Հասարակություն

ԵՄ Թվինինգ ծրագրերն ամենահաջողը Հայաստանում են իրականացվել

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Եվրոպական Միության կողմից հրավիրված անկախ փորձագետներն ուսումնասիրել ու պարզել են, որ Հայաստանում Թվինիգ ծրագիրն արդյունավետ է իրականացվել, այսօր հայտարարել է Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։ Նա վստահեցրել է, որ Թվինինգ ծրագրի շրջանակներում համագործակցությունն ու ֆինանսավորումը ԵՄ հետ շարունակվելու է: Էկոնոմիկայի փոխնախարարն ու արդարադատության նախարարն այսօր մասնակցել են ևս մեկ Թվինիգ ծրագրի պաշտոնական փակման արարողությանը: Ծրագիրն իրականացվել է արդարադատության նախարարությունում և նախարարության «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։

Երկու տարի և մեկ միլիոն եվրո. Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող ևս մեկ Թվինիգ ծրագիր այսօր ավարտվեց: Այն իրականացվել է արդարադատության նախարարությունում և նախարարության «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում: Կենտրոնի տնօրեն Լիանա Աբովյանը արդյունավետ է գնահատում աշխատանքային տարիները, կարևորում համագործակցությունը Եվրամիության գործընկերների հետ, հայ մասնագետները նաև եվրոպական փորձն են փոխանակել ու ներդրել Հայաստանում։

«Օրինակ՝ ներդրվել է թարգմանչական պատվերների կառավարման համակարգ, որը թույլ է տալիս ապահովել թարգմանությունների պատվերների հետագծելիությունը՝ պատվերների մուտք լինելու պահից սկսած մինչև պատվիրատուին հանձնելը: Ցանկացած փուլի ցանկացած պահի կարող ես տեսնել ինչ վիճակում է, ինչ է կատարվել: Այն նաև թարգմանությունների պահոց է, արխիվ, արագ որոնման միջոցով կարելի է ստանալ թարգմանությունը, որը տարիներ առաջ է կատարվել»,- պատմում է Լիանա Աբովյանը։

Ոլորտի պատասխանատուն՝ արդարդատության նախարար Հովհաննես Մանուկյանը, արդյունավետ է գնահատում ծրագիրը, կարևորում միջազգային համագործակցությունը: Ծրագիրը թարգմանչական կարողությունների զարգացմանն է նպաստել։ «Արդարադատության նախարարությունում իրականացված Թվինինգ ծրագիրն այսօր փակվելով՝ գալիս է համալրելու այն շատ հաջողված Թվինինգ ծրագրերը, որոնք մենք իրականացրել ենք ՀՀ-ում: Եվրոպական Միության աջակցության գործիքներից ամենաերկարաժամկետն ու իր ծավալով ու խորությամբ ամենախոշորներից մեկը հենց Թվինինգ ծրագիրն է»,- ամփոփելով Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը ընդգծեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Նա նաև տեղեկացրեց՝ Եվրոպական Միությունն անկախ փորձագետներ է հրավիրել, ովքեր ուսումնասիրել ու պարզել են, որ Հայաստանում Թվինիգ ծրագիրն առավել արդյունավետ է իրականացվել: Թվինիգ տասը ծրագիր հաջողությամբ ավարտվել է, դրանք իրականացվել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, էկոնոմիկայի նախարարությունում, մտավոր սեփականության գործակալությունում և շուկայի վերահսկողության պետական տեսչությունում, քաղաքացիական ավիացիայի ոլորտում, ԱՎԾ-ում, գյուղատնտեսության նախարարությունում, ՏՄՊՊՀ-ում , նախկին ՊԵԿ- ում՝ այժմ արդեն ֆինանսների նախարարությունում, և ինչպես արդեն նշեցինք արդարադատության նախարարությունում:

«Ունենք երկու ծրագիր, որոնք իրականացվում են ՀՀ-ում՝ բնապահպանության նախարարությունում և միգրացիոն պետական ծառայկությունում: Երկու ծրագրի նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվում են՝ ԿԳՆ-ում՝ ծրագիր կսկսենք Բոլոնիայի գործընթացի մասով և ֆինանսների նախարարությունում՝ պետական ֆինանսների կառավարման ոլորտում նույնպես կսկենք: Երկու ծրագրերի մեկնարկը՝ 2014-ին : Նախապատրաստական փուլում են ևս մի քանի ծրագիր, ԱՎԾ-ում նախատեսումե նք ևս մեկ ծրագիր իրականացնել»,- ասում է Էկոնոմիկայ փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

Արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոնն աշխատում է ոչ միայն ԵՄ հետ: Տարեսկզբից կանոնադրությունում փոփոխություններ են կատարվել և կենտրոնը թարգմանում է նաև բոլոր այն փաստաթղթերը, որոնք կապված են Եվրասիական տնտեսական միության հետ: Թարգամնությունների կենրտենի տնօրեն Լիանա Աբովյանը դժվարանում է ասել, թե փաստաթղթերի որ տոկոսն են թարգմանել։ «Անցյալ տարի թարգմանել ենք մոտ երկու հազար էջ, այս տարի ունենք ավելի քան 20 հազար էջի պատվեր ԵՎՐԱԶԷՍ-ի շրջանակներում՝ դրանք նաև մեր իրավական ակտերն են»։

 

Ցուցադրել ավելի
Back to top button