Քաղաքական

«Արի տուն» ծրագրով Հայաստան են եկել նաեւ Թուրքիայի իսլամացած հայերը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Այս տարի առաջին անգամ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով Հայաստան է այցելել իսլամացած հայերի պատվիրակությունը Դիարբեքիրից` պատմական Տիգրանակերտից: Պատվիրակության անդամներից մեկն այսօր հանդիպել է լրագրողների հետ եւ ներկայացրել իր նախնիների պատմությունը, խոսել իսլամացած հայերի խնդիրների մասին: Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի կարծիքով` մեզ համար իսլամացած հայերի խնդիրը ռազմավարական նշանակություն ունի եւ նրանց հետ անհրաժեշտ է հաստատել մշակութային կապեր` օգնելով դառնալ դեպի սեփական արմատները։

Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի խոսքով՝ երբ նախարարությունն առաջին անգամ նախաձեռնեց ծպտյալ հայերին կամ իսլամացած հայերին նվիրված համաժողով, պարզվեց, որ Հայաստանում արդեն կան նվիրյալներ, ովքեր խնդրով հետաքրքրվել են Արեւմտյան Հայաստան այցելելով:

Հայտնի էր դարձել, որ այստեղ գտնվել են մարդիկ, ովքեր մոտեցել ու խոստովանել են, որ իրենք հայեր են, սակայն վախենում են դրա մասին բարձրաձայնել: Միտք է հղացել Հայաստան հրավիրել այն տարածաշրջաններից իսլամացած հայերի, որտեղ անհամեմատ ավելի ազատ են եղել թուրքական իշխանությունների բռնաճնշումներից, ունեն ազատ մտածողություն եւ շատ անգամ ըմբոստացել են իրենց ազգային իրավունքների ոտնահարման դեմ: Այդպիսի մի տարածք էր պատմական Տիգրանակերտ մայրաքաղաքը` ներկայիս Դիարբեքիրը, որի քաղաքապետը բազմիցս հակադրվել էր թուրքական քաղաքական իշխանություններին, նույնը արել էին նաեւ մշակույթի գործիչները։

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, որ հաճախ է լինում Արեւմտյան Հայաստանում, նշեց, որ տարիներ առաջ իսլամացած հայերի մասին խոսելիս դժվար էր պատկերացնել, թե ինչ ծավալի մասին է խոսքը: Վերջին տարիներին, երբ որոշակի «ձնհալ» նկատվեց Թուրքիայում, հասկանալի դարձավ, որ ամբողջ ներկապնակում ծպտյալ հայերի ամենաարտահայտված համայնքը Դիարբեքիրում է: Հենց այստեղ նրանք սկսեցին ակտիվություն ցուցաբերել։

«Խնդիրներ, իհարկե, դեռ կան եւ չի կարելի ասել, թե բոլոր վտանգները, որոնց պատճառով այստեղ հայությունը կրոնափոխ է եղել եւ ինքնությունը թաքցրել, անցել են: Ամեն դեպքում, դեռ անցյալ տարի Ստամբուլում կազմակերպված ծպտյալ հայերի ֆորումում հնչեցվել են թվեր եւ, ըստ Արագած Ախոյանի, նրանց իրենց ինքնությանը բերելու աշխատանքները պետք է վարել` Թուրքիայի այսօրվա քաղաքականությունից օգտվելով:

Գաֆու Օհանեսօղլուն կամ մկրտության անունով` Օհանես Օհանյանը Դիարբեքիրից է: Ասաց, որ իր տոհմի պատմությունն իրենց ընտանիքում փոխանցվել է մեծերից: Ինքը դեռ փոքր տարիքից է իմացել, որ ունի հայկական արմատներ: Այս գիտակցմամբ կամավոր մասնակցել է Սբ Կարապետ եկեղեցու վերականգնմանը, ապա եւ կնքվել: Ընկերներից ոմանք էլ կնքվել են Էջմիածնում։ Ուրախ է, որ Հայաստանում է:

Սա Հայաստան իր երրորդ այցն է: «Այս պահին Հայաստանում ապրող հորեղբոր տղաներ ունեմ: Ցեղասպանությունից մեր ընտանիքից ազատվել է ընդամենը երեք երեխա: Նրանցից մեկին մայրը Սիրիա է փախցրել, որտեղից եկել եւ հաստատվել են Հայաստանում: Մյուս երկու երեխաները Արեւմտյան Հայաստանում են մնացել եւ կարողացել են իրենց կյանքը շարունակել բռնի իսլամացումով»։

Օհանեսն ասաց, որ առաջին անգամ Հայաստան գալով կրկնակի խանդավառություն է ապրել, նախ, որ Հայաստանում է եւ երկրորդ, որ կարողացել է վերջապես տեսնել իր հորեղբոր տղաներին: «Եթե այսքան տարիներ հետո հնարավոր է կտրված կապը վերականգնել, ես հավատում եմ, որ մեր ինքնությունը հնարավոր կլինի վերականգնել մինչեւ վերջ եւ լինել միասին»,- իր խոսքը եզրափակեց իսլամացած հայը:

Ցուցադրել ավելի
Back to top button