ ասուլիսներին լրագրողները դեռ սպասում են: Թե նոր հանդիպումները նորարարական ինչ ձեւաչափով կմատուցվեն, դեռ պարզ չէ, բայց այս ամենից էլ թերեւս կարեւոր է մի հանգամանք: Ներկայացված գրեթե բոլոր պաշտոնյաները խոսում են քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդիականացումից` էլեկտրոնային առողջապահություն, էլեկտրոնային նոտար, որոնք կրճատում են սեփական գրպանի հանդեպ հնարավոր ֆինանսական ռիսկերը: Դա էլ թույլ է տալիս վստահորեն նոր կիսամյակում նոր նորարարությունների սպասել:

Back to top button