Որտեղ է հին Երեւանը. զբոսաշրջիկներին ամենահետաքրքրող հարցը


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Թուրքիա, Եգիպտոս, Արաբական Էմիրություններ և Աջարիա. այստեղ են մեր հայրենակիցներն այս տարի անցկացնում ամառային հանգիստը: Նախընտրությունն այս երկրներին է տրվում մատչելության պատճառով, ասում է տուրիստական ընկերության մենեջեր Արսեն Յոմարդյանը: Իսկ ազգային արժեքների պահպանման ճակատ հասարակական կազմակերպության համակարգող Սևան Աղաջանյանի համար Անթալիայում հանգստանալն անընդունելի է, քանի որ դրանով զարկ ենք տալիս նրանց սպառազինմանը։ «Կարելի է հանգստանալ Հունաստանում կամ Վրաստանում: Անթալիան պետք է բոյկոտել: Մարդու հիմնարար ազատություններն են, իհարկե, մենք չենք բռնանում մարդկանց վրա, ուղղակի մեր հորդորն է չհանգստանալ տվյալ պետությունում, որովհետև մենք խնդիր ունենք։ Թշնամի պետություն է մեզ»,- ասում է Չնայած որ Անթալիայում հանգիստ կազմակերպելը մատչելի է, իսկ սպասարկումն էլ բարձր, այնուամենայնիվ՝ պետք չէ զարկ տալ նրանց տնտեսությանը, կարծում են երիտասարդները:
Էկզոտիկ երկրներում հանգիստ կազմակերպելու համար մեր համաքաղաքացիները, ըստ տուրիստական կազմակերպության մենեջերի, նախընտրում են Մալդիվյան կղզիները, Շրի Լանկան և Թաիլանդը:
Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Ֆրանսիա. սրանք այն երկրներն են, որի բնակիչները գերադասում են գալ և տեսնել պատմական Հայաստանը: Տուրիստական կազմակերպության մենեջերը շատ է ցավում, որ հին Երևանից գրեթե ոչինչ չի պահպանվել: Զբոսաշրջիկների մեծ մասը մեր երկիր է գալիս հին Հայաստանը տեսնելու նպատակով: «Ասում են դուք ունեք 2791 տարեկան Երևան: Ցույց տվեք ձեր հին Երևանից գոնե 500 տարվա մշակութային արժեքներ կամ շենքեր: Ես չեմ կարողանում նրանց այդ հարցին պատասխանել»,- ասում է Յոմդարյանը։ Եղած հին էլ, ըստ նրա, վերափոխվել է այնպես, որ հազիվ թե կարելի է նշմարել նրա հին արժեքը:
Հայաստանում հանգստանալը շատերիս մոտ ձևավորել է այն կարծիքը, որ թանկ հաճույքների շարքից է: Սակայն եթե համեմատենք հայկական հյուրանոցները վրացական համարժեք հյուրանոցների հետ, ապա պատկերն այլ կլինի, վստահեցնում է Արսեն Յոմարդյանը և հավելում`մեզ մոտ սպասարկման որակն է վա։
Ներգնա զբոսաշրջությունը զարգացնելու համար մեր պետությունը պետք է լիցենզավորի ներգնա և արտագնա զբոսաշրջությամբ զբաղվող ընկերություններին, որպեսզի համապատասխան որակավորմամբ մասնագետներ ներգրավվեն գործում: Հայաստանում ներգնա զբոսաշրջությունը զարգացնելու համար անհրաժեշտ են որոշ քայլեր։ «Մենք չունենք զբոսաշրջային նշաններ, որոնք տարածված են ամբողջ աշխարհում: Այսինքն` մենք, հասնելով զբոսաշրջային ինչ- որ վայր, չենք կարող իմանալ որ ուղղությամբ գնալ, քանի՞ կմ է, ո՞ ր ուղղությամբ ի՞նչ ռեստորան կամ սրճարան կա, ճանապարհն ի՞նչ վիճակի է: Այսպիսի զբոսաշրջային նշանները ճանապարհային երթևեկության նշաններրի ցանկից բացակայում են»։
Որպեսզի Հայաստանում հանգստանալը լինի բոլորի համար մատչելի, տուրիստական կազմակերպության մենեջերն առաջարկում է ստեղծել զբոսաշրջային տներ։ «Դիլիջանում այսօրվա դրությամբ շատացել են այնպիսի դեպքերը, որ կոնկրետ Դիլիջանում մարդիկ առաջարկում են իրենց տները օրավարձով 4000-5000 դրամ, որը բավականին մրցունակ է կոնկրետ Վրաստանի նմանատիպ քաղաքների զբոսաշրջային տների գների հետ»:
250 հազար դոլար արժողությամբ բիո զուգարաններն էլ բոլորովին չարդարացրեցին սպասելիքները: Տուրիստական կազմակերպության մենեջերի խոսքով` այդ գումարներով կարելի էր կառուցել բազմաթիվ հասարակական զուգարաններ, որոնք ավելի անհրաժեշտ կլինեին զբոսաշրջիկներին: Հայաստանում կազմակերպվում են բազմաթիվ փառատոններ, սակայն տվյալ վայրերում չկան հասարակական զուգարաններ։