ԿարևորՎերլուծականՏնտեսականՔաղաքական

Հայ- վրացական հարաբերությունները՝ ՀՀ- ի ԵՏՄ անդամակցությունից հետո. հայացք Թբիլիսիից

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի

Վրաստանում փորձում են կանխատեսել` ինչ տեղի կունենա, երբ Հայաստանը անդամակցի Եվրասիական միությանը, իսկ Վրաստանը Եվրամիության հետ ազատ առևտրի գոտի մտնի: Արդյո՞ք կպահպանվի երկու երկրների միջև առկա ազատ առևտրի ռեժիմը:

Հայաստանի ու Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ապագան դեռ հստակեցված չէ, կան հակասական կարծիքներ: Ամեն ինչ կախված է Ռուսաստանից «Ռադիոլուրին» ասաց «Նոր տնտեսական դպրոց» ոչ կառավարական կազմակերպության փոխնախագահ Գիա Ջանդիերին։ «Ռուսական կողմը ճնշում կգործադրի Հայաստանի վրա, որպեսզի Վրաստանի հետ վարի այն մաքսային քաղաքականությունը, որը ինքն է վարում այսօր»:

Ռուսատանի կառավարությունը այն բանից հետո, երբ Վրաստանը անցյալ ամիս վավերացրեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, հայտարարեց, որ դուրս է գալիս Վրաստանի հետ դեռ 1994թ․ կնքված ազատ առևտրի ռեժիմից: Սակայն տնտեսագետը կարծում է, որ դժվար թե Հայաստանի ու Վրաստանի կառավարություններում մարդիկ գտնվեն, ովքեր չցանկանան պահպանել երկու երկրների միջև գործող ազատ առևտրի ռեժիմն ու բարեկամական հարաբերությունները:

Իսկ ինչ վերաբերում է խոսակցություններին, թե Ասոցացման համաձայնագրի վավերացումից ու Եվրամիության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելուց հետո հայկական ապրանքների նկատմամբ Վրաստանում կբարձրացվեն մաքսատուրքերը, պաշտոնական Թբիլիսին դեռևս այս հարցում  հստակություն չի մտցրել: Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Կախա Գոգոլաշվիլիի կարծիքով՝ «Այստեղ ավելի շատ սպասում են, թե Մաքսային Միությունը, անդամ երկրները ինչ են պահանջելու Հայաստանից Վրաստանի վերաբերյալ»:

Իշխող կոալիցիայի անդամ Հանրապետական կուսակցության ղեկավարներից Լևան Բերձենիշվիլին ավելի վաղ «Ռադիոլուրի» հետ զրույցում հույս էր հայտնել, որ երկու երկրների միջև գործող ազատ առևտրի ռեժիմը կպահպանվի։ Ըստ նրա՝ որոշ փոփոխությունների շնորհիվ կարելի է հարցերը կարգավորել: «Ես վստահ եմ, որ Հայաստանի ու Վրաստանի միջև ոչ մի խնդիր չպետք է լինի: Մենք դրանք կլուծենք մեր բարեկամության շնորհիվ: Անկախ նրանից, թե ինչ միությունների կանդամակցեն մեր երկրները, մենք միշտ կմնանք բարեկամներ ու կանենք ամեն ինչ ունենալու տնտեսական լավ հարաբերություններ»,- ասել էր Բերձենիշվիլին։

:

Ցուցադրել ավելի
Back to top button